Վրաստանի «Աջ ընդդիմություն» խորհրդարանական խմբակցության հաշվարկներով, երկրի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախընտրական խոստումները ներկա դրությամբ կազմում են շուրջ 11 մլրդ լարի` մոտ 6,8 մլրդ դոլար: Եվ դա այն դեպքում, երբ պրոգրեսիվ Վրաստանի պետական բյուջեն դեռ մնում է 4 մլրդ լարիի մակարդակի վրա:
Ընդդիմության նման հաշվարկ կատարելու մոտեցումը պատճառաբանված է այն բացատրությամբ, թե այսօրինակ խոստումները նորություն չեն Սաակաշվիլու պարագայում եւ «չորս տարի տեւած ստի շարունակությունն են»: Բացի այդ, պետական բյուջեն գրեթե երեք անգամ գերազանցող խոստումների դեպքում հետաքրքրական է, թե որտեղից են ձեռք բերվելու այդ ֆինանսական միջոցները:
Ամեն դեպքում, հունվարի հինգի արտահերթ նախագահական ընտրություններում որպես թեկնածու մասնակցող Միխեիլ Սաակաշվիլու նախընտրական ճառերն իսկապես հագեցած են խոստումներով, որոնց մի մասն արդեն իսկ գործառնում է: Մասնավորապես, այս օրերին բարձրացվում են թոշակները, ուսուցիչների, մշակույթի գործիչների աշխատավարձերը:
Եթե հավատալու լինենք ոչ միայն հրապարակային դարձած նյութերին, այլեւ զուտ շրջանառվող տեղեկություններին, ապա Միխեիլ Սաակաշվիլին խոստանալիս բավականին յուրօրինակ է դրսեւորում իրեն որպես թեկնածու: Մասնավորապես, Սաակաշվիլին շատ տարածաշրջաններում գյուղացիներին տրակտորներ է խոստանում, որի իրագործումն ակնհայտորեն չի կարող ընդգրկվել Վրաստանի պետական բյուջեի հնարավորությունների շրջանակներում:
Ավելին, Սաակաշվիլին բավականին յուրօրինակ քայլ է արել` վրաց կառավարությանն առաջարկելով պատասխանատու լինել երկրի բնակչության այն պարտքերի համար, որ կուտակվել են գազի եւ էլեկտրականության դիմաց: Սաակաշվիլին առաջարկել է կառավարությանը բանակցել գազի եւ էլեկտրականության մատակարար ընկերությունների հետ եւ բնակչության վրայից հանել պարտքերը` դրանք կառավարության կողմից ավելի ուշ վերադարձնելու պայմանով:
Բավականին հետաքրքրական է, որ ազգային փոքրամասնությունների առնչությամբ եւս այս նախընտրական քարոզչության ընթացքում նկատելի են փոփոխություններ: Հենց Սաակաշվիլու դեպքում, թերեւս իր ոճի մեջ, ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի բնակավայրում հանդիպմանը դեկտեմբերի 11-ին Վրաստանի նախկին նախագահի խոսքը սկզբում հնչել է ադրբեջաներեն, ապա վրացերեն: Ընդ որում, հոլանդական հեռուստաընկերություններին հարցազրույցներ տալուց հետո Սաակաշվիլու նախընտրական քարոզարշավին միացել է նրա կինը` Սանդրա Ռուլոֆսը:
Թերեւս հայաբնակ Սամցխե-Ջավախեթիում Սաակաշվիլին խոսի նաեւ հայերեն: Դժվար է ասել, թե երբ դա կլինի, քանի որ Վրաստանի նախկին նախագահի նախընտրական այցելությունների գրաֆիկին տեղեկանալն այնքան էլ դյուրին չէ:
Ինչեւէ, երեկ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն վերջնական գրանցվել են Միխեիլ Սաակաշվիլին («Միասնական ազգային շարժում» կուսակցություն), Դավիթ Գամկրելիձեն («Նոր աջեր»), Շալվա Նաթելաշվիլին (Լեյբորիստներ), Լեւան Գաչեչիլաձեն (Միասնական ընդդիմություն), Բադրի Պատարկացիշվիլին (Նախաձեռնող խումբ), Իրինա Սարիշվիլին («Իմեդի» կուսակցություն), Գեորգի Մայիսաշվիլին (Նախաձեռնող խումբ): Ընդ որում, ԿԸՀ-ն հայտարարել է, որ որեւէ երաշխիք չի կարող տրամադրել թեկնածու Բադրի Պատարկացիշվիլուն, քանի որ վերջինս գտնվում է հետախուզման մեջ ու չնայած դրան, պատրաստվում է Լոնդոնից Թբիլիսի ժամանել այս շաբաթ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի