«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2007-12-08 | #228, 2007-12-11 | #229, 2007-12-12


«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ» ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Երեկ «Կոնվերս բանկի» մասնաճյուղ բացվեց Իջեւան քաղաքում: «Իջեւան» մասնաճյուղի բացումը 4-րդն է «Մինչեւ տարեվերջ 6 նոր մասնաճյուղ» ծրագրի շրջանակում եւ առաջին նոր բացվող մասնաճյուղն է հեռավոր մարզերում: Այս գործընթացը 2008-ին ունենալու է ակտիվ շարունակություն, «Կոնվերս բանկի» ծառայությունների փաթեթից օգտվելու հնարավորություն են ստանալու հանրապետության հեռավոր եւ գյուղատնտեսական ոլորտում ներուժ ունեցող մարզերում:

«Մենք արդեն 6 մասնաճյուղ բացել ենք եւ մինչեւ տարվա վերջ եւս երկուսը կբացենք: Ստացվեց այնպես, որ մենք ավելի շատ մասնաճյուղեր բացեցինք մարզերում, քան թե Երեւանում: Վերջին մեկ ամսվա ընթացքում բացվեցին Էջմիածնի, Աբովյանի մասնաճյուղերը: Բացվեց Իջեւանինն այսօր, եւ այս տարվա վերջին կբացենք Գյումրիում երկրորդ մասնաճյուղը, Երեւան քաղաքում` եւս մեկ մասնաճյուղ: Խնդիր ենք դրել ներկայացված լինել Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում: Սա 20-րդ մասնաճյուղն էր «Կոնվերս բանկի»: Մասնաճյուղերի ցանցը կընդլայնվի, գործառնությունների մասով բավականին անակնկալներ կունենանք», լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կոնվերս բանկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:

Ինչպես նախորդ մասնաճյուղերում, Իջեւանի մասնաճյուղում եւս որոշակի արտոնություններ կտրվեն այն հաճախորդներին, որոնք առաջիկա մեկ ամսում կդառնան բանկի հաճախորդ: Բանկի առավելություններից մեկն այն է, որ քաղաքի բնակիչը, կախված իր գտնվելու վայրից, կարող է բանկի ցանկացած մասնաճյուղից օգտվել: Սպասարկումը ամբողջությամբ իրականացվելու է մեկ պատուհանի սկզբունքով: Մեկ պատուհանի մոտ սպասարկվելու եւ կանխիկ դրամի գործառնությունները իրականացվելու են տեղում` համապատասխան ձեւակերպման աշխատանքներով:

«Հունվարից նախատեսում ենք վարկային բոլոր ուղղություններով վարկավորումը Իջեւան քաղաքում: Մինչ այդ` փուլ առ փուլ, կներդրվեն վարկային բոլոր ուղղությունները մինչեւ տարվա վերջ: Կարեւոր խնդիրներից մեկը` եկող տարվա գարնանը գյուղատնտեսության վարկավորման աշխատանքն է, որովհետեւ բանկը որդեգրել է մի քաղաքականություն, որ Հայաստանի տարբեր շրջաններում պետք է իրականացվի գյուղատնտեսության վարկավորում: Որոշ չափով լարվածություն կա նաեւ ներդրումների իմաստով, ամբողջ Հայաստանում կա ներդրումների հարցով լարվածություն: Այս տարածաշրջանում առանձնահատուկ է դա, մենք որոշակի էական փոփոխություններ կիրականացնենք եւ հնարավորություն կլինի, որպեսզի գյուղացին օգտվի վարկավորման այս տեսակից», հավելեց Տիգրան Սարգսյանը:

Ի դեպ, ընթացիկ տարեսկզբին «Կոնվերս բանկի» սեփականատերը դարձավ Էդուարդո Էռնեկյանը: Պարոն Էռնեկյանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանում բիզնեսի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բանկի հեռանկարային զարգացմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը:

«Բանկի բոլոր մասնաճյուղերը, որ գործում են տարբեր տարածաշրջաններում, մյուս տարի նոր ծառայություններ են մատուցելու մեր հաճախորդներին: Հիմնականում սոցիալական ուղղվածություն պետք է լինի եւ դա պարոն Էռնեկյանի վարած քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է լինելու: Ամեն կերպ բանկը պետք է աջակցի` ապրանքատեսակներ առաջարկի քաղաքացիներին, գյուղացիներին, տարածաշրջանի բնակչությանը: Այսինքնՙ նոր աշխատատեղերի ստեղծում, բիզնեսի զարգացում, մասնավորապես ագրոբիզնեսի զարգացում, որը Հայաստանում մեծ զարգացում է ապրում», ասում է բանկի մարկետինգի բաժնի պետ Անահիտ Սիմոնյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իջեւան-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4