Գյումրիում ուղերձ է ընդունվելՙ ուղղված երկրի իշխանություններին
Դեկտեմբերյան երկրաշարժի 19-րդ տարելիցի նախօրյակին Գյումրիում աղետի գոտու հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ մտավորականներ, հասարակական գործիչներ, գործարարներ եւ տեղական իշխանության ներկայացուցիչներ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած ժողովում ընդունել են ուղերձՙ ուղղված ՀՀ նախագահին, կառավարությանը, Ազգային ժողովին ու բոլոր պատգամավորներին, տեղական, օտարերկրյա եւ միջազգային կազմակերպություններին, Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին:
Ինչպես նշվում է ընդունված փաստաթղթում, չնայած 88-ի դեկտեմբերի 7-ի աղետից հետո անցած 19 տարիների ընթացքում իրականացված վերականգնողական աշխատանքների հսկայական ծավալներին, այսօր միայն Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթեւան ընտանիքների թիվը կազմում է 3972, այդպիսով մոտավորապես 16-18 հազար մարդ կամ Գյումրու բնակչության 13-14 տոկոսը 19 տարի ապրում է քայքայված, խարխլված տնակներում, վաղուց անտանելի պայմաններում: Բացի այդ, Գյումրու անօթեւան ընտանիքների թիվը օբյեկտիվորեն աճի միտում ունի այն ընտանիքների հաշվին, որոնք տարբեր պատճառներով առայժմ չեն հաշվառվել որպես անօթեւաններ: Զգալի թվով անօթեւաններ քայքայված տնակներում են ապրում նաեւ աղետի գոտու այլ բնակավայրերում: Այսպիսով, ինչպես նշվում է, պետությունը դեռ չի կատարել իր պարտքը բնակարան կորցրած ընտանիքների հանդեպ: Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակարանների գնման վկայագրերի ծրագիրը եւս անզոր է լուծելու բնակարանային խնդիրը Գյումրիում, այս ծրագիրը կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ ուղեկցվի ինտենսիվ շինարարական եւ ամրացման աշխատանքներով ու նպատակային վարկային ծրագրերով:
Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ աշխատանքային միգրացիայի եւ գործազրկության մակարդակը Գյումրի քաղաքում մնում է խիստ բարձր, իսկ գործարարության զարգացման անցած տարիների եւ առկա տեմպերը տեսանելի ապագայում այդ մակարդակի շոշափելի նվազում չեն խոստանում:
Հաշվի առնելով առկա խնդիրները եւ համոզված, որ դրանց լուծման համար միայն համակարգային մոտեցումներ են հարկավոր, ուղերձի հեղինակներն անում են մի շարք առաջարկություններ: Փաստաթղթում մասնավորապես կարեւորվում է ՀՀ պետական բյուջեից եւ բոլոր հնարավոր ֆոնդերից հինգ տարի շարունակ, սկսած 2008 թվականից, բավարար գումարների հատկացումը Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար տարեկան շուրջ 800 բնակարան կառուցելու, Գյումրիում գտնվող եւ արտադրական գործունեություն ծավալող ընկերություններին որոշակի ժամանակամիջոցում հարկային արտոնությունների տրամադրումը, 2008 թվականին Շիրակի մարզի զարգացման պետական հեռանկարային ծրագրի ստեղծումն ու ընդունումը, խնդրի լուծման համար հնարավոր օժանդակությունների ներգրավումը, այդ թվումՙ համահայկական դրամահավաք-մարաթոնի անցկացումը եւ այլն:
Ուղերձի հեղինակները նաեւ իրենց պատրաստակամությունն են հայտնում ըստ հնարավորին նպաստելու եւ մասնակցելու բոլոր նշված խնդիրների լուծմանը:
Գ. Մ.