Այս անգամՙ հարկայինի հայցով
ՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ սկսվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ հարկային պետական ծառայության հայցով, ընկերությունից ավելի քան 25 մլն դրամ բռնագանձելու պահանջով դատավարությունը, որը երկրորդն է քաղաքապետարանի մեկ այլ հայցով սկսված եւ հետաձգված դատական գործից հետո: Ինչպես առաջինի դեպքում, այստեղ էլ նիստից առաջ նախագահող դատավոր Էդուարդ Նահապետյանը հայցվոր կողմի առարկության պատճառով ստիպված եղավ արգելել դատավարության ողջ ընթացքի տեսաձայնագրումը, անջատել տալով լուսաբանող հեռուստաընկերությունների տեսախցիկները:
Սկսված դատական նիստի սկզբում պատասխանող «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչ փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը դատարանին ներկայացրեց հնարավոր վնասներից պատասխանողի ապահովման միջնորդություն: Խոսքն այն մասին է, որ հայցի ապահովման նպատակով տնտեսական դատարանը նախնական կալանք է դրել «ՉԱՊ» ՍՊԸ-ի դրամական միջոցների եւ ամբողջ գույքի վրա, որով ոչ միայն խախտվել է ընկերության բնականոն աշխատանքը, այլեւ վերջինս այդ պայմաններում չի կարող կատարել հարկային, պայմանագրային եւ այլ պարտավորությունները, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Ուստի պատասխանող կողմը միջնորդում էր այս ժամանակամիջոցում հայցվորից պահանջել վնասների փոխհատուցում:
Ընդմիջումից հետո դատարանն այս միջնորդությունը մերժեց: Ինչպես մեկնաբանեց փաստաբան Կ. Թումանյանը, ԳԱԼԱ-ի գործունեության, այն էՙ նրա կողմից տեղեկատվության հավաքման ու տարածման այսպիսի սահմանափակումը եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում է: Միաժամանակՙ պատասխանողի ներկայացուցիչը դատարանի մերժման որոշման մեջ դրական համարեց այն կետը, ըստ որի ընկերության հնարավոր վնասների փոխհատուցողը կարող է լինել պետությունը: Միջնորդության մերժումից հետո պատասխանող կողմը հանդես եկավ հարկայինի կազմած ակտը (հայցապահանջի հիմքը) անվավեր ճանաչելու հակընդդեմ հայցով: Սրանով դատական նիստը հետաձգվեց եւ կշարունակվի այսօր:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ հասարակական պաշտպանության շտաբը երեկ տարածեց մի հայտարարություն, որում հիշեցվում է դեկտեմբերի 13-ին Գյումրու քաղաքապետի հետ ձեռք բերված նախնական համաձայնության մասին, ըստ որի շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանի մասնակցությամբ պետք է կնքվեր եռակողմ պայմանագիր, Լ. Բարսեղյանը անձամբ վճարեր ԳԱԼԱ-ի կողմից անցած 2,5 տարիներին քաղաքի հին հեռուստաաշտարակի շահագործման դիմաց համապատասխան գումար, քաղաքապետարանը հրաժարվեր դատական հայցից եւ ԳԱԼԱ-ի հետ կնքեր աշտարակի վարձակալման նոր պայմանագիր: Ըստ շտաբի հայտարարությանՙ երեկ քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը Լ. Բարսեղյանի հետ կայացած հեռախոսազրույցում հայտնել է, որ քաղաքապետարանը անցած ժամանակահատվածի համար միջնորդ կողմիցՙ Լ. Բարսեղյանից պահանջում է 200 հազար դրամ յուրաքանչյուր ամսվա համար: Այդ հաշվարկով ընդհանուր գումարը կազմում է 5,4 մլն դրամ: Այս գինը, ըստ հայտարարության հեղինակների, անհիմն է եւ դիտավորյալ ուռճացված, ոչ մի ընդհանուր բան չունի շուկայում գործող համանման ծառայությունների գների հետ, հետեւաբար «համաձայնագիրը տապալելու փոքրիկ խորամանկություն» է, ինչը քաղաքապետարանի հետ որեւէ բանակցություն շարունակելու տեղ չի թողնում:
Այլեւս ապացուցված համարելով, որ «Գյումրու քաղաքապետարանը քաղաքապետի գլխավորությամբ լիովին ինտեգրվել է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը եթերազրկելու խոշոր դավադրության մեջ», շտաբը տեղեկացնում է, որ եռակողմ համաձայնագրի առաջարկն այնուամենայնիվ մնում է ուժի մեջ:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ