«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2007-12-07 | #227, 2007-12-08 | #228, 2007-12-11


«50 ԳՐԱՄ ԹԹԻ ՕՂԻ ԿԽՄԵՄ` ԳՈՐԻՍԻ ԹԹԻ ԱՐԱՂԸ»

Բաղադրատոմս է առաջարկում Տիգրան Կարապետյանը

«Տեսակետ» ակումբում երեկ հյուրընկալված Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, երեսուն րոպե տեւած ասուլիսում հնչած հարցերին փորձեց կամ լակոնիկ ձեւով պատասխանել, կամ էլ վերածել կատակի: Պարզվում է` պարոն Կարապետյանին, «Գելափ»-ի հարցումների տվյալներով, միայն մեր ազգաբնակչության մեկ տոկոսը չի ճանաչում: Իսկ 33 տոկոսը Կարապետյանի անձին եւ նրա կուսակցության գործունեությանը տվել է դրական գնահատական: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը: Բոլորիս հայտնի են Տիգրան Կարապետյանի բարեգործությունները եւ դժգոհությունը, որ նա հնչեցրեց ասուլիսին, թե մամուլը չի անդրադարձել իր գործերին: Այդ էր պատճառը, որ Տիգրան Կարապետյանը ասուլիսի էր եկել ոչ թե ներկայացնելու ներքաղաքական վիճակը կամ որպես նախագահի թեկնածուՙ իր դիրքորոշումները, այլ ինչպես ինքն ասաց. «Մի օր մեկը չասաց, թե տեսեք, Տիգրան Կարապետյանը ժողովրդին Սեւան տարավ ու բերեց»: Ճիշտ է ասում պարոն Կարապետյանը, բայց նկատենք, որ նրա հեռուստաընկերությունը այնքան շատ է անդրադարձել դրանց, որ կարիք էլ չկա մյուս ԶԼՄ-ներով ներկայացնելու: Ինչեւէ, կատակըՙ կատակ, բայց հարցին` որն է առաջին քայլը լինելու Տիգրան Կարապետյանի` դառնալով ՀՀ նախագահ, ապագա նախագահն ասաց. «50 գրամ թթի օղի կխմեմ` Գորիսի թթի արաղը: Ստամոքսի համար լավ է, կուզեք ռեցեպտը տամ»: Ահա այսպիսի տրամադրությամբ էլ պարոն Կարապետյանը փորձելու է կոռուպցիայի դեմ պայքար տանել, իշխանական թեւերի մեջ մրցակցություն մտցնել, ինչպես ինքը ներկայացրեց իր ծրագրերում:

«Արդարությունը բոլորից շատ ինձ հետ են կապում, որովհետեւ ես ընտրակաշառք չեմ բաժանում: Ես արդար եմ գնում ընտրության: Չեմ փոխվել` ինչպիսին կայի առաջին օրվանից: Ոչ փոխել եմ իմ հայացքները, ոչ մեր գաղափարներն են պղծվել: Մարդիկ կան, կուսակցության ղեկավար են, բայց առաջադրվում են Հանրապետական կուսակցության ցուցակում: Ես դա չեմ հասկանում ընդհանրապես: Այն խավը, որը ձգտում է ազնվության, որը ցանկանում է բարելավել իր վատ պայմանները, այդ էլեկտորատն է մերը, որը կապում են մեր բարի դաշտի հետ: Եթե 16 տարի իշխանավորը իշխանավորի հետ է պայքարում, ապա որպես գործոն ժողովուրդը գոյություն չունի: Եթե որպես գործոն ժողովուրդը գոյություն չունի, ուրեմն ընտրությունը լեգիտիմ չէ», ասում է պարոն Կարապետյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կբացատրի պարոն Կարապետյանը այն հանգամանքը, որ եթեր է տալիս իր մրցակիցներին, այսպես պատասխանեց. «Մենք աշխատում ենք այն սկզբունքներով, որ աշխատանքի դիմաց շահույթ ստանանք: Այն օրվանից, երբ սկսվի քարոզարշավը, ես եթեր դուրս չեմ գա որպես մեկնաբան»:

Ո՞վ կլինի վարչապետ, եթե Տիգրան Կարապետյանը դառնա նախագահՙ միանշանակ պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը: Որովհետեւ ոնց կլինի առանց ԿՀՎ-ի: Անպայման պետք է բոլոր ռազմավարական կենտրոնները ներառված լինեն: Եթե 16 տարի դրսից են ղեկավարում մեր արտգործնախարարությունը... Ես չեմ ասում, որ նա ագենտ է: Մենք ունենք տեսահոլովակ, որտեղ Ստեփան Սաֆարյանը ասում է, որ համագործակցում է գրեթե բոլոր պետությունների հետ: Եթե ԱՄՆ-ից սերտ կապի մեջ ենք` ի՞նչ վատ էՙ ցեեռու է: Եթե Արամ Կարապետյանի մասին ասում են գռու, ինչի վատ զգանք»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4