«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2007-12-11 | #229, 2007-12-12 | #230, 2007-12-13


«ՀԱՅՖԻԼՄԻՆ» ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ

Անցած տարվանից «Հայֆիլմ» կինոստուդիային փոխարինելու եկած ազգային կինոկենտրոնը փորձում է վերակենդանացնել վերջին տարիներին մեզանում գրեթե անշնչացած կինոարտադրությունըՙ կապեր ստեղծելով միջազգային տարբեր կինոմիությունների ու կինոարտադրողների հետ, հայ կինոն ներկայացնելով տարբեր կինոփառատոներում ու կինոշուկաներում, կազմակերպելով հայկական կինոյի օրեր, շաբաթներ ու տասնօրյակներ:

Անցնող տարում գրեթե ավարտին են հասել Ալբերտ Մկրտչյանի «Այգաբաց», Հարություն Խաչատրյանի «Չվող թռչյուններ», Դավիթ Սաֆարյանի «Նա եւ Նե» («Տաք երկիր, ցուրտ ձմեռ») ֆիլմերը: Սկսվել են Միքայել Դովլաթյանի «Սողանք» եւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմերի նկարահանումները: Արտադրության են իջեցվել 4 դեբյուտային ու մեկ կարճամետրաժ ֆիլմեր, շուտով կսկսվեն դեբյուտային 2 ֆիլմերի եւ Արամ Շահբազյանի «Չնչիկը» ֆիլմի նկարահանումները: 2007 թվականին մտահղացված ծրագրերի մասին խոսելիս կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ամենից առաջ շեշտում է հետեւյալըՙ «Առաջին անգամ սկիզբ դրվեցին այնպիսի ծրագրերի, որոնք երբեւէ գոյություն չէին ունեցել: Դրանցից մեկը մանկական երգիծական ծրագիրն էՙ 24 սյուժեից բաղկացած, որը, կարծում եմ, լայն արձագանք կգտնի մեզանում, մանավանդ որ դրանում ընդգրկված են մեծ թվով երիտասարդներ: Հեղինակներն են Արմեն Դավթյանը, Գագիկ Հարությունյանը, Տիգրան Խզմալյանը, որոնք արդեն իսկ աշխատել են այդ ծրագրում:

Այս տարվա նորամուծություններից էր նաեւ ուսանողական դեբյուտ կոչվող ծրագիրը, որը մեզ թույլ կտա ուսումնական հաստատությունների հետ համագործակցելով պատրաստել կինոարտադրությանն անհրաժեշտ մասնագետներՙ սցենարիստից մինչեւ դեկորատոր: Երրորդ կուրսից սկսած ուսանողներին տալու ենք դեբյուտի հնարավորությունՙ անհրաժեշտ գումարով, որպեսզի բուհն ավարտելուց հետո նրանք պատրաստ լինեն զբաղվելու իրենց բուն մասնագիտությամբ: Կինոկենտրոնի հիմնական գործառույթը հենց դա էՙ ներգրավել երիտասարդներին, ճանաչելի դարձնել հայկական կինոն, հնարավորինս շատ ջանքեր թափել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի շրջանում հայ կինոարվեստը զգալի անկում ապրեց: Հաջորդ հարցը, որի վրա բեւեռվեց մեր ուշադրությունը, Հայաստանի մարզերում կինոցուցադրումներ անցկացնելու անհրաժեշտությունն էր: Այս տարի առաջին քայլն արեցինք մեկնելով Սառնաղբյուր գյուղ, Գավառ, Մարալիկ, հիմա պատրաստվում ենք գնալ Սյունիք: Գյուղերում մարդիկ այնքան ջերմ են ընդունում մեզ, այնպիսի ուրախություն է հայտնվում նրանց դեմքին, որ մտածում ես, թե ինչքան մեծ կարոտ կա կինոարվեստի հետ շփվելու: Հեռուստացույցի մեջ իրենց գլուխը խրած 15-20 տարեկան երիտասարդներն առ այսօր չգիտեին, որ պատի վրա կարելի է ֆիլմ ցուցադրել: Նրանց համար դա իսկական հայտնություն էր: Հիմա համոզվեցին, որ կինոդահլիճում ֆիլմ դիտելը բոլորովին այլ հաճույք է, ուրիշ հրճվանք: Եկող տարվանից կունենանք շրջիկ կինոթատրոն եւ ուրախության այդ զգացումը կպարգեւենք մեր բոլոր գյուղերում ապրողներին»:

Եկող տարվա կինոկենտրոնն ունի հագեցած ծրագրեր. մուլտիպլիկացիոն 5 նոր կինոնկարների արտադրություն` Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի 7-րդ մասը, Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգը», Նարինե Մուրադյանի «Մումի տրոլը», Վրեժ Քասունու «Ավրորան», Ռոբերտ Սահակյանցի «Ճանապարհ դեպի տուն» մուլտֆիլմի 3-րդ մասը: Դեբյուտային ֆիլմերից բացի կհայտարարվի գեղարվեստկան ֆիլմերի սցենարների մրցույթՙ նախապատվությունը տալով մանկական ու կատակերգական ժանրերին:

Գեւորգյանը հպարտորեն ասաց, որ ամենայն հավանականությամբ Կաննի կինոփառատոնի հաջորդ տարվա մրցութային ծրագրում կընդգրկվի Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» նորավարտ գեղարվեստական ֆիլմը, որի ձայնագրման աշխատանքներն այժմ կատարվում են Ֆրանսիայում: «Մոնտաժից հետո ֆիլմը դիտած մասնագետները շատ բարձր են գնահատել ֆիլմի պրոֆեսիոնալ մակարդակը: Սա Հայաստանի, Ֆրանսիայի, Նորվեգիայի եւ Հոլանդիայի համատեղ կինոաշխատանքն էՙ չափազանց արդիական թեմայով»:

Հաջորդ տարի կավարտվի նաեւ հայ-ֆրանսիական «Երկրորդ ճանապարհորդություն» ֆիլմըՙ Արմեն Ջիգարխանյանի, Պիեռ Աբգարյանի մասնակցությամբ: Կունենանք նաեւ կարճամետրաժ եւ նույնիսկ ռոք ֆիլմեր: Մեկ տարվա ընթացքում կատարած այսքան աշխատանքով ազգային կինոկենտրոնն իրոք լավատեսական տրամադրություն է ներշնչում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4