Հայաստանը փո՞քր խաղացող է արտաքին գործոնից խուսափելու համար
«Հայ ազգը համաշխարհային ազգ է եւ, մեր կուսակցության դիրքորոշմամբ, պետք է ինտեգրված լինի միջազգային կառույցներին: Սա նշանակում է, որ մենք չենք կարող խուսանավել բոլորի համար ընդունված կանոններից, բայց մեր ներքին քաղաքական կյանքի օղակներն այնքան թույլ են, որ այդ տեսանկյունից արտաքին միջամտությունը չի կարող լավ լինել», երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրված «Արտաքին գործոնը ՀՀ նախագահի ընտրություններում» թեմայի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺՄ անդամ Անահիտ Ավոյանը: «Օրինակ, դրսից գալիս սոցհարցում են անում, ուղղում մեր հասարակությանը: Եթե մենք ազգային հայեցակարգ ունենայինք, կարող էինք ասել` սա կարելի է, սա` ոչ: Շատ են չափազանցում արտաքին գործոնի ազդեցությունն, ու այդ ազդեցությունը իշխանություններն օգտագործում են ժողովրդին ուղղորդելու համար», ասաց ԱԺՄ ներկայացուցիչն ու հավելեց, որ արտաքին գործոնից Հայաստանը չի կարող խուսափել, մնում է սեփական դեմքը չկորցնի:
«Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղար, պատգամավոր Վարդան Խաչատրյանի կարծիքով արտաքին աշխարհի ազդեցություններից կարող է խուսափել միայն այն երկիրը, որտեղ անջրպետ չկա իշխանությունների եւ ժողովրդի միջեւ. «Արտաքին ազդեցությունների հանդեպ դիմակայող են միայն այն երկրները, որտեղ գոյություն ունի իշխանության եւ ժողովրդի միասնականություն, եւ նրանց միջեւ գոյություն չունեն այնպիսի խոր հակասություններ, որոնք ատելության դաշտ ձեւավորեն»: Իսկ որ մեզ մոտ իրավիճակն այդ իմաստով, մեղմ ասած, հուսադրող չէ, քաղխորհրդի քարտուղարը վստահ է. «Ասել, որ ասենք Հայաստանում ընտրությունները որպես այդպիսին եղել են լեգիտիմ իշխանության ձեւավորմանը նպաստող, երեւի կլիներ չափազանցություն: Բազմաթիվ միջազգային դիտորդների ձեւակերպմամբ մենք միշտ ունեցել ենք ընտրությունների ժամանակ լուրջ խնդիրներ, եւ ձեւավորվող իշխանությունը, որպես այդպիսին, զգալի չափով զուրկ է եղել այդ դիմակայությունից»:
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունները, ՕԵԿ փոխնախագահ, պատգամավոր Մհեր Շահգելդյանի գնահատմամբ, ոչ թե աշխարհաքաղաքական, այլ աշխարհառազմավարական կենտրոնների ուշադրության առանցքում են: «Հարցումներ են կազմակերպվում, իրականությունն են փորձում պարզել եւ էստեղ մի կարեւոր խնդիր կա` ազատ ընտրությունները, լեգիտիմ իշխանությունը: Սա այն կարեւորագույն խնդիրն է, որը Հայաստանի Հանրապետության համար գերակա է լինելու ե՛ւ հզորացնելու, ե՛ւ թուլացնելու դիրքերն արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Եվ բացի այդ, որեւէ արտասահմանյան երկրի, մասնավորապես ռազմավարական կենտրոնների համար խիստ կարեւոր է տեսնել եւ հասկանալ, թե իրենք ում հետ գործ ունեն` լեգիտիմորեն ընտրված իշխանությա՞ն հետ. իշխանություն, որ ունի ձայներ եւ վստահություն, թե՞ իշխանություն, որն, ասենք, անցել է կաշառքներով, վարչական ռեսուրսներով եւ այլն: Այսինքն, այստեղ կա զուտ հարաբերվելու խնդիր», ընդգծեց Մհեր Շահգելդյանը:
ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը հիշեցրեց իրենց կուսակցության դիրքորոշումը, որ մերժում են ամեն մի արտաքին միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին, հատկապես, երբ մենք կանգնած ենք այնպիսի լուրջ խնդիրների առջեւ, ինչպիսին է Ղարաբաղի հարցը: «Եթե մենք փորձենք թույլ տալ ներգործող ուժ, սա իսկապես կարող է խախտել մեր ժողովրդավարական գործընթացը, իսկ նման երկրի հետ միշտ չէ, որ հաշվի են նստում: Դաշնակցության կողմնորոշումը միանշանակ է` երրորդ ուժը բացառել, եթե դա կապ ունի ներքաղաքական իրավիճակների հետ: Մենք երրորդ ուժին (չհստակեցրեց որն է, հավանաբար նկատի ուներ արտաքին միջամտությունը-Գ. Գ.) ընդունում ենք միայն այս գործընթացներից հետո, երբ թափանցիկ եւ արդար ճանապարհով կընտրվի նախագահ, իսկ այդ ճանապարհով ընտրված նախագահի հետ յուրաքանչյուր երկիր կարող է հաշվի նստել, բայց միջամտող ուժը միանշանակ մեզ համար մերժելի է»:
Արտաքին տնտեսական ոլորտում մեր երկիրը բացահայտ կախվածություն ունի գոնե երկու երկրներից: Այս կարծիքին է նախկին պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` տնտեսական մասով ընդգծելով մեր երկրի կախվածությունն արտաքին աշխարհից: Նրա խոսքով, մեր երկրում նվազել են անգամ քաղաքականացված ներդրումները, իսկ արդեն արված քաղաքականացված ներդրումներն էլ վտանգված են, եթե նկատի ունենանք քաղաքական իրավիճակի փոփոխությունները:
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ավելի իրատես է եւ նշեց, որ արտաքին ազդեցություններն առաջիկա նախագահական ընտրություններում լինելու են անգամ անկախ մեր կամքից: Ի՞նչ է նշանակում անկախ մեր կամքից:
ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը վրդովված է. փոխանակ պատրաստվենք նախագահական ընտրությունների նման լուրջ գործընթացին, այս նախընտրական շրջանում ցուցադրվում է, թե որ գործիչն ինչ կողմնորոշում ունի, ուր գնաց եւ ում «դաբրոն» ստացավ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ