«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2007-12-07 | #227, 2007-12-08 | #228, 2007-12-11


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՕԾԵՑ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ ՍԲ. ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ ՄԱՏՈՒՌԸ ԵՎ ՕՐՀՆԵՑ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

Կիրակի օրը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում օծեց նորակառույց Սուրբ Վարդան զորավար մատուռը: Մատուռի օծման արարողությանը մասնակցելու համար Ակնաղբյուր էին ժամանել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

Օրը արժանահիշատակ էր նաեւ այլ իրադարձությամբ: Նորաօծ մատուռի մոտ էին հավաքվել նաեւ բազում զորակոչիկներ, որոնց իր օրհնության խոսքն ուղղեց Ամենայն հայոց կաթողիկոսը. «Մեր հայրերը, երբ մեկնում էին հայրենիքի պաշտպանության առաքելությամբ, համախմբվում էին եկեղեցու կամարների ներքո, իրենց աղոթքն առ Աստված բարձրացնում, Աստծո օգնականությունը հայցում եւ Աստծուն ապավինած մեկնում ծառայության: Ահա այսօր մենք ուրախությունն ունենք ականատեսը լինելու նման մի արարողության, երբ զորակոչիկ հայորդիները ծառայության մեկնելուց առաջ իրենց երդումը պիտի կատարեն եւ աղոթքն առ Աստված բարձրացնեն սրբազան այս մատուռի կամարների ներքո», ասաց Նորին սրբությունը` իր գնահատանքը բերելով ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ վստահություն հայտնելով, որ այս նախաձեռնությունը կհաստատվի որպես ընդհանրական կարգ, եւ ամեն զորակոչիկ, հայոց հնամենի գեղեցիկ սովորույթի համաձայն, իր երդումը կկատարի սուրբ խորանների առջեւ` ներկայությամբ Երկնավոր Տիրոջ:

Ծառայության մեկնող երիտասարդներին Վեհափառ հայրապետը հանձնեց Նոր կտակարաններ եւ խաչեր: Նորին սրբությունն իր գնահատանքը բերեց բարերար Միքայել Վարդանյանին, ում հանձնառությամբ ավարտին հասցվեց մատուռի կառուցումը: Այնուհետեւ ամենքը ծաղիկներ դրեցին ուխտատեղի դարձած Վարդանի ծառի հարեւանությամբ կանգնեցված խաչքարի առջեւ, ապա ազգային երգերի ներքո Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՀ վարչապետը խաչքարի եւ զորավար Հ. Բաղրամյանի տնկած կաղնիների հարեւանությամբ ծառատունկ կատարեցին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4