«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2007-12-05 | #225, 2007-12-06 | #226, 2007-12-07


ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ... ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ

Երամից քշվածները

Ընդունված է մեծերի համար ամենից բնորոշը համարել սահմաններն ու ընդունված չափանիշները խախտելու տաղանդը: Մտածողության սահմանախախտն է հենց, որ դառնում է իր ժամանակի մեծ օրենսդիրը եւ իրենով բացում եկող սերունդների համար ճանապարհ: Ու այդ սահմանախախտը ներքին կեցվածքով մշտապես ըմբոստ հոգին է, առանց որի որեւէ շարժում, զարգացում ապահովել հնարավոր չէ, ինչպես գրականության ու արվեստի մեջ, այնպես էլ հասարակարգային ընթացքներում: Որ այդպիսիք առհասարակ գորշ զանգվածից մերժվում ու հալածվում են, այնքան է ճշմարիտ, որ կույրին անգամ տեսանելի է: Այդպիսին է մեծերին բաժին հասած ճակատագիրը, նրանց է վիճակված առաջ տանելու մտքի, մտածողության անիվը, նրանց է վիճակված ապրել իրենց ժամանակի ողջ դրաման, տանել մարդկային հոգու տիղմն ու ժահրը, կրել բոլոր հարվածները հենց նրանցից, որոնց խոնարհաբար ծառայելու են գալիս իրենք:

Մեծերի հանդեպ այս անհասկանալի մշտական վերաբերմունքն է եղել Սերգեյ Գալոյանի վերջին տարիների գրած գրքերի շարժառիթներից մեկը: Հատկապես 2007-ը իր համար բարեբեր էր հրատարակությունների տեսակետից: 2007-ի հունվարին, ապա օգոստոսին լույս տեսան նրա «Պարույր Սեւակ. Զուտ սովետական սպանություն» գրքի երկու հատորներըՙ արխիվային փաստաթղթերի, բանաստեղծի կենսագիրների, ժամանակակիցների վկայությունների, նամակների եւ այլ ուսումնասիրությունների հիման վրա:

Երեկ մշակույթի ֆոնդի նախաձեռնությամբ կազմակերպված Ս. Գալոյանի վերոնշյալ գրքի քննարկմանը ներկա չեմ գտնվել: Եղել են որոշ տարաձայնություններ, բայց ներկա մտավորականության գերակշիռ մասը համակարծիք է եղել, որ մեծերի կենսագիրները հատկապես պետք է ավելի քան ուշադիր լինենՙ չզոհելու կարեւոր արժեքներ սեփական ամբիցիաներին: Որովհետեւ կան բաներ, որ առհասարակ հրապարակելի չեն, եթե անգամ ճշմարիտ են, իսկ առավել եւս, երբ դրանց ստուգությունը ապացուցելի չէ կամ սարքովի է, որովհետեւ այդ միջոցով մարդուն կարելի է անգամ սպանել եւՙ ֆիզիկապես: Այսպես է մտածում նաեւ հեղինակըՙ Սերգեյ Գալոյանը: Երեկոյան խմբագրությունում իր հետ ունեցած զրույցն այս մասին է վկայում:

- Ցավալի է, երբ ճշմարտությունը խեղաթյուրվում է, այսօր ներկայացվում է կեղծիք, հերյուրանք: Երբ իսկությունը բացահայտվի, ցավոք ուշ կլինի ոչ միայն հեղինակի, այլեւ հենց մեզ համար:

- Ինչպե՞ս եք մեկնաբանում գրքի խորագիրը, ինչո՞ւ զուտ սովետական սպանություն, կարծես ժամանակները շատ լ չեն փոխվում:

- Պարույր Սեւակի սպանության մանրամասները ուսումնասիրելիս, վարկածները համեմատելիս այն եզրակացության եկա, որ այսպիսի սպանությունները բնորոշ են միայն սովետական հասարակարգին: Գրքում ներկայացված են հիմնականում փաստեր եւ փաստաթղթեր, որոնք խոսում են այն մասին, որ Պարույր Սեւակին կարող էին սպանած լինել ինչպես ուժային կառույցները, այնպես էլ պատահական անձինք:

- Այսինքն:

- Դա կարող էր լինել պատահար, սովորական ավտովթար, ինչպես սովորաբար լինում է:

- Այս պարագայում ո՞րն է սպանությանՙ այդ զուտ սովետական մեթոդը:

- Երբ ուսումնասիրում ես Սեւակի ստեղծագործությունները եւ կյանքը, տեսնում ես, որ նրան հոգեբանորեն կարող էին սպանել իր կողքի մարդիկ:

- Գրական աշխա՞րհը նկատի ունեք:

- Հատկապես նրանց, ում խանգարում էր Պարույր Սեւակ-գրական մեծությունը: Մեկ-երկու փաստՙ 1971-ի հունիսին ՀԳ միության հերթականՙ VI համագումարում ոչ մի խոսք չասվեց կալանքի տակ գտնվող «Եղիցի լույս» ժողովածուի մասին: Մահվանից հետո, օգոստոսի 28-ին վաճառքի հանվեց գրքի 25.000 տպաքանակը, որն իրացվեց ընդամենը 10 օրում: 1972-ի փետրվարին ՀԳՄ առաջին քարտուղարը «Սովետական Հայաստան» թերթին տված հարցազրույցում վերջին հինգ տարվա գրական հունձքի մասին խոսելիս որեւէ ակնարկ Պ. Սեւակի գրքի մասինՙ անգամ բացասական, չարեց, որին շատ լավ ծանոթ էին ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:

Մինչեւ երեւանյան տպագրությունը «Եղիցի լույսը» հրատարակվել էր Բեյրութում, եւ այն էլ ամբողջական տեսքովՙ ներառյալ այն վեց բանաստեղծությունները, որ այստեղ հանվեցին: Սա մի՞թե սպանություն չէ: Եվս մեկ փաստՙ իր գրչընկերներից մեկը կատարել էր «Եղիցի լույսի» ռուսերեն տողացի թարգմանությունները եւ ուղարկել Մոսկվաՙ ՊԱԿ: Սա սպանություն չէ՞: Պ. Սեւակին ճանաչած մարդիկ շատ լավ գիտեն եւ հիշում են, որ նա սիրառատ տղամարդ լինելով հանդերձ, ասպետ էր սիրո ոլորտումՙ իրենից հեռացած եւ ոչ մի կնոջ մասին անգամ որեւէ վատ խոսք չի ասել, որեւէ նամակ կամ գրություն չի հիշատակել: Սեւակի հաջորդ սպանությունը կարելի է համարել Շուլամիթ Շալիթի ջանքերով եւ «ողորմածությամբ» տպագրված երկհատոր գիրքը, որտեղ Պ. Սեւակ բանաստեղծը ներկայացված է շատ միջակ, շարքային, անգամ թուլակամ մի տղամարդ, որի մոսկովյան, այնուհետեւ կյանքի ողջ կիզակետը չգիտես ինչու դառնում է այդ կինը: Միայն ու միայն կարելի է զարմանալՙ հարաբերությունների ամենաբաց վիճակներ նկարագրող Շուլամիթ Շալիթի հրապարակած նամակները կարդալով:

- Եվ ի՞նչ եք տեսնում այս ամենի հետնախորշում:

- Եթե որոշ մարդիկ չեն կարող տեսնել, որ «Սուլամիթաՙ Սեւակի մեծ սերը» գիրքը ինտերվենցիա է հայ ոգու, հայեցի մտածողության, այլ ոչ թե սոսկ բանաստեղծի, անգամ մեծ բանաստեղծ Պ. Սեւակի դեմ, ապա ես ոչինչ անել չեմ կարող:

Ես մեկ անգամ արդեն հայտարարել եմ, հիմա նորից եմ կրկնում, որ սպանություն է նաեւ Պ. Սեւակին ՊԱԿ-ի գործակալ ներկայացնելը: Ու զարմանալին այն է, որ ոմն հեռուստատեսային էկրանից հայտարարել է, որ գիրք է տպագրումՙ իբրեւ փաստ ներկայացնելով ոչ միայն Պ. Սեւակի, այլ նաեւ Հրաչյա Հովհաննիսյանի, Սողոմոն Տարոնցու եւ էլի ուրիշներիՙ ՊԱԿ-ի գործակալ լինելու մասին: Սա ի՞նչ համարենքՙ հերթական սպանությունը չէ՞: Բնավ հակված չենք սրբի լուսապսակով ներկայացնել Պ. Սեւակ բանաստեղծին, առավել եւս Սեւակ-մարդուն, սակայն այսպիսի այլանդակ մտածողություն տարածելը հասկանալի է, որ արվում է որոշակի թելադրանքով եւ մեկ նպատակովՙ ջարդելու հայի ոգին:

- Այո՛, արթուն ոգին միշտ, բոլոր ժամանակներում էլ խանգարում է խավարի ուժերին:

- Ես, ինչպես 30 տարի առաջ, հիմա էլ տեսնում եմ, թե ինչպես կարելի է սպանել մարդունՙ լինի մեծ բանաստեղծ, մտածող-առաջնորդ, թե սովորական քաղաքացի, հատկապես երբ նա երամից կտրվել է...

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ

Հ.Գ.- տպագրության է պատրաստ Ս. Գալոյանի 3-րդ գիրքը Պ. Սեւակի մասին, որտեղ «բանաստեղծիՙ զուտ սովետական սպանությունը հաստատող» նոր փաստեր են ներկայացված: Տպագրության համար գիրքը հովանավորության կարիք ունի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4