«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2007-12-13 | #231, 2007-12-14 | #232, 2007-12-15


ԷՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Լրատվամիջոցներն ավելի շատ տեղ են տալիս քաղաքական գործիչների «սխրագործություններին» եւ գրեթե չեն անդրադառնում այն հերոսներին, որոնց շնորհիվ պատմություն ենք կերտել: Ղարաբաղյան պատերազմի տարիներին զոհված մեր քաջարի մարտիկների ծնողներն ու հարազատները կարոտով են հիշում մի դեպք, երբ թերթերում տեսած կլինեն իրենց զավակների անունը հավերժացնող հոդված: Ինչի՞ համար: Մի՞թե սա էր մեր ուզածը: 92-ին զոհված ազատամարտիկ Էրիկ Բաղդասարյանի հայրը, մինչեւ հոգու խորքը վիրավորված, ներկայացրեց այսօրվա իրավիճակը: Որդին, որ ինստիտուտը կիսատ թողած ինքնակամ մեկնել է կռվի դաշտ, զոհվելուց հետո ծնողներին մեծ տառապանք թողեց: Չկարողանալով տանել որդու մահը` երկար ժամանակ մայրը իրեն սովի է մատնում եւ առողջությանը վնաս հասցնելով հեռանում կյանքից:

Հայրը` Աղասի Բաղդասարյանը, տղամարդկային հատկություններով օժտված մի անձնավորություն, հանուն իր թոռների երջանկության, փորձեց ամուր մնալ իր իսկ որդու արյունով պաշտպանված հողի վրա: Եվ տեսնելով որդու մասին գրելու «Ազգ»-ի ցանկությունը, ուրախությամբ լցվեց:

Բանակը, որ մեր երկրի ամենաառաջին հիմնասյունը պիտի լինի, ամենաշատը գաղափարախոսության պակասից, ավելի ճիշտ, բացակայությունից է տառապում: Ուրիշները, որ անարժանորեն զբաղեցնում են հայոց բանակի պաշտոնները եւ չունեն նրանց ոգու ո՛չ զորությունը, ո՛չ գաղափարախոսությունը եւ ո՛չ էլ հայրենասիրությունը, դժվար թե հիշեն իրենց կողքին զոհված տղաներին:

Էրիկ Բաղդասարյանը ծնվել է 1968-ին, անցել է մարտական կարճ, բայց իմաստալից ճանապարհ: Նրա մեջ ամուր էր նստած ազգային խնդիրների, ազատության եւ վրիժառության գաղափարը: Էրիկը չէր կարող անտարբեր մնալ այն ամենի հանդեպ, ինչը կատարվում էր իր շուրջը ազգային զարթոնքի տարիներին: Ազգային ազատագրական պայքարին տրվեց գիտակցաբարՙ մարտական ուղին սկսելով 1989-ից «Ասպետ» ջոկատի կազմում: Էրիկը բացառիկ նվիրումով էր կատարում բոլոր առաջադրանքները, կարողանում էր իր խիզախությամբ վարակել բոլորին: 91 թ. ընդունվում է ՀՌԱԿ, դառնալով Արմենական ակումբի անդամ: Բարձր էր նրա մարտական ոգին: 92-ին Էրիկը տեղափոխվում է Մյասնիկյանի շրջանի «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատ: Այդ ջոկատի կազմից էլ միանում է «Արծիվ-1» մահապարտների գումարտակին: Նա մեծ կռիվ ուներ տալու, շատ բան ուներ ասելու, ավաղ, կարճ էր կյանքը: Սկզբունքային, նվիրված, ազնիվ ու անձնազոհ մարտիկը զոհվեց հերթական թեժ մարտի ժամանակ: Մարտական երթը շարունակելով Լաչինի միջանցքում` 21-օրյա կռիվներից հետո, Գյուլիբերդի պաշտպանության ժամանակ զոհվում է Էրիկը: Նոյեմբերի 22-ն էր:

«Մենք չէինք իմանում` ինչպես, երբ եւ ուր է գնում: Երբ վիրավորվում էր, ընկերների միջոցով էինք տեղեկանում: Չէր սիրում նամակ գրել: Երբ հիվանդանոցից հենակներով փախել էր, նոր իմացանք, որ չորս անգամ վիրավորվել էր», պատմում է Էրիկի հայրը:

Էրիկի միայնակ ապրող հայրը չէր ցանկանում տեսնել մի երկիր, որտեղ անարդարությունն ու անգթությունը պետք է իշխեն: Նրա որդի Էրիկի երազած Հայաստան աշխարհն ուրիշ էր:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4