«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2007-12-14 | #232, 2007-12-15 | #233, 2007-12-18


ՀԱՅ-ՀՆԴԻԿ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ` ԳՐԱՆԴ ԵՎ ՔԵՆԴԻ ՓՂԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բոլոր ավանդույթներով եւ նվիրումով

Կիրակի օրը կենդանաբանական այգում տեղի ունեցավ աննախադեպ բարի եւ յուրօրինակ միջոցառում` «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, հավատարիմ իր խոստմանը, կազմակերպել էր Գրանդ եւ Քենդի փղիկների հարսանիքը: Կենդանաբանական այգին երեւի իր ողջ պատմության ընթացքում այդքան մարդաշատ, ավելի ճիշտՙ մանկաշատ չէր եղել: Նորքի զանգված բարձրացող առանց այդ էլ միշտ խցանված Մյասնիկյան փողոցը գերբեռնված էր, իսկ երթուղային տաքսիների ուղեւորները մեծ մասամբ փոքրիկնեն էին:

Միջոցառման պրոդյուսեր, ռեժիսոր Մամիկոն Չատինյանի խոսքով, միջոցառումը երեք երկրների տարրեր է պարունակում: Քանի որ «հարսը» Ռուսաստանից է, հնչեցին ռուսական երգեր, փեսայի կողմը` Հայաստանը, հայկական հարսանիք արեց, եւ քանի որ փղերի երկիրը Հնդկաստանն է, ընկերության հրավերով Հայաստանում հնդկական համայնքի ներկայացուցիչներն էլ հնդկական արարողության մասը կատարեցին:

Հայաստանում ապրող 700 հնդիկներից մի ներկայացուցչություն` առաջնորդ Ավզելխանի ղեկավարությամբ կատարեց հնդկական հարսանեկան ծիսակարգ:

«Հնդկաստանում շատ է լինում փղերի հարսանիք, այստեղ առաջին անգամ է, այնպես են անում, ինչպես Հնդկաստանում. կրակի շուրջը 7 անգամ պտտվում ենք, ծաղիկների թերթեր թափում»:

«Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փղերն ապրում են հոտերով եւ այդ իսկ պատճառով իրենք շարունակելու են փղիկների որոնումը: «Թող աշխարհն իմանա, որ հայ մարդը ոչ միայն հայ ընտանիք ստեղծել, այլեւ նահապետական ձեւով փղիկների հարսանիք էլ կարող է անել: Թող հայ ընտանիքներն այս միջոցառումներով միշտ ուրախանան: Մենք հիմա Շրի Լանկայից եւ ամբողջ աշխարհից փնտրում ենք հարսնացուներ: Եվս երկուսն ենք բերելու, որովհետեւ փղերն ամբողջ աշխարհում հոտերով են ապրում: Մեր Գրանդիկին 3 հարսնացուն, ինձ թվում է, կբավարարի: Մյուսներին բերելուց էլ հարսանիք ենք անելու` ավելի կազմակերպված, ավելի լավ, սա առաջին անգամ էր», ասաց Հրանտ Վարդանյանը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4