«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2007-12-13 | #231, 2007-12-14 | #232, 2007-12-15


ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հերթական անգամ այցելելով Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական հոյակապ համալիր եւ հիանալով արդեն երկինք հառնած, ճիշտ է, առայժմ սոսկ «բետոնակուռ» մայր տաճարով, արդեն ձեւավորվող մատուռով ու հասակ առնող վարչական շինություններով, ակամա վերհիշեցի վերջերս Ադրբեջանի արտգործնախարարության մակարդակով արված մի հայտարարություն` ուղղված Ռուսաստանի իշխանություններին, բայց առնչված մեզ: Հայաստանի հետ կապված բոլոր իրադարձությունների «դատապարտումները» Բաքվում վաղուց են կրում խրոնիկական, ռուսները կասեին` կլինիկական բնույթ: Բայց այս մեկը պարզապես կատարյալ բթամտություն է ու քաղաքական աննախադեպ անտակտության դրսեւորում Ռուսաստանի նկատմամբ:

Լենինյան կովկասցի թաթարները դիմել էին ռուսական կողմին, խոր «մտահոգություն» հայտնելով, որ հայերը Մոսկվայում կառուցում են եկեղեցի «նորնախիջեւանյան» անունով: Մինչդեռ պարզվում է, որ Ադրբեջանի կազմում կան նման անունով ինքնավար հանրապետություն ու քաղաք: Հետեւաբար, Ռուսաստանի մայրաքաղաքում համանուն հայկական եկեղեցի կառուցելու փաստը պետք է դիտել որպես Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի... տարածքային պահանջների ծրագրի բաղկացուցիչ մաս: Ավելին, Ազերստանի պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնում, որ Ռուսաստանը հնարավորություն չի տա շարունակելու նման անունով հոգեւոր կենտրոնի շինարարությունը:

Ա՜յ քեզ բան... Ի դեպ, իհարկե ոչ այս «հայտարարության» կապակցությամբ, նախագահ Պուտինը նորերս մի շարք երկրների զգուշացրեց, որ նրանք իրենց «փսլնքոտ քիթը» չխոթեն իր երկրի ներքին գործերի մեջ: Ճիշտ է, ռուսական կողմը «հնամյա» ազերիներին պատմական դաս էր տվել, որ Դոնի Ռոստովում եղել է համանուն քաղաքՙ Նոր Նախիջեւան, բայց արդյոք հասո՞ւ է դա Ալիեւի զավակներին:

Նվաստս այլ կերպ վարվեց. վերցրեցի հայոց լեզվի դարձվածաբանական բառարանը եւ սկսեցի «էշ» հոդվածի տակ փնտրել ազերների տխմարաբանությանը հարմար արտահայտություն: Եվ գտա` «էշն ախոռից կզռա»: Թեեւ վատ չի հնչում նաեւ մեկ ուրիշը` «էշը ծառ բարձրացավ»...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4