«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2007-12-06 | #226, 2007-12-07 | #227, 2007-12-08


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՆՎԱԶԵԼ Է

Մարզերում այդ տեմպն ավելացել է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում իրականացվել են անշարժ գույքի գրեթե 16 հազար գործարքներ, ինչը գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը 23 տոկոսով: Դրանց մոտ 37,8 տոկոսը (6041 գործարք) օտարման գործարքներն են: Վերջիններից էլ գերակշռում են առուվաճառքի գործարքներըՙ 84,5 տոկոս, մնացածը նվիրատվություններ են եւ փոխանակություններ: Այս մասին տեղեկանում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած շուկայի վերլուծության ցուցանիշներից: Ըստ այդ ցուցանիշների, անշարժ գույքի օտարման 35,1 տոկոսն արձանագրվել է Երեւանում: Այստեղ առուվաճառքի գործարքների 57,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ:

Երեւանում բնակարանների միջին գների աճի տեմպը նվազել է կազմելով 1,8 տոկոս: Սեպտեմբերին այդ աճը նախորդ ամսվա համեմատ կազմել էր 1,5 տոկոս: Ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները կազմել են.

Բնակարանները Երեւանում եւ մարզերում

ՀամայնքներՄիջին գները /դրամ/
հոկտեմբեր 2006 թ.
Միջին գները /դրամ/
հոկտեմբեր 2007 թ.
Միջին գները /դրամ/
սեպտեմբեր 2007 թ.
Կենտրոն397000465500455800
Արաբկիր313500377300377100
Քանաքեռ-Զեյթուն199000282900282700
Նոր Նորք181600245000282700
Ավան171100243700237200
Էրեբունի169000243900243700
Շենգավիթ191600259500254100
Դավթաշեն203500274400267600
Աջափնյակ184400256000248000
Մալաթիա-Սեբաստիա174200246400236900
Նուբարաշեն112600133200127400
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)208900275300270300

Աղյուսակից երեւում է, որ մի շարք համայնքներումՙ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի գների աճը, կարելի է ասել, չնչին է եղել: Մյուսներումՙ Կենտրոն, Ավանում, Դավթաշենում, Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայումՙ ավելի բարձր:

Մարզերում, բացառությամբ Երեւանի, բնակարանների միջին գների աճը կազմել է 3,2 տոկոս: Եթե համեմատենք սեպտեմբերի տվյալների հետ, ապա այստեղ աճի տեմպն ավելացել է, քանի որ սեպտեմբերին կազմել էր 1,1 տոկոս: Երեւանից հետո ամենաթանկ բնակարաններն Աբովյանում են, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը սեպտեմբերին կազմել է 151 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 139 հազար դրամ, Ջերմուկումՙ 114 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 1 քմ-ն 111 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 111 հազար դրամ, Մասիսըՙ 107 հազար դրամ եւ Ծաղկաձորըՙ 105 հազար դրամ:

Անհատական տները Երեւանում եւ մարզերում

Մայրաքաղաքում արձանագրված անհատական տների 204 առուվաճառքի գործարքների ցուցանիշների վերլուծությունից պարզվել է, որ այստեղ միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 1 տոկոսով: Այստեղ աճը նվազել է, քանի որ սեպտեմբերին եղել էր 1,6 տոկոս: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների միջին 1 քմ-ի միջին գներն ըստ համայնքների Երեւանում կազմել են.

ՀամայնքներՄիջին գները /դրամ/
հոկտեմբեր 2006 թ.
Միջին գները /դրամ/
հոկտեմբեր 2007 թ.
Միջին գները /դրամ/
սեպտեմբեր 2007 թ.
Կենտրոն399100472700472300
Արաբկիր315500390800390500
Քանաքեռ-Զեյթուն200400287700287200
Նորք-Մարաշ191700245400243000
Ավան172800246200242700
Էրեբունի170300249600249100
Շենգավիթ193400261800259800
Դավթաշեն205600277600272600
Աջափնյակ186000259300254800
Մալաթիա-Սեբաստիա176700249000240200
Նուբարաշեն115300133900131400
Միջինը Երեւանում (բացի Նոր-Նորքից)211500279500276700

Ինչպես երեւում է աղյուսակից, մեր «ամենաթանկ» համայնքներումՙ Կենտրոնում, Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, ինչպես նաեւ Էրեբունիում անհատական տների գները գրեթե չեն փոփոխվել, իսկ Ավանում, Շենգավիթում, Դավիթաշենում, Աջափնյակում եւ Մալաթիա-Սեբաստիայում նկատելի աճ են արձանագրել:

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ անհատական տների գներն ամենաթանկն են նույն բնակավայրերում: Առաջինը դարձյալ Աբովյանն էՙ 1 քմ-նՙ գրեթե 157 հազար դրամ, երկրորդը Ծաղկաձորըՙ 162 հազար դրամ: Ի դեպ, այստեղ գները շատ արագ են աճում: Սեպտեմբերին անհատական տների միջին գներն այս առողջարանային քաղաքում 153 հազար դրամ էին: Երրորդը Վաղարշապատն էՙ 1 քմ-նՙ 140 հազար դրամ, այնուհետեւ Աշտարակըՙ 116 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 115 հազար դրամ, Մասիսըՙ 110 հազար դրամ: Նախորդ ամսվա համեմատ գների աճի տեմպը մարզերում ավելի բարձր է եղել, քան Երեւանում, եւ կազմել է 2,3 տոկոս: Հիշեցնենք, որ սեպտեմբերին աճն այստեղ կազմել էր 2,4 տոկոս:

Ի՞նչ է տեղի ունենում անշարժ գույքի շուկայում

Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Երեւանում վերջին երեք ամիսներին, ինչպես բնակարանների, այնպես էլ անհատական տների գների աճի տեմպը նվազել է եւ վերջին 5-6 տարիների միջին ամսական 3-4 տոկոսի փոխարեն կայունացել 1-2 տոկոսի շրջակայքում: Առավել հետաքրքրական է մեկ այլ հանգամանք: Միջին աճից ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրվել «ոչ թանկարժեք» համայնքներում: Մինչդեռ Կենտրոնում կամ Արաբկիրում այդ աճը կարծես թե դանդաղել է: Այս երեւույթները վկայում են, որ ավելացել է ոչ թանկարժեք բնակարանների եւ տների պահանջարկը: Դա կարելի է պայմանավորել նաեւ նրանով, որ ավելացել են հիպոթեկային վարկավորմամբ անշարժ գույքի ձեռքբերման գործարքները: Իսկ նրանք, ովքեր դիմում են հիպոթեկային վարկավորման օգնությանը, հավանաբար շատ հարուստ մարդիկ չեն եւ նրանց գնած բնակարանները Կենտրոնում կառուցված նորակառույց շենքերից չեն: Նորակառույցներում բնակարան գնելու հնարավորություն ունեցողներն էլ հաստատապես հիպոթեկային վարկավորման կարիք չունեն:

Կենտրոնից դուրս բնակարանների եւ անհատական տների գների ավելի արագ աճը վկայում է, անկախ քաղաքական մեկնաբանություններից եւ գնահատականներից, բնակչության ավելի լայն խավերի կենսամակարդակի բարձրացման մասին: Այսինքն, ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ի վիճակի են անշարժ գույք ձեռք բերել, լինի հիպոթեկային վարկավորմամբ, թե առանց դրա:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա այստեղ գների աճի ավելի բարձր տեմպը նախ խոսում է Երեւանից դեպի մարզեր անշարժ գույքի շուկայի աշխուժացման տարածման մասին, բայց միաժամանակ վկայում, որ մինչեւ վերջին մեկ-երկու տարին այստեղ ընդհանրապես տեղաշարժ չկար: Որոշ բնակավայրերումՙ Աբովյան, Ծաղկաձոր, Ջերմուկ եւ այլն, ակնհայտ է տնտեսական կյանքի աշխուժացումը եւ դրա անդրադարձը անշարժ գույքի շուկայի վրա: Սակայն, ընդհանուր առմամբ, մարզերը դեռեւս հեռու են անշարժ գույքի շուկայի այն կտրուկ զարգացումից, որ 6-7 տարի առաջ սկսվեց Երեւանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4