Ինչպես տեղեկացվել է, Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունում հոկտեմբերի վերջից իրականացրած ստուգումներից հետո հարկային պետական ծառայությունը նոյեմբերի 26-ին դիմել է դատարանՙ ԳԱԼԱ-ից հօգուտ պետբյուջեի 26 մլն դրամի բռնագանձման պահանջով: Բավական խոսուն «զուգադիպությամբ» նոյեմբերի 23-ին ԳԱԼԱ-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ տնտեսական դատարան հայց է ներկայացրել նաեւ Գյումրու քաղաքապետարանըՙ Գյումրու հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ-ի սարքավորումներից ազատելու պահանջով:
Երեկ ՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում Էդիկ Նահապետյանի նախագահությամբ սկսվեց առաջին դատական նիստը քաղաքապետարանի հայցով, որն ընդմիջվեց մինչ գործի բուն քննությանը հասնելը: Նիստի սկզբում հայցվորի ներկայացուցչի պահանջով դատավորը հարկադրված եղավ հեռուստաընկերություններին արգելել դատավարության ընթացքի տեսաձայնագրումը: Մինչ հայցի քննությանն անցնելը պատասխանող կողմիՙ «ՉԱՊ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն առաջարկեց հաշտության համաձայնագիրՙ խնդրո առարկա հեռուստաաշտարակի օգտագործման համար քաղաքապետարանի հետ վարձակալական պայմանագիր կնքելու պատրաստակամությամբ: Քաղաքապետարանի ներկայացուցիչն այս առաջարկությունը չընդունեց, որից հետո պատասխանողը դատարանին ներկայացրեց հակընդդեմ հայցՙ հարկադիր սերվիտատ սահմանելու պահանջով: Այս իրավական հասկացությունը հետագայում երեւի բացատրություն կստանա (հայցադիմումի տեքստը չհրապարակվեց), բայց հավանաբար խնդիրը կապված է այն բանի հետ, որ ԳԱԼԱ-ն 2005-ին նորոգել, ամրացրել ու դրանից հետո է օգտագործել այն ժամանակ փաստացի տիրազուրկ, համենայն դեպս տերը չգտնված հեռուստաաշտարակը, իսկ դրա սեփականության պետական գրանցման վկայականը քաղաքապետարանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, ստացել է ընդամենը այս նոյեմբերի 5-ինՙ «ՉԱՊ» ՍՊԸ-ում հարկային ստուգումների վերջին օրերին...
Մեկ ժամ ընդմիջում հայտարարելով, ապա վերսկսելով դատական նիստը, դատարանը մերժեց «ՉԱՊ» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցը, որից հետո ընկերության ներկայացուցիչը, կասկած արտահայտելով դատավորի անաչառությանը, նրան բացարկ հայտնեց: Այստեղ նիստն ընդմիջվեցՙ բացարկի պատասխանը թողնելով այսօրվան:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ