Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպան Օննո Էլդերենբոշն այսօր երեկոյան, «Երեւան» հյուրանոցում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին կհանձնի «Արքայազն Կլաուսի անվան մշակույթի զարգացման» հիմնադրամի 2007 թվականի մրցանակըՙ «Մշակույթ եւ հակամարտություն» թեմայով: Հեղինակավոր այս մրցանակը Խաչատրյանին շնորհելուց առաջ 10 հոգուց բաղկացած միջազգային ժյուրին ուսումնասիրել է կինոռեժիսորի ստեղծագործական ուղին, դիտել 1981 թվականից ի վեր նրա ստեղծած վավերագրական հետեւյալ ֆիլմերըՙ «Թաղի ձայները» (1981), «Կոնդը» (1987), «Վերադարձ ավետյաց երկիր» (1991), «Պոետի վերադարձը» (2006), արժեւորելով հետեւյալ խոսքերովՙ «Հարություն Խաչատրյանին շնորհվում է «Արքայազն Կլաուսի մրցանակըՙ իր ֆիլմերի գեղարվեստական որակի եւ հուզական բովանդակության, ներքին բախումների ու հակամարտությունների պատճառած տառապանքներն արվեստի արտահայտչամիջոցներով ճշմարտացիորեն արտացոլելու եւ իրական կյանքի բանաստեղծական պատկերը սերունդներին ի պահ տալու համար»:
Այս առիթով «Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի կունենա Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրման ու լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:
«Ի՞նչ զգացումներ ունեք մրցանակը ստանալուց առաջ, ի՞նչ խորհուրդ ունի այն ձեր կյանքում», մեր հարցին Հարություն Խաչատրյանը պատասխանեց. «Այս մրցանակը ստեղծագործական կյանքիս մի ամբողջ փուլի գնահատանք է: Երկար սպասված ծափահարությունն է բոլոր այն ֆիլմերիս, որոնք ժամանակին համարվել են ապազգային, քարկոծվել, անտեսվելՙ իրենց մեջ պարունակած խոր անհանգստությունների պատճառով: Տարիներ պիտի անցնեին հասկանալու համար, որ այդ անհանգստությունները պետք են աշխարհին ու մարդկանց: Իմ ֆիլմերը դիտելուց հետո մարդիկ երկար ժամանակ չեն ազատվում անհանգիստ մտքերից, անսովոր հուզումներից: Այս մրցանակն ինձ համար նաեւ երջանկություն է, որովհետեւ դրան արժանանում եմ ոչ թե մարդկանց ժամանցային տրամադրություն պարգեւելու, այլեւ իրականության հետ դեմ հանդիման կանգնելու, ճանաչելու ու խորհելու առիթ տալու համար»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ