Պահպանման ճիգեր
Նյու Ջերսիից մեր հայրենակից Սիլվա Տեր-Ստեփանյանը տարվա մեջ մի քանի գիրք է կազմում-պատրաստում, գրում, հրատարակում. հայ գրի, մշակույթի, եկեղեցու մասին պատմություններՙ բոլորն էլ մանկահասակ երեխաներին ուղղված: Որ հայ երեխան որտեղ էլ լինի, դասագիրք-ուղեցույց ունենա հայ գրի ու իր պատմության մասին, որ չկտրվի իր արմատներից, անարմատ որթատունկի չնմանվի:
Հայ գրի ու մշակույթի ըմբռնումներն այստեղՙ Հայաստանում այնքան են աղավաղվել, որ մենք ենք արդեն անարմատ որթատունկ դարձելՙ ստեպ-ստեպ օտար զգացողություններ ապրելով հայրենի հողում: Ու խնդիրը ավանդաբար մտածողություն կրողների համար լեզվամշակութային «նորաբանություն»-խաթարումների անընդունելի լինելը չէ միայն, այլ բարոյական ու մտածողական այն պղտոր արտանետումների վտանգը, որ այսօր այդ նույն լեզվով կարող է անել հայ մտավորականը, հայ պարզ մարդն առհասարակ: Ուստի դժվար է դառնում այսօրվա հայ իրականության արժեզրկումների այս մթնոլորտում գրել հայ գրի, մշակույթի, լեզվի, դրանց կրողների ու պահպանող-տարածողների մասինՙ մանավանդ հայրենիքից դուրս գտնվողների: Դժվար է, որովհետեւ այս նույն լեզուն ու գիրը մի դեպքում սրբազան խոսք ու տեքստ է դառնում, բարձր մշակույթ, մեկ այլ պարագայում մթնոլորտն ապականող պղծագրություն կամ կեղծ բառածածկույթ ու դատարկաբանություն: Ու հայերենը սկսվում է այնպես օտարվել քեզանից, որ կասկածի տակ ես առնում բանաստեղծի սիրելի տողերը. թեՙ «Դո՜ւ իմ մայրենի/ Եվ երանելի էՙ ով քեզանով է դատում ու խոսում»: Լեզուն էլՙ այնպես, ինչպես ամեն նյութ այս երկնքի տակ, երկսայրի էՙ թե՛ հաց է, թե՛ թույն, ե՛ւ կյանքաստեղծ է ե՛ւ մահաբեր, նայած կրողի... Թերեւս անպատեհ, բայց հակադրություն մի ռեալ, որ ուզեցի արձանագրել:
Այսպիսին է մեր իրականության լեզվամտածողական դաշտը, բայց եւ այնպես հայ գրի ու լեզվի մասին մաքուր հավատից բխող գրքեր են ստեղծվում: Եվ լավ է, որ երեխաներին են ուղղված: Հայոց լեզվի ու գրի հանդեպ Սիլվա Տեր-Ստեփանյանը գրեթե պաշտամունքի հասնող սեր է տածում ու գրքերի միջոցով փոխանցում երեխաներին: Ահա դրանցից մեկըՙ «Հայը եւ իր այբուբենը», որ հեղինակի ուսուցողական գրքերի շարքից 5-րդն է: Հեղինակի ուսուցման մեթոդը ապահովելն է երեխայի ակտիվ մասնակցությունը մատուցվող նյութին: Այբուբենն առավել գրավիչ ու պատկերավոր դարձնելու համար նա դիմում է գույնի, ռիթմի, խաղի զանազան արտահայտությունների: Այբբենարան-երգարանի յուրաքանչյուր տառի դիմաց մի քառատող, որոնց նոտագրությունն ավելի տպավորում է գիրը, դրա նշանակությունը (երաժշտության հեղինակը Վահե Հայրապետյանն է, համադրողըՙ Մանվել Մանուկյանը):
«Հայը եւ իր գրողները» օժանդակ դասագիրքը շատ պարզ ոտանավորներով երեխաներին ծանոթացնում է իր գրողներինՙ կենսագրական մեկ-երկու տեղեկություններով եւ կարճ բնութագրումներով, նրանց նկարներով:
Ցանկը բազմաքանակ է, հիմնականում ծանոթությունը սկսում է XIX դարից, մինչ այդ Նահապետ Քուչակը, Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին մեր միջնադարի մասին աղոտ պատկերացում են տալիս, ապա Խաչատուր Աբովյանից ու Ղեւոնդ Ալիշանից մինչեւ Մեծարենց, Զոհրապ ու Վարուժան, Գուրգեն Մահարի ու Վահան Թեքեյան, Ե. Չարենց ու Պ. Սեւակ եւ մինչեւ մեր օրերՙ ժամանակագրությանը այնքան էլ խստորեն չհետեւելով:
Երրորդ գրքույկը կոչվում է «Հայը եւ իր պատմությունը» եւ դարձյալ չափածո պարզ տեքստերով հեղինակը հայրենիքի նկատմամբ հպարտության զգացում է ներարկում հայ երեխայինՙ ռոմանտիկ-պաթետիզմին բնորոշ ոճով: Նախՙ հող, հավատ, լեզու, հայ ինքնության եռամիասնության գիտակցում, ապա Արարատի ու Հայկի, մեր նախնյաց փառքի վերհիշեցում (Արա Գեղեցիկ, Տիգրան Մեծ), ապա ճանաչողություն ու սերՙ մեր քրիստոնյա ինքնությանը եւ այն կերտող ճարտարապետներինՙ Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց, Սբ. Ներսես Շնորհալի, Սբ. Գրիգոր Նարեկացի: Հայոց պատմության հազարամյա էջերը փոքրիկ քառատողերի վրայով սահում-անցնում ենՙ Ավարայրից մինչեւ ապրիլքսանչորսի Մեծ եղեռն, Լենկ Թեմուրից-Սարդարապատ-զենքի ճակատամարտից մինչեւ ոգու հաղթական կամարՙ խաչքարերից Կոմիտաս: Եվ շարունակությունըՙ Հայաստանը ծաղկուն, օրինապահ երկիր տեսնելու հայի երազ, որպես աշխարհատարած հայության խարիսխ: Այս ներքին ոգեւորությունը, գունազարդ, բարձր տոնայնությունը չնայած մեր իրականության հետ կապ չունի, բայց դեպի լույսը ձգտողի կանչ-բաղձանքն է:
Նախորդ գրքերը ձեւավորել է Փոլ Սաքսուրյանը: Եվս մեկ գիրքՙ «Խաչբառեր եւ լուծումներ», որ երեխայի բառապաշարը հայերենով հարստացնելու հետաքրքրական մտահղացում է, եւ խաչբառային խաղի միջոցով ծանոթացնում է նրան հայ ազգային, հոգեւոր տոներին, ավանդույթներին ու նշանավոր մարդկանց: Յուրաքանչյուր ենթաբաժնում տվյալ նյութին համապատասխան 50-60 անգլերեն բառի դիմաց պահանջվում է դրանց հայերեն համարժեքը:
Սիլվա Տեր-Ստեփանյանի ուսուցողական գրքերը տարածվում են սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում ու արդեն Հայաստանումՙ ողջունելի արձագանքներով:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ