«Ազգը» նոյեմբերի 1-ի համարում «Նախիջեւանի հուշարձանների խնդրի արծարծումը Հարվարդի համալսարանում» հրապարակումով ընթերցողներին ներկայացրել էր ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական գծով փոխտնօրեն, ճանաչված հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի ամերիկյան գիտական ծրագրերի վերաբերյալ լրատվություն:
Օրերս Ա.Այվազյանը վերադարձել է ԱՄՆ-ից եւ «Ազգը» սիրով իր ընթերցողներին է ներկայացնում նրա հետ տեղի ունեցած հարցազրույցը:
- Տիար Այվազյան, խնդրում եմ հնարավորինս հանգամանալից ներկայացնեք ԱՄՆ-ում իրականացված միջոցառումները:
- Նախ թույլ տվեք շնորհակալ լինել «Ազգին»` իմ գիտահասարակական գործունեությանը հարկ եղած դեպքերում պատշաճորեն անդրադառնալու, առհասարակ նախիջեւանյան խնդիրը կարեւորելու եւ ընթերցողներին ներկայացնելու համար: Այս տեսակետից «Ազգը» հայաստանյան մամուլի մյուս օրգաններից շահեկանորեն տարբերվում է:
Արդ, խոսելով ԱՄՆ-ում կատարած իմ գործունեության վերաբերյալ, պետք է նշեմ, որ այն տեւեց գրեթե մեկ ամիս: Առիթից օգտվելով մեկ անգամ եւս պետք է իմ երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեմ խիստ կարեւոր այս ծրագրի կազմակերպիչ հովանավորներին` Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ ճարտարապետներ Անահիտ եւ Կարինե Տեր-Ստեփանյաններին, ծրագրի ֆինանսական կողմը ապահովող Վիավի Բելանժեին: Ահա այս երեք անձիք էին, ովքեր հոգացել են ծրագրի թե՛ կազմակերպչական եւ թե՛ նյութական ողջ հոգսերը:
Իմիջիայլոց նկատենք, որ նախատեսված եւ իրականացված բոլոր միջոցառումները տեղի են ունեցել ոչ թե մեկ, այլ մի քանի վայրում կամ կազմակերպությունում` Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ), Բելմոնտում, Լոս Անջելեսում: Եվ այս ամենի կազմակերպումն ու իրականացումը Նյու Յորքի մերձակա քաղաքներից մեկում, հավատացեք, որ մեծ կազմակերպչական ջանքեր են պահանջել: Առանց չափազանցնելու պետք է ընդգծեմ, որ դոկտոր Անահիտ Տեր-Ստեփանյանի կազմակերպչական ձիրքի եւ ձեռնարկած գործի նկատմամբ ունեցած պատասխանատվության բարձր գիտակցմանը ուղղակի կարելի է նախանձել: Ամեն ինչ կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով, որի վերաբերյալ բազմիցս ընդգծեցին միջոցառումների մասնակիցները:
Ընթերցողին տեղեկացնեմ նաեւ, որ Անահիտն ու Կարինեն 2006թ. վախճանված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգի Տեր-Ստեփանյանի դուստրերն են, ովքեր վերջին 15 տարիներին բնակվում են ԱՄՆ-ում եւ Կանադայում եւ փոքրուց իրենց ծնողներից ստացել են մտավորականին ու հայրենասերին վայել դաստիարակություն: Ես պարզապես ամենանվազագույնն եմ արձանագրում այն բարոյա-քաղաքական ճնշումների, ԱՄՆ-ում Նախիջեւանի վերաբերյալ միջոցառումներ կազմակերպելու հայկական համազգային կառույցների ցուցաբերած զարմանալի անտարբերության, ԱՄՆ-ում եւ Կանադայում Ադրբեջանի դեսպանատների կողմից Հայաստանի եւ Նախիջեւանի վերաբերյալ միջոցառումներն արգելելու եւ այդ ուղղությամբ գործադրած բազմաթիվ հերյուրանքների եւ ճնշումների ցանկից: Եվ այս դժվարին պայմաններում, պարտքի բարձր պատասխանատվությամբ ու հպարտությամբ Տեր-Ստեփանյան քույրերը գործեցին որպես Հայաստանին ու հայ մշակույթին բառիս անփոխարինելի իմաստով նվիրված անձիք:
- Տիար Այվազյան, պիտի խնդրեմ վերը նշված Ձեր միտքը ավելի ընդարձակեք: Դա շատ կարեւոր եմ համարում: Մանավանդ, որ մենք հաճախ ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներից մեկը` Լոս Անջելեսը, պարծենկոտությամբ Լոս Արմենիոս ենք անվանում: Միթե՞ դա այդպես է եւ մեր համազգային կառույցները անտարբերություն են դրսեւորել քաղաքական տեսակետից նույնիսկ այսօր խիստ կարեւորվող նախիջեւանյան խնդրի վերաբերյալ:
- Ցավոք դա իրականություն է, եւ ես մազաչափ անգամ ոչինչ չեմ չափազանցնում: Որպեսզի ընթերցողն ինքը դատի ու համոզվի, ապա ստորեւ պետք է խոսեմ միմիայն փաստերով:
Այսպես, ընդգծենք, որ նախիջեւանյան խնդիրը այսպիսի բարձր մակարդակով առաջին անգամ է արծարծվում-ներկայացվում ԱՄՆ-ում: Նշեմ, որ նախիջեւանյան հուշարձանների, Հին Ջուղայի հռչակավոր գերեզմանատան բազմահազար խաչքարերի կործանման եւ զանազան այլ փաստերի առկայության պարագայում այսպիսի աշխատանք մինչեւ այժմ պետք է իրականացվեր ՀՀ արտաքին գործոց, մշակույթի, գիտության եւ կրթության նախարարությունների, ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ: Հակառակ պարագայում այն պետք է իրականացվեր սփյուռքի, տվյալ դեպքում ԱՄՆ-ի Հայ դատի, Համազգայինի կենտրոնական եւ տեղային կառույցների, Ամերիկայի հայկական համագումարի, Թեքեյան միության, հայկական մշակույթը, ազգային արժեքները հետազոտող եւ ուսումնասիրող կազմակերպությունների, ամերիկյան համալսարանների հայագիտական կենտրոնների կողմից:
Ի ցավ սրտի, այսպիսի աշխատանքներ առ այսօր չիրականացրին ոչ ՀՀ եւ ոչ էլ ԱՄՆ-ի հայկական վերոհիշյալ (ինչպես եւ չնշված) պատկան մարմինները: Փակագծելով նշեմ, որ այդ ուղղությամբ Հայաստանում որոշ հասարակական կազմակերպություններ մի քանի անգամներ գումարել են մտավորականների հավաքներ, ելույթներ են ունեցել, որոշումներ ընդունել եւ նույն հաջողությամբ էլ ամեն ինչ մոռացության տվել: Արտաքին գործոց նախարար Վ. Օսկանյանը մի շարք անգամներ այս հարցը բարձրացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոմիության առջեւ, պահանջել հանձնաժողովներ ուղարկել Նախիջեւան: Սակայն այդ ամենը, այլ կերպ ասած, հայրենասիրության ցուցադրականությունից այն կողմ չի անցել, եւ հետեւողական ու գործնական աշխատանքներ չեն տարվել` բացակայել է խոսքի ու գործի միասնականությունը: ԱՄՆ-ում անցկացված նախիջեւանյան միջոցառման կազմակերպման-նախապատրաստման փուլում Անահիտ Տեր-Ստեփանյանը (որպես նախաձեռնող եւ պատասխանատու) նամակներով դիմել է ԱՄՆ-ի մի շարք համալսարաններին, հայկական կազմակերպություններին, որոնք, ինչպես նշեցի, զարմանալի անտարբերություն են ցուցաբերել: Եվ միայն Հարվարդի համալսարանն է, որ կարեւորել է նախիջեւանյան խնդիրը եւ սիրով իր «Դեւիս» կենտրոնը տրամադրել ցուցահանդեսի համար: Այնուհետեւ ծրագրին միացավ Բելմոնտի հայագիտական հետազոտությունների եւ ուսումնասիրությունների ազգային կենտրոնը:
Հանիրավի դատապարտողի տպավորություն չթողնելու համար, վերոհիշյալ քննադատությունս փաստեմ մի քանի օրինակով: Նախիջեւանյան միջոցառումներին ինչ-ինչ կերպով աջակցելու, այդ գործին թեկուզեւ բարոյական մասնակցություն ցուցաբերելու համար հունվար-մարտ ամիսներին նամակներ են հղվել Հայ դատի ԱՄՆ-ի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանին, Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական կենտրոնի երկարամյա վարիչ-պատասխանատու եւ ինձ համար շատ հարգելի գիտնական Ռ. Հովհաննիսյանին եւ այլոց: Եվ ինչ: Ոչ մի արձագանք ու պատասխան: Ոչ «այո», ոչ «ոչ»: Եվ այս վերաբերմունքը յուրաքանչյուրի հետ 2-3 հեռախոսազրույցից հետո անգամ: Հիմա ընթերցողը թող դատի: Միթե՞ սա նորմալ երեւույթ է: Չէ որ 1994թ. սկսած Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղեկատվական ու քաղաքական, գիտական ու մշակութային խնդիրների պատերազմ է: Իսկ պատերազմի այդ դաշտը մեր կողմից (լինի Հայաստանի, թե սփյուռքի պարագաներում) գրեթե լքված է, որի իրավունքը չունի մեզանից յուրաքանչյուրը, ուր էլ որ բնակվի կամ էլ որ երկրի քաղաքացին կամ երկքաղաքացին լինի: Մի խոսքով ամեն մի հայ մարդ` առավել եւս հայագետ, մտավորական, ազգային կառույցների, եկեղեցու առաջնորդ, պատասխանատու հայ մարդը երբեք իրավունք չունի անտարբեր լինելու մեր պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող ոտնձգությունների նկատմամբ:
Ես հիշում եմ, որ 1998թ. Հին Ջուղայի գերեզմանատան առաջին ավերման փաստը հաստատող լուսանկարը Պարսկաստանից ստանալով, Հայ դատի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը առաջիններից մեկն էր, որ ի լուր աշխարհի իր կայքէջում տեղադրեց ու դատապարտեց ադրբեջանական այդ վանդալիզմը: Այսպիսի մտահոգ ու դատապարտող, Հայ դատին հետամուտ դիրքորոշմամբ է մշտապես մեր աչքին ներկայացել ԱՄՆ-ի Հայ դատի կառույցներն ու նրա գործադիր տնօրեն Ա. Համբարյանի ելույթները:
Սա պահանջատիրական, դատապարտման ելույթների տեսակետից: Իսկ գործ նականո՞ւմ... Կախման կետերը կարծում եմ հուշում են իրականությունը:
Անհասկանալի էր մեր նաեւ եկեղեցու առաջնորդարանների, Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ամբիոնի վերաբերմունքը: Վերջինս կարծում եմ ամենանվազագույնը իր ուսանողների մասնակցությամբ պետք է որ բարոյական աջակցություն ցուցաբերեր: Չէ որ պրն. Ռիչարդ Հովհաննիսյանը վերջին տարիներին կազմակերպում է Արեւմտյան Հայաստանի պատմական գավառներին նվիրված շատ կարեւոր ու գնահատելի գիտաժողովներ: Միթե նախիջեւանյան հայկական ողջ նյութական ժառանգության ոչնչացումը, որոնց թիվը հասնում է 27000-ի, այնքան աննշան է, որ չի արժանանում ԱՄՆ-ի համալսարանների հայագիտական ամբիոնների ամենանվազագույն ուշադրությանն անգամ: Մի՞թե այսպիսի խնդիրները շրջանցող ուսանող-հայագետները լիիրավ տեղյակ կլինեն հայ ժողովրդի պատմությանը եւ մեր օրերում, մեր աչքերի առաջ տեղի ունեցող պատմական իրադարձություններին, կձեւավորվեն ու կգործեն որպես արժանի հայագետ-մասնագետներ: Չէ որ այս խնդիրներով եւ նրանց լուծումներով պետք է մտահոգվի նախ եւ առաջ երիտասարդ սերունդը: Մեր պատմական հայրենիքի ամեն մի թիզ հողի պատմությունը ու նրա վրա պահպանված ժառանգությունը, անկախ մեր որտեղ ծնված լինելու եւ ապրելու հանգամանքից, պետք է որ մտահոգի բոլորիս, արժանանա համահայկական ու պետական ուշադրության: Մանավանդ այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան օրըստօրե ընդլայնում են Հայաստանի դեմ ծավալած գիտական ու քաղաքական, դիվանագիտական հազար ու մի միջոցներով տարվող հակահայ ու հակահայաստանյան տեղեկատվական պատերազմը, որն իրականացվում է գրեթե բացառապես ադրբեջանցի երիտասարդ մասնագետների ուժերով: Ի՞նչ է Հարվարդի համալսարանն ու նրա, հայագիտական կենտրոնի ազգությամբ ոչ հայ պրոֆեսորը ավելի՞ մտահոգ է Հայաստանի , հայկական մշակույթի ու ժառանգության խնդիրներով, քան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսը: Հարցեր, որոնց անտեսելը ուղղակի անհնար է: Միով բանիվ չեմ ուզում էլ ավելի ծավալվել այս հարցում:
Կարծում եմ նման անտարբերությունն է, որ հող նախապատրաստեց եւ սանձարձակեց Ադրբեջանին` վայրագ ու վանդալ կերպով գետնի երեսից վերացնելու նախիջեւանյան ողջ ժառանգությունը: Այնպես որ, եթե մենք այսպես շարունակենք, ապա առաջիկա տասնամյակներում գրեթե ամբողջովին կզրկվենք այլ պետությունների տարածքներում կանգուն կամ կիսականգուն վիճակներով մեզ հասած հայկական նյութական ողջ ժառանգությունից: Մեզ սթափվել է պետք: Եվ այն էլ շատ արագ` պետականորեն եւ համազգայնորեն: Հայաստանի մշակույթի, գիտության եւ կրթության, արտաքին գործերի նախարարությունները պետք է հզորանան եւ իրենց գործունեությամբ վերածվեն համահայկական ու համազգային նախարարությունների: Այլապես մեր կորուստները անվերականգնելի ու անչափ կլինեն: Իսկ այս կորստի նախանշանները Թուրքիայից բացի սկսում են ծավալվել նաեւ Վրաստանում (հայկական եկեղեցիների մի մասը վրացականացնելով), Ռուսաստանում (գերեզմանատների պղծումներ), Կիպրոսի հանրապետության թուրքական հատվածում:
Մի խոսքով, եւ մտոք եւ ֆիզիկապես կույր պետք է լինել, որպեսզի չնկատել հայկական մշակույթի նկատմամբ օրըստօրե ծավալվող մշակութային եղեռնը:
- Տիար Այվազյան, ես կարծում եմ, որ մեր ընթերցողները բավարարված են Ձեր` փաստերով հիմնավորված պատասխանով, իրոք որ մտահոգիչ երեւույթի մասին: Արդ, խնդրում եմ խոսեք ԱՄՆ-ում կայացած Ձեր բանախոսությունների, ցուցահանդեսի, հանդիպումների մասին:
- Նոյեմբերի մեկին Բելմոնտում կայացավ Նախիջեւանի պատմական եւ նյութական ժառանգությանը նվիրված գիտաժողովը: Վերջինս բացեց հետազոտությունների կենտրոնի հրատարակությունների պատասխանատու Մարկ Մամիկոնյանը: Այնուհետեւ գիտաժողովը վարեց եւ հանգամանալից ելույթով հանդես եկավ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասըլը: Այնուհետեւ ելույթ ունեցավ ճարտարապետության պատմաբան, դոկտոր Անահիտ Տեր-Ստեփանյանը, որից հետո իմ զեկուցումն էր:
Շուրջ մեկ ժամ տեւած զեկուցման ընթացքում ցուցադրեցի Նախիջեւանի նյութական ժառանգության 3-1-ին հազարամյակներից մինչեւ XIX դ. ավելի քան 150 հուշարձանների պատկերներ: Զեկուցումը Անահիտ Տեր-Ստեփանյանի կողմից թարգմանվում էր անգլերեն: Իմ զեկուցումից հետո հանդես եկավ նաեւ գիտաժողովին մասնակցող շոտլանդացի ճարտարապետ Ստիվեն Սիմը, որին 2005թ. հաջողվել էր 2-3 օրով լինել Նախիջեւանում եւ այցելել մի քանի բնակավայրեր (Աբրակունիս, Շոռոթ, Որդուար, Նախիջեւան): Զեկուցումներից հետո` հարց ու պատասխան բաժնի հենց սկզբում, գիտաժողովի աշխատանքներին մասնակցող ադրբեջանցի ուսանողներից մեկը ցանկացավ ելույթի կարգով խոսել: Սակայն ինչպես մասնակիցների, այնպես էլ նիստը նախագահող Ջ.Ռասըլի հորդորներով ազատեց ամբիոնը: Իմիջիայլոց ադրբեջանցի ուսանողների այսօրինակ քայլը կանխվեց նաեւ Հարվարդի համալսարանի «Դեւիս» կենտրոնում, իսկ Գլենդելի հանրային գրադարանի դահլիճում նոյեմբերի 11-ին կայացած միջոցառման ժամանակ 7-10 անձով մասնակցող ադրբեջանական խումբը աչքի էր ընկնում իր «ակտիվությամբ»: Այնպես որ, ինչպես վերեւում ընդգծեցի, Կանադայում եւ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատները մինչեւ միջոցառումների սկսելը մի շարք դիվանագիտական աշխատանքներ էին կատարել նախիջեւանյան ծրագրերը խափանելու, կազմակերպիչ-հովանավորների վրա բարոյական ճնշումներ գործադրելու ուղղությամբ: Այսպես` Կանադայում Ադրբեջանի դեսպանատունը մի նամակ էր ուղարկել կանադաբնակ հովանավորին: Այսպիսով ադրբեջանական դեսպանատունը ջանացել էր ճնշում գործադրել հովանավորի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի հովանավորությունից եւ իր ներդրած գումարները ետ վերցնի: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը գործում էր այլ տակտիկայով` Հայաստանի ու Նախիջեւանի վերաբերյալ ադրբեջանական կայքէջերում տեղադրած կեղծ տեղեկություններով եւ փաստերով ջանացել էր, որպեսզի Նախիջեւանի տարածքում բացառեին հայկական հուշարձանների առկայությունը: Իսկ զեկուցման ընթացքում ներկայացվող հայկական վանքերն ու եկեղեցիները վերագրել էին աղվանական մշակույթին: Քաղաքականություն էր տարվում, որ իբր հայերն առհասարակ եւ մասնավորապես ես Նախիջեւանի ոչ քրիստոնեական հուշարձանները (իմա պարսկա-սելջուկյան դամբարաններ) եւ XIX-XX դդ. մզկիթները եւս համարում եմ հայկական: Դրանով իսկ ուզում էին ցույց տալ մեր ձեռնարկների հակագիտական լինելը: Մի բան, որին երբեք չհասան: Քարոզչական այս ճնշումներից բացի` Ադրբեջանի դեսպանատունը Հարվարդի համալսարանի ադրբեջանցի ուսանողների միջոցով ծրագրել էր նաեւ թե՛ գիտաժողովի եւ թե՛ ցուցահանդեսի բացման ժամանակ, Գլենդելում կայացած միջոցառման ընթացքում ձայնի իրավունքով մասնակցեն հարց ու պատասխանին, մեկ անգամ եւս խոսեն այն մասին, որ Հայաստանը ագրեսոր պետություն է, բռնագրավել է ադրբեջանական տարածքի 20 տոկոսը, իրագործել է Խոջալու եւ արծարծեն միջոցառումների ծրագրերին չառնչվող այլ խնդիրներ: Իսկ մինչ գիտաժողովը` հերյուրանքներ ու բարոյական ճնշումներ պարունակող 6-7 էջանոց նամակ էր հղվել նաեւ հայագիտական ուսումնասիրությունների ու հետազոտությունների Բելմոնտի ազգային կենտրոնին : Մի խոսքով, մի քանի ճակատներով ջանում էին ամեն ինչը խափանել: Ադրբեջանը, ըստ ադրբեջանական «AND» կայքէջում նոյեմբերի 2-ին հրապարակած «Армянепринялисьдоказыватьамериканцам,чтоНахчыван-этоармянскаяземля» հոդվածում ուղղակիորեն հրապարակել էր. «Пресс-секретарьМИДАзербайджанаХазарИбрагимзаявил,чтопосольствонашейстранывСША,используявседипломатическиеметоды,недопуститпроведенияданногомероприятия»:
Ահա այսպիսի բարոյահոգեբանական, քաղաքական ճնշումների առկայության պայմաններում էին գործում ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը իրենց ուսերին վերցրած Անահիտ եւ Կարինե Տեր-Ստեփանյանները: Եվ այս ամենըՙ ամերիկյան ամենաբարձր չափանիշներով, հայկական անաղարտ ու իսկական հայրենասիրությամբ: Այստեղ պետք է ավելացնեմ նաեւ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, «Մաշտոց» հայագիտական կենտրոնի վարիչ Ջեյմս Ռասըլին, հայագիտական ուսումնասիրությունների ու հետազոտությունների Բելմոնտի ազգային, Հարվարդի համալսարանի Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրությունների «Դեւիս» կենտրոնների, Լոս Անջելեսի «Մաշտոց» քոլեջի (տնօրենՙ Կարպիս Տեր-Եղիայան) պատասխանատուների կատարած անշահախնդիր ու ճշմարտությանը հետամուտ պահվածքի ու ելույթների մասին: Հատկապես ընդգծելի են պրոֆեսոր Ջ. Ռասըլի` գիտական բարձր մակարդակով եւ պատմական փաստերով հագեցած ելույթները թե՛ գիտաժողովի, եւ թե՛ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:
Նկատի ունենալով ադրբեջանական կողմի հակահայ քաղաքականությունը, դիվանագիտական ճնշումները, հավատարիմ մնալով աշխարհի եւ ԱՄՆ-ի ամենահայտնի համալսարաններից մեկը համարվող Հարվարդի համալսարանի գիտական ավանդույթներին, Ջ. Ռասըլը հայագետին վայել իր ելույթներով ջախջախիչ հարված հասցրեց քողարկված, ուսանողության միջոցով ծրագրերը խանգարել փորձող ադրբեջանական դեսպանատան ձեռնարկած քայլերին: Իր ելույթում նա բաց տեքստով հայտարարեց, որ Ադրբեջանը վերջին տարիներին հայտնի է որպես մշակույթի հուշարձաններ ավերող պետություն: Իսկ ցուցահանդեսի բացման ժամանակ, եզրափակելով իր ելույթը, Ռասըլը հայտարարեց, որ Ադրբեջանի նավթային «լեդիներն» ու «թագաժառանգներն» անգամ իրենց նման քողարկված ու անլուրջ քաղաքականությամբ չեն կարող խաթարել Հարվարդի համալսարանի նման բուհի գիտական ու շիտակ մթնոլորտը:
- Մեկ հարց եւս: Ի՞նչ դիրքորոշում ունեին մասնավորապես ամերիկահայ մամուլը, հեռուստակայանները: Արդյոք այս` իրոք որ շատ տարողունակ միջոցառումների վերաբերյալ լուսաբանումներ եղան, թե՞ ոչ:
- Այս հարցը եւս տեղին եք տալիս, եւ ես չեմ կարող շրջանցել: Ընդհանրացված կարգով եթե նշեմ, ապա պետք է ընգծեմ, որ մամուլը եւս իր տեղում չէր: Լոս Անջելեսի հայկական թերթերը իմ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ Բելմոնտի գիտաժողովին եւ Հարվարդի համալսարանի ցուցահանդեսին գրեթե չեն անդրադարձել (եթե հետո անդրադարձել են, ապա դեռեւս տեղյակ չեմ): Հայկական թերթերի ոչ մի թղթակից ինձ չի մոտեցել, ոչ մի հարց չի տվել ու պատասխան չի ստացել: Նույնիսկ Գլենդեյլում կայանալիք ձեռնարկի վերաբերյալ մամուլի որոշ օրգաններ, ինչպես օրինակ «Ասպարէզը», հրաժարվել են տպագրել անգամ գլենդելյան միջոցառման հայտագիրը:
Հարվարդի համալսարանի գիտաժողովի, ցուցահանդեսի, Գլենդեյլի բանախոսության վերաբերյալ մի շարք հոդվածներ հրապարակվեցին անգլերեն հրատարակվող հայկական «The California Courier» «Community», «The Armenian Reporter» եւ այլ թերթերում:
Ի տարբերություն թերթերի, բավականին ակտիվ էին Լոս Անջելեսի հեռուստակայանները: Գլենդեյլյան միջոցառման եւ առհասարակ ԱՄՆ-ում նախիջեւանյան խնդիրների արծարծման վերաբերյալ ծավալուն հարցազրույցներ եմ տվել 26-րդ հեռուստաընկերությանը, որոնցից առաջինը տեւել է 30, իսկ երկրորդը` 60 րոպե: Ընդ որում այդ հարցազրույցները 2-3 օրերի ընթացքում հեռարձակվում էին մի քանի անգամ: Բացի այդ` 26-րդ հեռուստակայանը նկարահանեց գլենդեյլյան ողջ միջոցառումը եւ ապա 120 րոպե տեւողությամբ պատրաստված հաղորդումը հեռարձակեց մի քանի անգամ եւս:
Դաշնակցության «Հորիզոն» հեռուստաընկերությունը նոյեմբերի 8-ին հեռարձակեց ընդարձակ լրատվություն եւ ապա նոյեմբերի 16-ին` ուղիղ եթերով, ինձ հետ ունեցավ 15 րոպեանոց հարցազրույց:
Մեկ այլ հեռուստակայան` 283-ը, իր «Բարեւ» հաղորդաշարի 60 րոպեանոց մեկ հաղորդում-հարցազրույցը եւս հեռարձակեց մի քանի անգամ: Այս հարցազրույցների, ինչպես եւ գիտաժողովի ու ցուցահանդեսի, բանախոսությունների ընթացքում պատասխանել եմ բազմաթիվ ու բազմազան հարցերի: Ադրբեջանցիների ոչ մի հարց ու հարցադրում անպատասխան չի մնացել: Պատասխանել եմ սպառիչ եւ առանց որեւէ խնդիր շրջանցելու:
Հեռուստազրույցներում նախիջեւանյան խնդրի եւ հուշարձանների ավերումների նկատմամբ Հայաստանի եւ սփյուռքի պասսիվ դիրքորոշումների վերաբերյալ իմ քննադատական մոտեցումները բավականին լուրջ քննարկումների տեղիք էին տվել: Զանազան բնագավառի մարդկանց, մտավորականների, ինչպես եւ ազգային մարմինների պատասխանատուների հետ ունեցած իմ մի շարք հանդիպումները հաստատում էին, որ այս խնդիրը առավել մտահոգող է դարձել հատկապես Լոս Անջելեսի համայնքի շրջանում: Ասելիքս հավաստի դարձնելու համար ուղղակի մեջբերեմ նոյեմբերի 16-ին 26-րդ հեռուստակայանի մեկնաբաններից Ջորջ Աբելյանի խոսքերը, ով ինձ հետ վարում էր մեկժամյա ուղիղ եթերի հարցազրույցը:
Պարոն Աբելյանը, ով ազգային, կուսակցական, լրագրողական գործունեության մեծ փորձ ունի, այս առիթով հայտարարեց, որ «այս մեկ շաբաթվա ընթացքում մեր համայնքի ամեն հայրենակցի խոսակցության նյութը այս է ...Դուք եկաք եւ Ձեր ելույթներով մեր համայնքը էլեկտրականության վերածեցիք»:
Նկատի ունենալով այսպիսի կարծիքները, կարծում եմ, որ ԱՄՆ իմ այցելությունը իզուր չի անցել: Կարեւորն այն է, որ բոլորս սթափ մտածենք եւ ամեն ինչ գործադրենք հանուն Հայաստանի եւ հայկականությունը հայրենիքի հանդեպ զգանք որպես քաղաքական պարտականությունների կատարման անհրաժեշտություն:
- Շնորհակալություն բովանդակալից եւ փաստերով հագեցած հարցազրույցի համար: Ցանկանանք, որ Ձեր ելույթներից սթափված ամերիկահայ համայնքի պատասխանատուները իրենց գործունեության ծրագրերում, գուցեեւ շահեկան եզրակացություններով, ներառեն նախիջեւանյան խնդիրները:
Հարցազրույցը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ