«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2007-12-11 | #229, 2007-12-12 | #230, 2007-12-13


«ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ ՓԱՌԱՏՈՆԸ» ՇՐՋԵՑ ՆԱԵՎ ԿԱՐՍՈՒՄ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Անկարայի կինոմիության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-25-ը Անկարայում, Կարսում, Սամսունում ու Սարայեւոյում անցկացվեց «Փառատոն անիվների վրա» եվրոպական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որին աջակցում էին Թուրքիայի կրթության ու զբոսաշրջության նախարարությունը եւ Կարսի քաղաքապետարանը: Կարսի փառատոնի տնօրեն Բաշակ Էմրեի հրավերով, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն ու գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ինձ հնարավորություն տվեցին (որպես պարգեւատրում) մասնակցելու Կարսի «Ոսկե սագ» կինոփառատոնինՙ նոյեմբերի 9 -16-ը: Այդ ուղեւորությունն, անշուշտ, լավ առիթ էր հարեւան երկրի կինոփառատոնի մասին պատկերացում կազմելու, բայց ամենից առաջ հրաշալի նվեր էրՙ Կարսում, Անիում, Սարիղամիշում, Վանում առաջին անգամ լինելու: Այդ օրերից տպավորություններս այնքան հարուստ էին, որ մեկ նյութում հնարավոր չէր ամփոփել: Փառատոնի մասինՙ ստորեւ, իսկ ամենաթանկ պահերի մասինՙ «Ազգի» առաջիկա հավելվածում:

Տաշտի մեջ դրված մեծ սագըՙ Կարսի փառատոնի խորհրդանիշ

Կարսեցի աղջնակը երկար կինոժապավենը քաղաքի փողոցներով տանում հասցնում է Անիի ավերակներ, հետո նստում է կինոժապավենի կծիկի վրա ու սպասում ընկերներին: Երբ հավաքվում են բոլորը, հանում է կինոժապավենն ու քարով կտրտում, որ բոլորին հասնիՙ այս տեսահոլովակով էին սկսվում փառատոնի ֆիլմերի ցուցադրությունները:

Տեսահոլովակում նկարահանված աղջնակը փառատոնի փակման արարողության ժամանակ Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուից ստացավ փառատոնի խորհրդանիշըՙ տաշտի մեջ դրված թաղիքե մեծ սագը, ու հետո բեմի վրա թռչկոտելով պարեց քաղաքապետի հետ: Մինչ այդ Ալիբեյօղլուն ոգեւորված խոսում էր փառատոնի մասին, կատակումՙ զվարճացնելով միայն թուրքերեն հասկացողներին, իսկ հյուրերը ժպտում էինՙ սպասելով թարգմանության, որն այդպես էլ տեղի չունեցավ:

Մրցութային ծրագրում ընդգրկված գեղարվեստական ֆիլմերից միջազգային ժյուրին մրցանակի արժանացրեց հետեւյալ կինոբեմադրիչների աշխատանքներըՙ «Ոսկե սագը» (20 հազար եվրո) հանձնվեց սերբ կինոբեմադրիչ Սերդան Գոլուբովիչինՙ «Ծուղակ» ֆիլմի համար, «Արծաթե սագը» (5 հազար եվրո)ՙ էստոնացի Իլմար Ռագինինՙ «Դասարանը», «Բրոնզե սագը»ՙ լեհ կինոբեմադրիչ Անդրեյ Ջակիմովսկունՙ «Մանր խաղեր»: Թուրք կինոքննադատների հատուկ մրցանակը շնորհվեց ռումինացի Նեի Կառանֆիլի «Մնացածը լռություն է» ֆիլմին: Կարճամետրաժ 25 ֆիլմերից մրցանակ ստացավ հունգարացի Մարտոն Սզիմայի «Փորոտիքը եւ սոխը» ֆիլմը:

Կինոփառատոնի փակման ֆիլմ էր ընտրվել մրցութային ծրագրում ցուցադրված Սեմիհ Կապլանօղլուի «Հավկիթ» թուրքական գեղարվեստական նոր ֆիլմը: Իզմիրում ծնված այս կինոբեմադրիչը մի քանի կարճամետրաժ ֆիլմերից հետո 2000թ. նկարահանել է «Տնից հեռու» գեղարվեստական ֆիլմըն ու եւ միանգամից արժանացել է մի քանի մրցանակի: Նրա «Հրեշտակների անկումը» ցուցադրվել է Բեռլինի 55-րդ կինոփառատոնում, իսկ «Հավկիթ» ֆիլմը արտասահմանյան մամուլում վերջերս բնութագրվել է որպես պոետիկ կինոարվեստի հաջողված նմուշներից մեկը: Ֆիլմի հիմնական գաղափարը վերադարձն է դեպի արմատներ, հայրենի գյուղ, հարազատ տուն: Պետք չէ զարմանալ, որ ֆիլմի գլխավոր հերոսի հայրենի գյուղը Արեւմտյան Հայաստանում է:

«Դրսեցիները»ՙ Հրանտ Դինքի հիշատակին

Փառատոնի ծրագիրը հագեցած էր ոչ միայն մրցութային ֆիլմերով, այլեւ նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի «Ձյունը» վեպի մոտիվներով եվրոպական 19 երկրների երիտասարդ կինոբեմադրիչների կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումներով, Անկարայի, Դիարբեքիրի ու Վրաստանի կինոինստիտուտների ուսանողական կինոնախագծով, համաձայն որի նկարահանվեց վավերագրական 3 ֆիլմ Կարսի մասին: «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում տեղ էին գտել համաշխարհային ճանաչում ունեցող կինոբեմադրիչներ Միքելանջելո Անտոնիոնիի, Ինգմար Բերգմանի, Ռոբերտո Ռոսելինիի, Ռոբերտ Բրեսոնի, Մայքլ Հանեկեի ֆիլմերից մի քանիսը: «Հատուկ ցուցադրություն» բաժնի համար ընտրվել էր այս տարվա Կաննի կինոփառատոնում մրցանակի արժանացած ռումինական «4 ամիս, 3 շաբաթ եւ 2 օր» գեղարվեստական ֆիլմը:

Վավերագրական ֆիլմերի ծրագիրըՙ «Դրսեցիներ» անվանմամբ, նվիրված էր Հրանտ Դինքի հիշատակին: Փառատոնի կատալոգում այդ բաժինը բացվում է Հրանտ Դինքի լուսանկարով եւ «Լինել դրսեցի Թուրքիայում» հոդվածով, որն այս տարվա հոկտեմբերի 7-ին լույս է տեսել թուրքական «Հուրիեթ» թերթում (հեղինակՙ Օրալ Գալիշլար): «Շուրջս նայելով ցավում եմ, որ մարդկանց մեծ մասը «դրսեցիների» հանդեպ ցուցաբերում է մակերեսային մոտեցում: Մերժում եմ դաժան ժխտողականությունն ու ստորացնող վերաբերմունքը նրանց հանդեպ: Ընդունում եմ, որ ժամանակին չարիք ենք պատճառել հայերին, քրդերին, արաբներին, հույներին, կանանց: Լինելով սոցիալիստ, ինքս էլ հասարակության մեջ միշտ եղել եմ «դրսեցի»: Հավանաբար սոցիալիստական աշխարհի փլուզումն իր դերն ունեցել է այս ամենում: Մեծ ազդեցություն են ունեցել նաեւ վերջին 20-25 տարիներին ավելի ցցուն դարձած քրդական, հայկական հարցերի վերաբերյալ առաջացած պատկերացումները», գրել է Օրալը:

Իսկ Անկարայի կինոմիության պատրաստած տեքստում կարդում ենք հետեւյալըՙ «Թուրքիայում հայերը միակ ժողովուրդն են, որոնց վերաբերվում են որպես «դրսեցիների», ճիշտ այնպես, ինչպես Գերմանիայումՙ թուրքերին»: Ինչպիսի՜ համեմատություն: Ի՞նչ է սաՙ պատմական անցյալի մասին անտեղյակությո՞ւն է, թե՞ օտարի աչքերը փոշեպատելու հարատեւ նենգություն: Անկասկած, երկուսն էլ, որովհետեւ իր հասարակությանը տեղեկատվական արգելափակման մեջ դնելով պատմական փաստերը կոծկելու Թուրքիայի քաղաքականությունը վերջ չի գտնելու: Հայաստանի ու հայերի, կամ մեկ այլ ազգի մասին ինտերնետով որեւէ տեղեկություն փնտրելիս հրամցվում է միայն թուրքական տեսակետը: Ավելի պարզ ասածՙ որոնման բոլոր սայթերը բացվում են թուրքերեն:

Փառատոնի հյուրերի համար հատկացված համակարգչային սենյակ մտնողներն առաջին օրերին շարունակ հարցուփորձ էին անում «Յահու» մտնելու մասին: Հետո պարզվեց, որ անգլերեն «Յահուն» առանց թուրքերեն «Գուգլ»-ի չի բացվում, իսկ վերջինս էլՙ ոչ մի կերպ անգլերեն չի կարդացվումՙ բացվում է ու միանգամից փոխվում թուրքերենի: Ամեն ինչ է փոխվում թուրքերենի, նույնիսկ համակարգչային ստեղնաշարերը: «Յահու» գրելու համար գերմանաբնակ կինոբեմադիչներից մեկը երկար տանջվեց, որովհետեւ թուրքերեն Ա տառը ստեղնաշարի վրա ոչ մի կապ չուներ լատինատառ Ա -ի հետ: «Սա մի ուրիշ աշխարհ է», եղավ երկուսիս արձագանքը:

Հայկական դեմքերՙ Կարսի արվեստի կենտրոնում

Փառատոնի օրերին բացված գեղարվեստական աշխատանքների մի քանի ցուցահանդեսներից ամենագրավիչը մեզ համար ամերիկաբնակ լուսանկարիչ Աթիլլա Դուրաքի լուսանկարչական աշխատանքներն էինՙ ցուցադրված քաղաքի արվեստի կենտրոնում: «Էբրու: Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումը» ցուցահանդեսի կազմակերպիչների թվում էր նաեւ պոլսահայ Թագուհի Թովմասյանը:

Իր մասին լուսանկարիչն ասում էՙ «Ծնվել եմ Գյումուշհանեում, որն Անատոլիայի շատ քաղաքների պես կրում էր տարբեր մշակույթների հետքեր: «Հին քաղաքում» կար մի հանք, որտեղից արծաթ էին ստանում Օսմանյան մետաղադրամները հատելու համար: Մանուկներիս աչքին հին քաղաքը նման էր ուրվականների քաղաքի: Դժվար էր պատկերացնել, որ մի ժամանակ այդ փողոցները լցված են եղել հայ թիթեղագործների մուրճերի զարկերով ու սեփական խանութների դռները բացող հույներով: Մանկության պարգեւած անսահման երեւակայությամբ խաղում էինք ամայի փողոցներում, զվարճանալով մեզ թողնված «ուրվականների» կացարաններում, ուր մի ժամանակ թրթռուն կյանքով համայնք էր ապրել: Մեր խաղերից ամենազգայացունցը հին եկեղեցիների վրա քարեր նետելն էր: Եկեղեցիների մեծ մասն ավերակ էրՙ մատնված անտերության: Այն քարը, որ ջարդեց եկեղեցիներից մեկի կեղտոտված վերջին ապակին, իմ նետածն էր: Այն ժամանակ ես ինը տարեկան էի:

1993 թվականին, հուլիսյան մի գիշեր հեռուստալուրերը լսելու ժամանակ իմացա, որ ամբոխը շրջապատել էր Սվասի «Մադիմակ» հյուրանոցը, ուր ժամանել էին բազմաթիվ արվեստագետներ ու մտավորականներՙ մասնակցելու «Սուլթան Աբդալի» փառատոնին: Լուսադեմից առաջ ամբոխն այրել էր ավելի քան 37 մարդու: Յուրաքանչյուր անուն, որ հաղորդավարն արտաբերում էր զգայազուրկ, հստակ ձայնով, խորապես ծանրացավ հոգուս վրա: Այն ժամանակ ես 26 տարեկան էի: Հետադարձ հայացք նետելով կյանքիս հասկանում եմ, որ դրանք էին այն երկու նշանակալից փորձությունները, որ ինձ ստիպեցին զբաղվել «Էբրուով»:

Թուրքիայի Գյումուշհանե քաղաքում 1967թ. ծնված Դուրաքն ավարտել է Մերձավոր Արեւելքի տեխնիկական համալսարանը, որից հետո տնօրեն է աշխատել Ստամբուլի ջազ ակումբում: Այնուհետեւ տեղափոխվել է Նյու Յորք, հրապուրվել արվեստով, հատկապես լուսանկարչությամբ: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ երկրներում, իսկ 2000-2007 թթ. աշխատել է իր նորՙ «Էբրու: Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումը» ալբոմի վրա: Շապկի համար նա ընտրել էր համշենահայ կնոջ լուսանկարը, որի արտասովոր հմայքն իրոք գերող է: Ցուցահանդես մտնողներն ամենից երկար կանգնում էին այդ լուսանկարի առջեւ:

Դուրաքը շրջել է ամբողջ Թուրքիայի տարածքում, նաեւ Արեւմտյան Հայաստանումՙ լուսանկարելով իրեն հմայող բոլոր դեմքերըՙ համշենցիներ, քրդեր, հայեր, մալականներՙ քրիստոնյա թե մահմեդական: Համշենցի կնոջը լուսանկարելիս հազիվ թե Դուրաքն իմանար նրա հայ լինելու մասին: Ո՞վ գիտե, գուցե եւ գիտե՞ր:

Թուրքական կինո - 2007

Այս ծրագրում ցուցադրվեց թուրքական գեղարվեստական 3 նոր ֆիլմՙ «Փախստականը», «Թաքնված դեմքեր», «Երկնքի եզրին»: Առաջինի բեմադրիչը Արդահանում ծնված Ռեյիս Չելիքն է: Լրագրությունից կինոարտադրություն անցնելով 2003 թ. նկարահանել է Անատոլիայի (Արեւմտյան Հայաստան) բանագիտական ավանդույթների մասին պատմող ֆիլմ: «Փախստականը» նկարահանելուց առաջ նա մեկնել է Գերմանիա, զրուցել փախստականների ճամբարում բնակվողների հետ, ծանոթացել նրանց կյանքի պատմություններին: Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմությունՙ տղամարդն ընդդիմանում է հայրենիքից հեռանալու կնոջ ցանկությանը: «Սա մի իրողություն էՙ բնորոշ ոչ միայն Թուրքիային ու Գերմանիային: Նույնը կարող է պատահել ամենուրեքՙ Մ.Նահանգներից մինչեւ Աֆրիկա, Չինաստան եւ Աֆղանստան: Այս դրաման մշտապես ուղեկցել է մարդուն, այն գոյություն կունենա նաեւ ապագայում», կարծում է կինոբեմադրիչը:

«Թաքնված դեմքեր» ֆիլմի կինոբեմադրիչը կին էՙ Անկարայում ծնված Հանդան Իփեկչին: Սա նրա երրորդ աշխատանքն է, որում արտացոլված են Թուրքիայում լայն տարածում ունեցող «պատվի համար» սպանությունները, դրանք օրենքով թույլատրելի են համարվել մինչեւ անցած տարի: Պրոֆեսիոնալ առումով բավականին թույլ այս ֆիլմը դիտվում է զուտ որպես կյանքի իրական պատմությունՙ հերոսների դառն ու խորտակված ճակատագրով: Ամենասոսկալին այն է, որ «պատվի համար» նրանց դաժանորեն սպանողներն իրենց արյունակիցներն ենՙ անսրտության ահռելի չափաբաժնով, գթասրտության եւ ոչ մի պտղունցով:

«Երկնքի եզրին» ֆիլմի հեղինակը Համբուրգում ծնված թուրք կինոռեժիսոր Ֆաթին Ակինն է: Նրա այս կինոգործը Կաննի կինոփառատոնում արժանացել է էկումենիկ ժյուրիի մրցանակին: Մահվան եւ սատանայի մասին ֆիլմեր նկարահանող Ֆաթինն ասում է, որ ինքն իրեն բացահայտել է գերմանական ու թուրքական մշակույթների միջոցովՙ «Կրթվել եմ Եվրոպայում, սակայն մեծացել եմ ծնողներիս հետ թուրքերեն խոսելով: Թուրքական մշակույթը միշտ եղել է իմ կյանքի բաղկացուցիչ մասը: Մանկությանս տարիներին ամեն ամառ գնում էինք Թուրքիա: Այդ երկու մշակույթների ազդեցությունը նկատելի է նաեւ իմ ֆիլմերում»:

Հիմա հասկանալի է, թե ինչո՞ւ են նրա ֆիլմերը նվիրվում սատանային ու մահվանը:

Աթաթուրքըՙ կինոյի հզոր դերի մասին

Կինոյի ներգործուն ուժը շեշտելու համար թուրքերը մեջբերում են Աթաթուրքի մտքերը, ինչպես մեզանում խորհրդային տարիներին ամենուրեք հնչում էին Լենինի հայտնի խոսքերըՙ «Բոլոր արվեստներից մեզ համար ամենակարեւորը կինոն է»:

Ահա թե կինոյի մասին ինչ է ասել Աթաթուրքըՙ «Կինոն այնպիսի հայտնագործություն է, որն օրերից մի օր քաղաքակրթության ընթացքը կփոխի ավելի շեշտակի, քան աշխարհի բոլոր հայտնագործությունները: Կինոյի միջոցով մարդիկ կճանաչեն ու կսիրեն միմյանց: Կինոն արմատախիլ կանի բոլոր տարակարծությունները, կվերացնի մարդկանց արտաքին տեսքի տարբերություններն ու կնպաստի իդեալականին հասնելուն: Մենք պետք է կինոն գնահատենք ըստ արժանվույն»: Ասվածից հետեւում է, որ Աթաթուրքը կինոն դիտել է որպես մտքի համահարթեցման միջոցՙ մարդկանց զրկող ինքնությունից եւ ինքնատիպությունից: Բաղադրիչներ, խիստ բնորոշ թուրքական քաղաքականությանը:

Կարս-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4