WBA-ին ավելացավ WIBF-ինը
Նոյեմբերի 30-ին մարզական կարիերային հրաժեշտ տված Գերմանիայի բռնցքամարտի թագուհի Ռեգինա Հալմիխի արժանի հետնորդը 20-ամյա Սյուզի Քենտիկյանն է, գրում է գերմանական մամուլըՙ ուրբաթՙ դեկտեմբերի 7-ին Համբուրգում ֆրանսիացի Նադյա Հոքմիի դեմ 10-րդ ռաունդում միավորների առավելությամբ նրա տարած հաղթանակից հետո (97:95, 96:94, 97:94): Հիշեցնենք, որ ծագումով ալժիրցի 29-ամյա Նադյա Հոքմին երկրորդ անգամ էր պայքարում Քենտիկյանից խլելու չեմպիոնական գոտին: Առաջին մրցապայքարը տեղի է ունեցել Քյոլնումՙ 2007-ի մայիսի 25-ին:
Killer Queen մականունով թեթեւքաշայինների WBA վարկածով աշխարհի չեմպիոն մեր հայրենակցուհին հիշյալ խաղից հետո արդեն երկրորդՙ WIBF-ի աշխարհի չեմպիոնական գոտին էլ ունեցավ: «Ես պարզապես շատ երջանիկ եմ», 3800 հանդիսատես ունեցող սրահին, միլիոնավոր հեռուստադիտողներին խաղի ավարտին ասաց Քենտիկյանը:
«Իմ առավելությունների մասին գերադասում եմ ոչ թե խոսել, այլ ցույց տալ ռինգում. գիտեմ ինչ ուժ ունեմ, ինչպես կարող եմ պայքարել», երեկ հեռախոսային մեր զրույցում ասաց Սյուզինՙ «քեզ Հալմիխի արժանի հետնորդ համարու՞մ ես» մեր հարցին ի պատասխան:
«Ինչպիսի՞ տարի էր 2007-ը Սյուզի Քենտիկյանի համար» աշխարհի չեմպիոնուհին պատասխանում է. «Շատ դժվար ու լավ տարի էրՙ հագեցած ժամադրություններով, լարված մարզումներով, մեծ պատասխանատվությամբ»:
«Ի՞նչ է ակնկալում 2008-իցՙ նոր տարում նոր գոտի՞»:
«Հնարավոր է նույնիսկ երկուսը», զրնգուն ծիծաղով ասում է Սյուզինՙ հայաստանցի իր երկրպագուներին մաղթելով ամենակարեւորըՙ առողջություն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա