Պատասխանող կողմը երկրորդ անգամ բացարկ հայտնեց նախագահող դատավորին
ՀՀ տնտեսական դատարանը երեկ Գյումրիում վերսկսեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ քաղաքապետարանի հայցովՙ քաղաքի հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ-ի հեռարձակող սարքավորումներից ազատելու պահանջով նախօրյակին սկսված դատավարությունը, բայց երկու շատ կարճ նիստից հետո դատը կրկին հետաձգվեց:
Ինչպես տեղեկացվել է, պատասխանող կողմը նախորդ օրը իր հակընդդեմ հայցը չընդունելու պատճառով բացարկ էր հայտնել նիստը նախագահող դատավոր Էդուարդ Նահապետյանին: Այսօր վերսկսելով նիստը, դատավորը պատասխանող կողմին ընդամենը հայտնեց, որ բացարկը համարվել է անհիմն ու մերժվել է: Դրանից հետո պատասխանող կողմի ներկայացուցիչը դատարանին միջնորդություն ներկայացրեց առ այն, որ դատական նիստը չի կարող շարունակվել, որովհետեւ իր կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել համապատասխան ատյանինՙ հակընդդեմ հայցի չընդունման դեմ, այսինքնՙ պետք է սպասել վճռաբեկի որոշմանը: Հայտարարված մեկժամյա ընդմիջումից հետո այս միջնորդությունը եւս մերժվեց, որից հետո «ՉԱՊ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը մեկ այլՙ դատավորի Գյումրիում բնակվելու եւ քաղաքապետի հետ հնարավոր մտերիմ հարաբերությունների առկայության հիմքով կրկին բացարկ հայտնեց դատավորին: Սրանով ընդհատված եւ երկու օրով հետաձգված դատական նիստից հետո պատասխանող կողմի փաստաբան Կարեն Թումանյանը բացարկի իր այս իրավականորեն խոցելի թվացող հիմնավորումը լրագրողների առջեւ մեկնաբանեց այն նկատվող շտապողականության ստիպմամբ, որով հայցվոր կողմը եւ դատարանը ցանկանում են ավարտել գործի քննությունը, ինչը պատասխանող կողմին դատարանի անաչառությանը կասկածելու հիմք է տալիս:
Եթե քաղաքապետարանը խնդիրը արտադատական կարգով լուծելու կամ դատարանում հաշտության համաձայնագիր կնքելու մյուս կողմի բոլոր առաջարկությունները մերժում է, սա կարող է նշանակել, որ իր ներկայացրած հայցը ոչ թե ԳԱԼԱ-ի հետ նյութական կամ ֆինանսական վեճ է, այլ հենց հեռուստաաշտարակն ազատելու, այսինքնՙ հեռուստաընկերությանը եթերից զրկելու պահանջ:
Գ. Մ.