«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2007-12-15 | #233, 2007-12-18 | #234, 2007-12-19


ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանցի մուսուլմանները բավականին արդյունավետ լոբբիստական գործունեություն են ծավալել այս երկրում թուրքամետ տրամադրություններ ստեղծելու ասպարեզում: Երկու երկրների հենց միայն առեւտրատնտեսական փոխհարաբերությունները միլիարդների են հասնում եւ զարգանում են դինամիկորեն: Մոսկվայում, օրինակ, թուրքերն ստեղծել են «Ռամստոր» կոչվող գերժամանակակից առեւտրացանց, որի մեջ մտնում են քաղաքով ու մարզով մեկ փռված բազմաթիվ առեւտրակենտրոններ` սուպերմարկետներ:

Բիզնեսը` բիզնես: Սակայն բուն թուրքերը այստեղ նույնքան արդյունավետ աշխատանք են տանում նաեւ համաշխարհային գործերում իրենց երկրի պատմական ու ժամանակակից դերի քարոզչության բնագավառում: Խորհրդային Միության քայքայումից հետո Թուրքիային հաջողվեց կայուն դիրքեր գրավել ոչ միայն նորակազմ մուսուլմանական պետություններում, այլեւ Ռուսաստանի մուսուլմանաբնակ տարածաշրջաններում` Հյուսիսային Կովկաս, Թաթարիա, Բաշկորտոստան եւ այլն: Ահա եւ ռուսաստանյան մամուլում հաճախ են նյութեր հրապարակվում «եվրասիական» թեմաներով, որոնցում այն միտքն է ներշնչվում, որ ոչ միայն Ռուսաստանն է իր բնակչությամբ, մշակույթով, կրոնով եվրոպական-ասիական, այլեւ... Թուրքիան:

Օբյեկտիվորեն, անշուշտ, Եվրոպան ու Ասիան չեն կարող գոյություն ունենալ իրարից անկախ: Սակայն պարզվում է, որ երկու աշխարհամասերի հարաբերություններում մեծ դեր կարող է խաղալ հենց Թուրքիան: Եվ, իհարկե, շեշտվում է այդ երկրի լիդերությունը առհասարակ թյուրքալեզու աշխարհում: Ահա թե ինչ է քարոզում Թուրքիայի արտաքին առեւտրի նախարարն այդ կապակցությամբ.

«Նրանք, ովքեր ուշադրություն են դարձնում եվրասիական ընկալման մեջ Թուրքիայի կենտրոնական դերակատարմանը, դրա համար ունեն ծանրակշիռ հիմքեր: Թուրքիան լուրջ ուժ է դառնում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում. նրա ՆՀԱ-ն մշտապես աճում է, արտաքին առեւտուրն ընդլայնվում է, մենք ունենք սղաճի ցածր մակարդակ եւ կայուն մակրոտնտեսական ցուցանիշներ: Եվրասիական աշխարհագրությունն ընդգրկում է 23 մլն քառ. կլիոմետրանոց տարածաշրջան 350 միլիոն բնակչությամբ, եւ ներկայումս մենք վերածվում ենք 1,2 տրիլիոն դոլար ՆՀԱ, արտաքին առեւտրի 700 մլրդ դոլար ծավալով եւ 10 տոկոս ամենամյա աճով համընդհանուր տնտեսական եւ առեւտրական կենտրոնի»:

Եվ ռուսների բարեհաճությունը շահելու նպատակով հիշյալ հրապարակումներում զուգահեռներ են անցկացվում Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների ճակատագրի նմանության, եվրասիական աշխարհամասի վրա երկու երկրների էական ներգործության մասին եւ այլն:

Պատահական չի կարելի համարել, որ թուրք ձեռնարկատերերի ու արդյունաբերողների կոնֆեդերացիայի կողմից վերջերս Ստամբուլում անցկացված «Թուրքիա-Եվրասիա` արտաքին առեւտրի կամուրջ» ֆորումում Ռուսաստանի պատվիրակությունը թվաքանակով ամենամեծն էր ու արժանանում էր Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց անթաքույց ուշադրությանը:

Դա բացատրելի է. թուրքերը Ռուսաստանում շատ ակտիվ են շինարարության, սննդի ու թեթեւ արդյունաբերության ապրանքների, ավտոմեքենաների, կահույքի բիզնեսում: Էլ չենք խոսում տուրիզմի մասին:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4