«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2007-12-12 | #230, 2007-12-13 | #231, 2007-12-14


ՀՀՇ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԻՐ «ԲԱՐԻ ԱՆՈՒՆԸ» ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Երբ հոկտեմբերի 30-ին անհայտ մեկը զանգահարեց «Շանթ» հեռուստաընկերություն եւ սպառնաց, որ եթե մի անգամ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին զրպարտչական որեւէ խոսք հնչի եթերից, ինքը հաշվեհարդար կտեսնի «Շանթի» լրագրողների եւ նրանց հարազատների հետ, ենթադրում, թե՞ վստահ էր «ահաբեկիչը» կամ հեռախոսային խուլիգանը, որ իր հեռախոսազանգը ոչնչից մեծ աղմուկ է դառնալու: Մինչ իրավապահները կպարզեն նրա ինքնությունը, լուրն արդեն «Շանթի» «Հորիզոն» ծրագրից սկսած ու մի քանի երանգ փոխած հայտնվել է նաեւ մամուլի էջերում: Մասնավորապես, «Փակագիծ» թերթն այն վերնագրել է «ՀՀՇ-ն սպառնում է» եւ զետեղել է իր առաջին էջում: Բայց երեկ Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում ՀՀՇ-ն վիճարկում էր հետեւյալ նախադասությունը, որը հնչել է «Հորիզոն» հեռուստածրագրով հայտարարված լուրից հետո, թե` «Մենք դատապարտում ենք ցանկացած ահաբեկչական քայլ եւ կամ սպառնալիք, լինի դա ՀՀՇ-ի, թե մեկ այլ քաղաքական ուժի կողմից»: Հայցվորի պնդմամբՙ այդպես հնչեցրել է «Հորիզոն» լրատվական ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը, մինչդեռ, ըստ նրա գործընկերուհու, «լինի դա ՀՀՇ-ի» արտահայտություն չի եղել: ՀՀՇ վարչության անդամ եւ կուսակցության շահերի պաշտպան Կարեն Կարապետյանն էլ գտնում է, որ իր իսկ մեջբերած նախադասությունը «սուբյեկտիվ գնահատական է, ՀՀՇ-ի անվանումն անհարկի կապվել է այս հեռախոսազանգի հետ, որն էլ վնասել է կուսակցության բարի համբավն ու վիրավորել անդամների եւ կուսակցության համակիրների արժանապատվությունը»:

Դատավոր Սարո Արանյանն այս արտահայտության բարձրաձայնումն ու ՀՀՇ-ի «բարի համբավի վերականգնումը» հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 24-ը, գործին պատասխանող կողմի խնդրանքով ներգրավելով «Փակագիծ» թերթի ներկայացուցչին` որպես երրորդ անձի:

Ինչ վերաբերում է հայցվոր եւ պատասխանող կողմերին, ՀՀՇ-ն դեռ պետք է ապացուցի, որ «Շանթը» արատավորել է իր բարի անունն ու համբավը, իսկ «Շանթն» էլ ապացույցն աչքի առաջ ունենալով, կամ հերքում հրապարակի, կամ էլ ոչ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4