«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2007-12-13 | #231, 2007-12-14 | #232, 2007-12-15


ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ՓՈՐՁԻ (ՀԱՆՁՆԵԼ), ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԸՆԴԴԻՄԱՆԱՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»

Դեկտեմբերի 6-9 մերձմոսկովյան Սնեգիրիում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, ԱԺ պատգամավորների հանդիպումըՙ Դորտմունդյան կոնֆերանսի շրջանակում: Հանդիպումը 12-րդն էր, որում հետընթաց է արձանագրվել, քանի որ ադրբեջանական կողմը լիովին փոխել է իր դիրքորոշումը նախկինում ընդունված հակամարտության կարգավորման խաղաղ գործընթաց ներառող շրջանակային համաձայնագրերի առնչությամբ: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում խոսեց Դորտմունդյան կոնֆերանսում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը: Նա հավատացած է, որ հարցը ռազմական լուծում չունի եւ ելքը խաղաղ գործընթացն է, սակայն այդ կապակցությամբ ադրբեջանական պատվիրակության 90 տոկոսով փոխված կազմի ասելիքն էլ փոխվել էՙ կոշտացել է ԵԱՀԿ Մադրիդի համաժողովում Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նոր առաջարկների հենքով, որոնք, Արամ Սարգսյանի կարծիքով, ներառում են տարածքների հանձնում, առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման: «Սրանից չգիտես ինչու պարոն Օսկանյանն այդքան հիացած էր, մինչդեռ փաստաթղթում տեղ գտած 6 կետերից միայն մեկըՙ ինքնորոշման հարցն է ընդունելի, այն էլ կիսատ-պռատ ձեւակերպում ունի: Եթե դա է մեզ համար ամենագլխավոր նվաճումը, կարծում եմՙ դա ուղղակի հարիր չէ հաղթող կողմին», կարծիք հայտնեց Արամ Սարգսյանը: Նրա կարծիքով, այս պարագայում Հայաստանի անելիքը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ բանակցային ֆորմատից դուրս գալըՙ քննարկվող տարբերակների հայկական կողմի համար անընդունելի լինելը ցույց տալու նպատակով: Հայկական պատվիրակության ղեկավարը, ընդգծելով, որ հանդիպումների ընթացքում բազմիցս բարձրացրել են Նախիջեւանի հարցը, հստակեցրեց. «Որեւէ տարածքի վերադարձի մասին խոսք չի կարող գնալ, պարզ պատճառով, որ ադրբեջանցիներն ընդհանրապես չեն ուզում քննարկել այն տարածքների հարցը, որը կապված է հայկական տարածքների հետ»:

Ու չնայած շեշտվեցՙ Դորտմունդյան կոնֆերանսում հայկական պատվիրակության միասնականության փաստում էլ եղավ, սակայն պատվիրակության կազմում առաջին անգամ Սնեգիրի մեկնած ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հասցրեց կարծիք հայտնել. «Դեմ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցային գործընթացը սառեցնելուն: Գուցե պետքից քիչ ավելին է հայկական կողմի խաղաղարար մոտեցումը, սակայն դա միջազգային ասպարեզում նպաստում է Հայաստանի որպես տարածաշրջանում խաղաղարարի հեղինակության բարձրացմանը: Մենք ինքնուրույն ենք ստեղծել մեր անվտանգությունը եւ անվտանգության համար տարածքների անհրաժեշտություն չունենք»:

Արամ Սարգսյանը, որ բացի հայկական պատվիրակության ղեկավար լինելուց նաեւ ՀԴԿ նախագահն է ու Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահը, քննադատության արժանացրեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի քաղաքականությունը ԼՂՀ հարցում` Հայաստանի եւ ԼՂՀ շահերից չբխող որոշ համաձայնությունների գնալու համար: ՀՀ քաղաքականությունը ԼՂՀ հարցում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մշակվելու եւ մինչեւ ՀՀ նախագահի ընտրություն որոշ հարցերում համաձայնությունների կայացման մասին վարչապետի հարցազրույցում հայտարարության առնչությամբ Արամ Սարգսյանը հետեւյալն ասաց. «Ոչինչ իրականացված չէ: Եթե իրականացված լիներ, մամուլի ասուլիս չէի հրավիրի, այլ կանցնեինք զանգվածային գործողությունների, որի մասին ես միշտ ասել եմ բացահայտ, եւ շարունակելու ենք այդ կեցվածքը պահպանել: Այս քաղաքական գիծը, գտնում եմ, սխալ է: Նույն բանը կանի Սերժ Սարգսյանը` կասենք Սերժ Սարգսյանին: Եթե փորձի իրականացնել, բոլոր հնարավոր միջոցներով կընդդիմանանք Սերժ Սարգսյանին: Չգիտեմ, էդ ինչ պետք է լինի, որ Հանրապետական կուսակցությունը Վազգեն Սարգսյանի քաղաքական գիծը փոխի եւ այլ գիծ ընդունի»:

Արմեն Աշոտյանը հարկ համարեց հստակեցնել. «Դուք բացառո՞ւմ եք, որ մինչեւ նախագահական ընտրություն ադրբեջանական կողմը համաձայնում է ԼՂՀ կարգավիճակի հարցում հայկական կողմի առաջարկած տարբերակին: Սա բացառել տեսականորեն չի կարելի»: Այս տեսական ակնկալիքի իրականացումը տրամաբանական հենքի չարժանացավ Արմեն Աշոտյանի խոսքում, թերեւս նման հենքի բացակայության պատճառով:

Ի պատասխան լրագրողի հարցի, Արամ Սարգսյանը հայտարարեց, որ լիովին համակարծիք լինելով ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանի Ղարաբաղի ազատագրված տարածքները որպես Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականների փոխհատուցում դիտարկելու մտքին, դա քիչ է համարում նախագահական ընտրություններում նրան սատարելու համար, քանի որ խոսքը երկիր կառավարելու մասին է: Դեռեւս ՀԴԿ-ն չի կայացրել թեկնածուներից որեւէ մեկին սատարելու որոշումՙ սպասում է թեկնածուների պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման ծրագրին: Այդ մասին հայտարարությունը կուսակցությունը բարձրաձայնելու է հունվարի վերջին:

Ասուլիսին ներկա էր նաեւ պատվիրակության մեկ ուրիշ ներկայացուցիչ, ՍԻՄ նախկին նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները չպետք է թույլ տան Ադրբեջանի տնտեսության զարգացման ավելի արագընթաց տեմպեր, քան Հայաստանինն է, որպեսզի ադրբեջանական կողմը չխոսի ռազմական սկզբունքներով, իսկ եթե Ադրբեջանը շարունակի ռազմատենչ քաղաքականությունը, ապա հայկական կողմի պատասխանը պետք է լինի համարժեք:

Ամեն դեպքում, համաձայն համանախագահների հայտարարության, հանդիպումները Դորտմունդյան կոնֆերանսի շրջանակներում շարունակվելու են:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4