«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2007-12-15 | #233, 2007-12-18 | #234, 2007-12-19


ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԻՐԱՀԵՏՈՒՄՆԵՐ ԲԼԵՅԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ

Ծրագիր, որի կազմակերպիչներին մի խումբ երիտասարդներ օճառներ են նվիրել

Արդեն բոլոր լրատվամիջոցները պատմել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կազմակերպված «Ադրբեջանական օրերի» մասին, որի շրջանակներում ամփոփվել են «Բաց նամակ Ադրբեջանի իմ հասակակցին», «Ադրբեջանն իմ պատկերացմամբ», «Հայաստան-Ադրբեջան` ո՞րն է մեր ապագան» շարադրությունների, պլակատի եւ նկարի մրցույթների հաղթողները:

«Կրթական կամուրջներ» կրթատեղեկատվական եւ հետազոտական-ստեղծագործական ծրագիրը 7-12-րդ դասարանցիների համար է եւ նպատակ ունի հինգ պետությունների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան) պատանիների, նրանց միջոցով նաեւ ուսուցիչների եւ ծնողների միջեւ փոխադարձ իմացության եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորելու: Հետաքրքրվենք մեկմեկով, կներեք, մեզ իրար պարտադրենք, հրամցնենք, օգնենք իրարՙ բոլոր բնագավառներում եւ մակարդակներում իրար ճանաչելու: Հարգենք, հետաքրքրվենք, որ ճանաչենք միմյանց, եւ վստահ եղեք, որ կուժեղանա հարգանքն ու կմեծանա հետաքրքրությունը: Անկեղծ ու բաց սրտով պիտի մոտենանք մեր հարեւան ժողովուրդներին, բոլորին, իհարկե նաեւ մեր դրկից ադրբեջանցիներին: Մեր պատմական բեռը, մեր ժողովուրդների պատմությանն ուղեկցող «ռազբիրատը» թույլ չեն տալիս մեզ ժամանակակցի մեր կյանքով ապրելու եւ մերՙ այսօրվա մարդու եւ հասարակության խնդիրներով զբաղվելու: Թոթափենք մեր պատմական բեռը, որպես ճամփորդն է թոթափում իր կոշիկների փոշին, այսօ՜ր ապրող մարդիկ, ապրենք մեր անհատական կյանքը, լուծենք իրական խնդիրներ»: Սա մասնակի մեջբերում էր Աշոտ Բլեյանի ելույթից, որ օրեր առաջ հնչել է «Կրթական կամուրջներ» ծրագրի բացման արարողության ժամանակ: Ով ինչպես է մեկնաբանում հնչած խոսքերն ու այլընտրանքային մտածողությամբ աչքի ընկնող մտավորականին ու մանկավարժին, այլ խնդիր է, սակայն կարեւոր է այն իմաստով, որ նոր մտածողություն եւ նոր մոտեցում է բերում մատաղ սերնդին, ով ուշի-ուշով կամ էլ պատանուն հատուկ անտարբերությամբ ականջի ծայրով լսում է տեղի ունեցածի մասին եւ ձեւավորում սեփական կարծիքը մինչ այդ թշնամի համարվող հարեւանի նկատմամբ:

Ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Մի քանի ադրբեջանցի մտավորականներ մի քանի օրով եկել են Հայաստան, որպեսզի հայերի հետ խոսեն ոչ թե թշնամու, այլ հարեւանի պես: Չնայած նրանցից Սեյմուր Բայջան խոստովանեց, որ ինքը չի կարողացել Ադրբեջանում գտնել գոնե 3 պատմության ուսուցչի, որ կհամաձայնեին Թբիլիսիում հանդիպել իրենց հայ կոլեգաների հետ եւ քննարկել իրական, եղած պատմության մասին հարցերն ու դրանց մատուցման մեթոդները իրենց աշակերտների համար, եւ «Ազգի» հետ առանձնազրույցում նա կարեւորեց հանդիպումը: «Ճիշտ է, արդյունքների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց փաստ է, որ ինտերնետի միջոցով շատ մարդիկ արդեն շփվում են առանց մեր միջնորդության էլ: Իսկ այսպես ուշադրության կենտրոնում գտնվելով շփվել, հատկապես այն առաջարկը, որ դուք արեցիք (նկատի ունի հայկական կողմի առաջարկը- Ս. Մ.) միասնական պատմություն գրելու վերաբերյալ, համարում եմ արկածախնդրություն: Կա այսպիսի սովետական անեկդոտ: Մի զինվոր գրում է, որ մի օր իրենք են հարձակման ենթարկել թշնամուն եւ առաջ անցնելով 20 կիլոմետր` գրավել անտառը, մյուս օրը թշնամին է իրենց գրաված 20 կմ գրավել եւ այսպես շարունակ: Ուշագրավ է վերջին գրառումը: 9 մայիսի: Եկավ անտառապահը եւ մեզ ու մեր թշնամուն վտարեց անտառից, ասելովՙ դուք երկուսդ էլ ինձ ձանձրացրիք: Նույնն էլ մեր պատմությունն է, ինչպես որ եղավ 20-ական թվականներին: Մենք շատ ռոմանտիկ տրամադրություններ չպետք է ունենանք: Սա ընդամենը ծրագիր է, որ այստեղ գոնե մի փոքրիկ դպրոցում թշնամու կերպարը ջարդենք: Այստեղ դեռ հնարավոր է, իսկ այնտեղ (Ադրբեջանում- Ս. Մ.) անհնար է: Մենք փորձում ենք, իսկ փորձը փորձանք չէ»:

Հետաքրքրական էր նաեւ Մխիթար Սեբաստացի դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքը հայ-ադրբեջանական հարաբերությունների ձեւավորման մասին: Նա դրանց վերականգնման եւ բարեկամության անխոնջ մշակն է համարվում արդեն 20 տարի եւ հավատացրեց մեզ, որ դա իր սկզբունքն է եւ անում է առանց որեւէ դրամական ակնկալիքի:

Նրա դպրոցի սաների կարծիքը «Քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումների մասին եւ հետաքրքրական է, եւ բազմազան: Երեկվա միջոցառմանը լուռ մասնակից երեխաները սիրով պատասխանեցին «Ազգի» հարցերին եւ նույնիսկ բանավեճի բռնվեցին միմյանց հետ, թե արդյոք ադրբեջանցին կարո՞ղ է իրենց անվերապահ բարեկամը լինել, թե ոչ:

«Մինչեւ վերջերս ադրբեջանցին մարդ էր սպանել արտասահմանում: Նրա անունով շատերն անվանակոչում էին իրենց երեխաներին», վերհիշում է մի օրիորդ: «Տեղյակ եմ, բայց դա իմ հասակակի՞ցն է արել», ասում է 12-ամյա Սարիբեկյան Երվանդը: Այնուամենայնիվ, զրուցակիցներիս մեծամասնությունը պատրաստ են խոսելու իրենց հասակակիցների հետ եւ բարեկամանալու թեկուզ եւ ինտերնետով: Ելենա Չիլինգարյանն էլ կարծում է, որ «անկախ ամեն ինչից մենք հարեւաններ ենք: Դրանից ելնելով էլ մենք պետք է լեզու գտնենք իրար հետ: Մանավանդ, մենք երեխաներ ենք եւ մենք կապ չունենք 20 տարի առաջ եղած դեպքի հետ: Պետք չէ մոռանալ, բայց պետք չէ մեզ խառնել դրա մեջ», համոզված ասում է աղջիկը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4