Այս տարվա 11 ամիսներին Երեւանում տեղամասային բժիշկներին այցելությունների թիվը կազմել է 1 մլն 751 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլն 664 հազարի փոխարեն: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ Երեւանի բնակչության 78 տոկոսն արդեն ընտրել է իր բժշկին: Ինչ մնում է ստացիոնար բուժօգնությանը, ապա 25 հազար մարդ են օգտվել դրանից, որից 14 հազարը սպասարկվել են պետպատվերի շրջանակներում: Վարչության պետը նաեւ նշեց, որ այս ժամանակահատվածում անվճար դեղորայք է ստացել 117 հազար մարդ, ինչը 2 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներում Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի մասին խոսելով, Արմեն Սողոյանն ասաց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը 120 մլն դրամ է ստացել վերակառուցման շինարարական աշխատանքների համար, իսկ նոր բուժսարքավորումների ձեռքբերման համար տրված գումարը կազմել է 545 մլն դրամ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին ՀԲ-ի տրամադրած վերանորոգման գումարը կազմել է 720 հազար դոլար, իսկ բուժսարքավորումների ձեռքբերման գումարըՙ 1,9 մլն դոլար: Բացի այդ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, արդեն քաղաքապետարանի միջոցներով, կառուցվել են նոր վիրաբուժարան եւ վերակենդանացման բաժանմունք, իսկ «Գրիգոր Նարեկացի» կենտրոնից վերանորոգվել է Սարի թաղի պոլիկլինիկան:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ