«Ընկեր Աշոտը» պարուսույց է: Ինչպես ինքն է հաստատում, իր սաները 6-66 տարեկաններ են: Նա չի կատակում: Նրա ղեկավարած պարային խմբերից մեկը բացառիկ է: Նախ` բոլորը սանուհիներ են, երկրորդ` նրանց տարիքը սկսվում է 34-ից, երրորդ. «Ավելի հեշտ է նրանց հետ պարապել, որովհետեւ չնայած չափահաս ու կայացած այս տիկնայք էլ մանկանում են պարելիս, այնուամենայնիվ, ավելի շուտ են ըմբռնում ասածս եւ բոլորովին քմահաճ չեն, ինչպես փոքրերը», ասում է պարուսույցը: Նրա եզրակացությունը մեկն է` չափահաս սանուհիները պարում են գերազանց, ընդ որում ոչ միայն հայկական, այլեւ լատինամերիկյան պարեր, չա-չա-չա, ջայֆ ...
Վեհանուշ Փունարջյանը 54 տարեկան է: Աշխատում է Ազգային պատկերասրահում որպես գլխավոր ֆոնդապահ: «Տարիուկես է, ինչ պարում եմ: Ծանր աշխատանքից հետո սա լիցքաթափման հրաշալի ձեւ է, ասում է տիկին Վեհանուշը: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն կա աշխատանքից հետո պարի գալու, մի քիչ մարզվելու, պահպանելու առույգությունս: Ամուսինս էլ բոլորովին չի խանդում եւ ուրախ է իմ որոշման համար»:
Էլիզա Առաքելյանը 35 տարեկան է: «Մի քանի ժամ առաջ հոգեբանական լարվածությունից ուժեղ գլխացավ ունեի: Եկա, մեկ-երկու ժամ պարեցի, լիցքաթափվեցի, գլխացավը նահանջեց: Երբեք պարի խմբակի փոխարեն չեմ գնա մարզասրահ, որովհետեւ պարը մեղմություն ու նրբություն ունի: Պարի միջոցով արտահայտում ենք մեր` հայկական էթնոհոգեբանությունը, իսկ շփվելով այլ ժողովուրդների պարերի հետՙ պարային խորհրդանիշների միջոցով ճանաչում ենք այլ մշակույթներ եւս», ասում է նա: Նրա մանկության ընկերուհին` Էմիլիա Հարությունյանը նույնպես 35 տարեկան է: Նա քաշի խնդիր չունի, բայց գալիս է կեցվածքը ուղիղ պահելու համար: «Տանը ամեն սխրանքի պատրաստ եմ, միայն թե դասին ներկայանամ, ասում է տիկին Տանյան: Պարը բերում է հոգեմարմնավոր ներդաշնակություն: Ինչքան էլ հոգնած ու զբաղված լինեմ, անպայման դասի եմ գալիս», ասում է նա: «Ես այստեղ գալիս եմ ոչ միայն պարելու, այլեւ մեր խմբի աղջիկների հետ շփվելու համար, քանի որ այստեղ հավաքվել ենք միեւնույն հոգեբանական արժեհամակարգի տեր անձինք», ասում է տիկին Ջուլիան: Ուշագրավ է պարարվեստի դասեր վերցնող տիկին Կարինե Հարությունյանի խոսքը. «Փոքրուց երազել եմ արտահայտիչ պարել` ճիշտ շարժումներով, համապատասխան ճկունությամբ: Բայց միշտ ժամանակը չէր հերիքում: Հիմա, երբ տարիքս առած եմ համարվում (իսկ ես 60-ամյակս տոնեցի այս տարի), 2002 թվականից պարում եմ: Գովելի է, որ չափահասների համար կամաց-կամաց պարի խմբեր են բացվում, հնարավորություն տալով ակտիվ կյանքով ապրող կանանց արվեստի միջոցով ձերբազատվելու հոգնությունից: Բացի այդ, ամեն մարդ կատարյալ լինելու ցանկություն ունի, որ նաեւ սովորելու ձգտումից է գալիս: Ահա այդ ձգտումն է բերում ինձ պարի դասերի: Ինչ վերաբերում է մեր խմբի աղջիկներին` բոլորս միատեսակ ենք մտածում, զգում ենք ոչ միայն պարը, այլեւ միմյանց: Այստեղ պարի երկրպագուների հարազատ մթնոլորտ է: Այստեղ կայացած կանայք են, ում պարի սերն է միավորում», ասում է դաշնակահար տիկինը: Նրա ամուսինը եկել է տիկնոջը մեքենայով տուն տանելու: «Շոյվում են աչքս եւ ինքնասիրությունս, երբ կինս հանդիսությունների ժամանակ լավ է պարում», ասում է նա եւ հիշում. «Մի գիշեր որոշեցինք հաջորդ օրվա արարողության ժամանակ տանգո պարել: Կարինեն ինձ տանգո պարել սովորեցրեց այդ մի գիշերվա մեջ: Մինչեւ լուսաբաց մեր բնակարանում տանգո էինք փորձում: Որքան հանդիսությունը հիշելն է հաճելի, նույնքան էլ մեր գիշերային փորձը», ասում է նա:
Պարի դասերին հաճախելը այս կանանց համար քիչ է ասել, թե հաճելի պարտականություն է` թելադրված ֆիզիկական կամ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու նպատակով: Բավականին պատկառելի, կյանքում հաջողակ տիկնայք նաեւ հարազատություն են զգում միմյանց նկատմամբ, անհանգստանում, երբ մեկը բացակայում է:
«Ավելի հաճելի միջավայր այսօր դժվար թե գտնեմ, ասում է տիկին Սուսաննան: Օրվա հոգնությունից ձերբազատվում եմ, հիշում մանկությունս, երբ էլի պարում էի դպրոցի պարի խմբակում, ընկեր Աշոտի գործընկերոջ` ընկեր Ղուկասի մոտ: Դա 25 տարի առաջ էր: Ես պարուհի չեմ, բայց սիրում եմ պարը, համարում եմ իմ հոգեթերապիան, որ նաեւ կոփում է մարմինս, անցկացնում մեջքիս ցավերը, ուղղում կեցվածքս: Իսկ այս խումբը չեմ կարող զուտ բարեկամական միջավայր համարել, կարծես ապրում ենք միմյանց հետ», ասում է նա:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ