«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2007-12-13 | #231, 2007-12-14 | #232, 2007-12-15


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ

Պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը

«Արմենիա-Մարիոթ»-ում «Լեգիտիմ նախագահ-2008» սեմինար-քննարկմանը ներկա գտնվող ՆԺ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ընտրակեղծիքներին, նշեց. «Լեգիտիմ նախագահ նշանակում է` 2008-ի փետրվարի 20-ին բոլոր այն ուժերը, որոնք ուզում են փոփոխություններ, ժողովրդական ալիքի միջոցով պետք է պարտադրենք մեր կամքը: Եվ մեր կուսակցության քայլը միտված է լինելու փետրվարի 20-ին ժողովրդական մեծ ալիքի առաջ բերմանը: Եվ ես նորից կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին` միանշանակ հաշվի առնելով սույն հարցերը, այսօրվա դառը փորձը, երբ մեր բերված արգումենտները մեր երկրում չեն հարգվում, ուրեմն փետրվարի 20-ին իրար հետ համատեղ կկատարենք այդ գործողությունը»:

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ, համաձայնելով ՆԺԿ ղեկավարի ասածին, հավելեց. «Միանշանակ է` ունենալու ենք ոչ լեգիտիմ ընտրություններ, քանի որ այս պահից արդեն ընտրությունները լեգիտիմ չեն: Ժողովուրդը ի զորու է լեգիտիմացնել ցանկացած ոչ լեգիտիմ պրոցես: Ընտրությունների ընթացքում իրոք համաժողովրդական շարժման թեկնածուն կհաղթի եւ կդառնա նախագահ: Մենք գործ ունենք սուվերեն երկրում տեղի ունեցող գործընթացների հետ: Բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգ են ՀՀ ճակատագրով` չեն կարող լինել արեւմտամետ եւ ոչ էլ ռուսամետ: Պայքար է ընթանում երկու թեկնածուների միջեւ, գոյություն ունի երկու բեւեռ` ավազակապետության իշխանություն, մյուսը` ընդդիմության կամ համաժողովրդական շարժման բեւեռ: Եթե մենք խոսում ենք իշխանափոխությունից ու ավազակապետության հեռացումից, պետք է հստակ ընտրություն կատարենք երկու բեւեռների միջեւ: Եթե հիշում եք, մենք խորհրդարանական ընտրություններին ամբողջ հույսներս դրեցինք մայիսի տասներեքի վրա: Եվ մենք սխալվեցինք, այս անգամ խնդիրը պետք է լուծենք մինչեւ փետրվարի 19: Բոլոր նրանք, ովքեր ուզում են փոփոխություններ, պետք է համախմբվեն ընդիմադիր բեւեռի շուրջը: Մենք ունենք երկու ճանապարհ` կամ ողբանք ոչ լեգիտիմության համար, կամ էլ գնանք մեր սեփական ջանքերով»:

Քննարկմանը հավաքված ընդդիմադիր ուժերը Հայաստանը որակեցին գաղութային ռեժիմի վերածված հանցավոր երկիր: Ինչ վերաբերում է երրորդ ուժին, համոզված են, որ դրանք իշխանամետ են եւ իրենց խոսքերով` Սերժի խամաճիկներն են: Եվ երկրում տնտեսական տեռորիզմ է բոլոր ուղղություններով, եւ բոլորն են դրան համակերպվում:

«Երկրում քաղաքական տեռորիզմ է` բոլորս լռում ենք: Ի՞նչ է նշանակում թուրքական 301 հոդվածով ազգային հերոսներին պահել ճաղերի հետեւում: 301 հոդվածը կապ չունի հայկական իրավագիտության հետ` շինծու հոդված է: 301 հոդվածով դատապարտվածները համարենք, որ մեղք են գործել, ինչո՞ւ չեն ազատվում` լրացել է մեկ տարին: Սրա լրջագույն եւ ամենածանր օրինակը հոկտեմբերի 27-ն է: Շատերը չեն կարողանում քնել, որովհետեւ վաղը կազմակերպման մասնակցության համար պատասխան են տալու: Տեսեք գործադիր համակարգում ինչ առնետավազք է սկսվել: Գրասենյակներում ինչ գաղտնի սխոտկաներ են տեղի ունենում: Արդեն մտահոգ են վաղվա օրվա համար: Եթե լեգիտիմ չէ, ուրեմն կատարում է աշխարհում բոլոր 300 պետությունների թելադրած կամքը: Երբ ռուսական դեսպանատան վարչության աշխատողներին հարցնում եմ` ինչո՞ւ եք բանալիների կապոցըՙ կարեւորագույն օբյեկտների դրել ձեր գրպանը, ասում են` տվել են, որպեսզի աթոռը պահպանեն: Մեզ այդպիսի հարաբերություն Ռուսաստանի հետ պետք չէ: Մեզ պետք են նորմալ հարաբերություն, համատեղ շահույթ, համատեղ զարգացում: Նույնը կատարվում է Արեւմուտքի հետ: Հույսներս չդնենք եվրոպական կառույցների վրա. գալիս են նրանք այստեղ խրախճանքի: Կոռուպցիան սկսվել է Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Մենք մեր տունը պետք է մաքրենք աղբից: Ով կամք ունի, ով քաղաքական գործիչ է, ով տղամարդ է, մայր է, քույր է` եկել է պահը: Կա՛մ Հայաստանը վերականգնելու, կա՛մ կորցնելու Հայաստանը», ասում է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Քննարկմանը ներկա ընդդիմադիր ուժերը պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը` ընտրությունները լեգիտիմ անցկացնելու համար:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4