«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2007-12-05 | #225, 2007-12-06 | #226, 2007-12-07


ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՊԵՍ ՄԵՆՔ ԷԼ ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվաՙ դեկտեմբերի 9-ի նախաշեմին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակեց վերջերս անցկացրած հասարակական հարցման արդյունքները, համաձայն որոնց բոլոր երկրների քաղաքացիների համար քաղաքական կուսակցություններն ու խորհրդարանները դեռեւս մնում են առավել վարկաբեկված մարմինները: Հարցմանը մասնակցած 60 երկրների 63199 քաղաքացիներին տրվել են հետեւյալ հարցերըՙ ո՞ր մարմիններն են ամենից շատ կաշառք պահանջում, ո՞ր ոլորտներն են ավելի կոռումպացված, ի՞նչ եք կարծում կոռուպցիայի հետագա զարգացումների վերաբերյալ, կառավարությունը ի՞նչ ճանապարհով պիտի վերացնի այն: Առաջին հարցի պատասխանները ցույց են տվել, որ 10 քաղաքացիներից մեկը կաշառք է տվել առօրյա կյանքում ստացած ծառայությունների դիմաց: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ալբանիայում, Կամբոջայում, Մակեդոնիայում, Կոսովոյում, Պակիստանում, Ռումինիայում, որտեղ հարցվածների ավելի քան 30 տոկոսը խոստովանել է կաշառք տալու մասին: Հեռախոսի ու բնական գազի ծառայությունների համար պահանջված կաշառքը ցածր տոկոս է կազմել, բարձր է եղել ոստիկանությունից եւ դատարաններից պահանջված գումարը: Թեպետ ոստիկանությունն ամենակոռումպացված մարմինն է գրեթե բոլոր երկրներում, սակայն Եվրոմիությանն անդամակցող երկրներում պատկերը փոխվում էՙ բժշկական ծառայությունների համար պահանջվող կաշառքների ավելացման պատճառով: Առողջապահության, ինչպես եւ կրթության ոլորտներում կաշառակերությունը խիստ տարածված է նաեւ Աֆրիկայում եւ ԱՊՀ երկրներում (Ռուսաստան, Մոլդովա, Ուկրաինա):

Կոռուպցիոն երեւույթները, ըստ հարցվածների, առավելապես ակնառու են հանրային շահերը պաշտպանելուն կոչված քաղաքական կուսակցություններում ու խորհրդարաններում: Հասարակ քաղաքացիները կոռումպացված են համարում նաեւ կրոնական ու հասարակական կազմակերպություններին: Ի դեպ, 2004-ից ի վեր հասարակական կազմակերպություններն ավելի ու ավելի են ընկալվում որպես կոռումպացվածներ:

Հարցվածներն առանձնակի հույսեր չեն փայփայում, որ առաջիկա տարիներին կոռուպցիոն երեւույթները կնվազենՙ արտահայտված ընդհանուր տրամադրությունն ավելի հոռետեսական է 2003-ից ի վեր: Մոտ 54 տոկոսը կարծիք է հայտնել, որ հաջորդ տարի կոռուպցիան ավելի կծաղկիՙ 5 հոգուց միայն մեկն է լավատես եղել ու հավատացել, որ մոտ ապագայում կոռուպցիոն ռիսկերը կնվազեն:

Հոռետեսությամբ աչքի են ընկել հատկապես Ֆիլիպիններն ու Հնդկաստանըՙ հարցվածների ավելի քան 79 տոկոսը համոզված է, որ կոռուպցիան տարեցտարի կավելանա: Հոռետես երկրներից են նաեւ Գերմանիան, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Հարավային Աֆրիկան եւ այլն: Լավատեսներն են Բուլղարիան, Մակեդոնիան, Նիգերիան, Սինգապուրը:

Կոռուպցիայի դեմ պայքարող իրենց կառավարություններից հարցվածները որոշակի ակնկալիքներ չունեն, նրանց ուղիղ կեսը հակակոռուպցիոն ծրագրերն ու միջոցառումները համարել է զուր ջանքեր: Հարցման ընդհանուր արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ կանայք տղամարդկանցից ավելի հոռետես են:

Այս ամենի հետ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը «Երեւան» հյուրանոցում երեկ ներկայացրեց նաեւ Հայաստանից ստացված արդյունքներըՙ ըստ հարցմանը մասնակցած մեր 2481 քաղաքացիների կարծիքների: Հոռետեսությամբ հայաստանցիներս ավելի մոտ ենք եվրոպացիներինՙ հարցվածների 54 տոկոսը համոզված է, որ առաջիկա տարիներին կոռուպցիոն երեւույթները կավելանան, 20 տոկոսը հույս է հայտնել, որ կնվազեն, իսկ 26 տոկոսի կարծիքովՙ նույն վիճակը կպահպանվի: Կոռուպցիայի դեմ կառավարության մղած պայքարը հարցվածների 54 տոկոսը համարել է ոչ արդյունավետ, 18 տոկոսըՙ ձեւական: Մեր հասարակության ընկալմամբ ամենակոռումպացված ոլորտներն են դատարանըՙ 96,6, կրթությունըՙ 96, ոստիկանությունըՙ 95,5, լրատվամիջոցներըՙ 90, բանկերըՙ 80, հասարակական կազմակերպություններըՙ 79:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4