«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2007-12-06 | #226, 2007-12-07 | #227, 2007-12-08


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՀԵՏ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՍԵԼԻՔԸ

«Ժառանգություն» կուսակցությունը հստակ իմացել ու տեղեկացրել է, որ սեփական թեկնածուով հանդես չի գալու նախագահական ընտրություններում, բայց դեռեւս կողմնորոշված չէ արդեն առաջադրված թեկնածուներից ում սատարելու հարցում: Կողմնորոշվելու համար կուսակցությունը մտադիր է ծանոթանալ, ուսումնասիրել թեկնածուների ծրագրերը: Մինչդեռ ո՛չ թեկնածուները, ո՛չ էլ նրանց ծրագրերը անհայտ չեն: Սակայն «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ ծրագրերի ու անձերի ներկայացվածության չափը բավարար չէ. «Ծանոթ ենք թեկնածուների անձերին: Իսկ թե ինչպիսի ծրագրերով են նրանք գալիս, անգամ, ներեցեք, գործող վարչապետի պարագայում դա ինձ համար հստակ չէ: Գործող վարչապետը Ազգային Ժողովին ներկայացրել է կառավարության ծրագիր, որն, ինչպես նշել են, երեք քաղաքական ուժերի է ներկայացնում: Կարծում եմՙ այս պարագայում ընտրողը միանգամայն այլ ծրագրի ականատես կլինի: Սա ուղղակի ամենապարզագույն տարբերակի դեպքում»: Խորհրդարանական երեկվա ճեպազրույցներում Ստեփան Սաֆարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ մյուս թեկնածուների դեպքում էլ իրողությունները փոփոխություններ են կրել. «Վերջին հաշվով, եթե, օրինակ, Տեր-Պետրոսյանը ներողություն է խնդրում հասարակությունից խիստ որոշակի սխալների համար, բնականաբար, նշանակում է նաեւ վերանայումՙ իր նախորդ ծրագրային մոտեցումների»: Բանախոսի կարծիքով, լրիվ անորոշ հարցեր էլ կան թեկնածուների ծրագրերումՙ գործող վարչապետի ծրագրում արդյոք պահպանվելո՞ւ են ՀՅԴ-ի հետ համատեղ մշակված դրույթները, կամ ՀՀ առաջին նախագահի «ավազակապետություն» կազմալուծելու մտադրության իրականացման մանրամասները, որոնք, նրա իսկ հավաստմամբ, ներկայացվելու են հետագա ելույթներում: Անկախ ամեն ինչից, ինչպես հավաստեց Ստեփան Սաֆարյանը, «Ժառանգություն» կուսակցության համար որեւէ թեկնածուի սատարումը սակարկման խնդիր չէ: «Սակարկությունների մեջ չենք մտնելու: Խիստ կարեւորում ենք, թե ուր են տանելու մեր երկիրը եւ ինչ կոնկրետ քայլերով:

Ի տարբերություն «Ժառանգության», Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես է գալիս սեփական թեկնածուով եւ հստակ գիտի, որ ակնկալում է ժողովրդի հիմնականՙ ՀՅԴ գործունեությանը ծանոթ եւ որպես կայացած քաղաքական ուժ գնահատող մասի աջակցությունը: ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել այն բոլոր ուժերի հետ, որոնք Հայաստանի Հանրապետությունում կշիռ ունեն եւ գործում են ազգային պետական շահերից ելնելով. «Մենք բավական կայացած ուժ ենք, բայց նրանց, ովքեր կցանկանան մեր կողքին լինել եւ կիսել մեր գաղափարախոսությունը, սկզբունքները, մոտեցումները, մենք միայն ու միայն կողջունենք: Այդ թվում եւ «ժառանգությանը», սա Հրայր Կարապետյանիՙ լրագրողներին տված տեղեկացումն էր, որը շարունակվեց նրա հավաստիացումով, որ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ ներկայացրած ծրագրի եւ նախագահի ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի ծրագրերը չեն տարբերվի. «Տարբերություն ընդհանրապես չի լինի, որովհետեւ Դաշնակցությունը այն կուսակցությունն է, որի թեկնածուն ով էլ լիներ, պետք է ներկայացներ Դաշնակցության գաղափարախոսությունը եւ սկզբունքային մոտեցումները: Այն դրույթները, որոնք մենք ներկայացրել ենք ԱԺ նախընտրական շրջանում, հիմք են դառնալու մեր նախագահի թեկնածուի գործունեության, նախընտրական պլատֆորմի: Իհարկե, այնուամենայնիվ, հնարավոր են որոշ խմբագրումներ, որովհետեւ նախագահի լիազորությունները մի քիչ ավելի լայն են, քան Ազգային Ժողովինը»:

Հրայր Կարապետյանը շեշտեց, որ կուսակցության գործունեությունում առաջնահերթ կւարեւորություն ունի հակակոռուպցիոն ծրագիրը, բայց եւ փաստեց. «Կառավարությունն այսօր որոշել է նոր հակակոռուպցիոն ծրագիր: Պարզվեց, որ հին հակակոռուպցիոն ռազմավարությունն իր դերը չունեցավ, նաեւ այդ ռազմավարության կատարման մեխանիզմները, նամանավանդ, գոյություն չունեցան»: Որպես հաջողման գրավական կրկին Հրայր Կարապետյանը հիշեցրեց հակակոռուպցիոն պայքարի մեկ միասնական մարմին ստեղծելու ՀՅԴ առաջարկություն-մոտեցումը. «Ստեղծվել են մարմիններ, եւ թե ինչքանով արդյունավետ կլինի դրանց գործունեությունը, ցույց կտա ապագան: Նկատի առնենք, որ սահմանադրության փոփոխությունների համաձայն, ստեղծվել է վերահսկիչ անկախ մարմին, որը ԱԺ կազմում չէ: Շատ հույսեր ունենք, որ այս մարմինը վճռական դեր կունենա կոռուպցիայի դեմ պայքարի մեջ: Բայց այս հարցում նախ եւ առաջ պետք է քաղաքական կամք, պետք են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք իսկապես կպայքարեն այդ երեւույթի դեմ եւ օրենքի առաջ բոլորին, անկախ զբաղեցրած պաշտոնից, կդնեն հավասար պայմաններում»: Կառավարության գնահատականը նույն ծրագրին հակադիր է ՀՅԴ կարծիքին: Ըստ այդ գնահատականի, ծրագիրն իր դերակատարությունն ունեցել է եւ որպես շարունակությունՙ կա նորի անհրաժեշտություն:

ՀՀԿ ներկայացուցիչներն էլ առաջնորդի հզորությամբ բացատրեցին նախընտրական փուլում Սերժ Սարգսյանի համարյա միայնակ ներկայանալը. «Լիդերը հենց նրանով է լիդեր, որ անելիքի հիմնական եւ ծանր մասը սեփական ուսերին վերցնի: Սակայն մշտապես եղել ենք եւ հետո էլ անհրաժեշտ չափով լինելու ենք մեր թեկնածուիՙ գործող վարչապետի կողքին», պարզաբանեց ՀՀԿ խմբակցությունից Գագիկ Մինասյանը:

Այլ խմբակցություններից բանախոսներ չեղան:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4