Այսպես է կարծում Վազգեն Մանուկյանը
Ամերիկյան հետախուզության ղեկավար Ալեն Դալեսը ժամանակին Խորհրդային Միությունը փլուզելու ենթատեքստով մի շարք ծրագրային ցուցումներ էր տվել իր ենթականերին: Հիմա բառացի չեմ հիշում, բայց այդ ցուցումների մեջ այսպիսի հատվածներ կային. մենք կարժեզրկենք տվյալ երկրի բոլոր հեղինակավոր եւ արժեքավոր մարդկանց, նրանց ծիծաղելի կդարձնենք, հասարակության վերին շերտեր կբարձրացնենք ոչնչություններին` այդպես տվյալ հասարակությունն ու պետությունը դեգրադացվելով` կփլուզվեն: Նայելով մեր քաղաքական դաշտում կատարվողին եւ մամուլում ու հեռուստատեսությամբ դրանց արտացոլանքին` կարելի է հանգիստ մտածել, որ Ալեն Դալեսի խորհուրդները հենց ինքներս էլ իրականացնում ենք:
Երեկ, իհարկե, «Հայելի» ակումբ եկած լրագրողներից ոչ ոք չէր կասկածում, թե այստեղ հրավիրված Վազգեն Մանուկյանը հենց պատասխանելու է շաբաթ օրը «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված նրան վարկաբեկող հրապարակմանը: Այդպես էլ եղավ. «Այդ հոդվածի ոճը գերազանցում է նույնիսկ 37 թվականի հոդվածները, երբ գրում էին ժողովրդի թշնամիների մասին, ամեն մեկին մի պիտակ կպցնում էին: Սարսափելի է, որ Հայաստանում այժմ այդպիսի հոդվածներ են տպվում», ասաց նա` ժխտելով, որ թերթում վկայակոչված փաստաթուղթը իր ձեռագիրն է. «Կդիմենք փորձաքննության, փորձաքննությունը ցույց կտա, որ դա իմ ձեռագիրը չէ, ես կպրծնեմ, բայց հասարակության մեջ թույնը մնալու է, այդ թույնի միջոցով կառուցված ընտրությունները չեն կարող լավ արդյունք բերել»: Մի խոսքով` Վ. Մանուկյանը դիմելու է դատախազություն, հրապարակված ձեռագրերն էլ փորձաքննության են ենթարկվելու, իսկ ահա դրանք լույս աշխարհ բերած թիմը եթե իշխանության գա` նույն մեթոդներով էլ շարունակելու է ղեկավարել: Վ. Մանուկյանը հիշեցրեց, որ նույն թիմը (հոդվածը հրապարակողների) նույն թույնը ծորացնում էր 1996 թվականին` նախագահի ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ թերթերով եւ հեռուստատեսությամբ, նրանց ձեռքում էր ամբողջ փողը, ՆԳՆ-ն, տեղական իշխանությունն ու կրիմինալ աշխարհը, եւ նրանք պարտվեցին: Հիմա նույն հնարքներն են կիրառվում, ինչը, սակայն, կարող է ընդդիմադիր դաշտի ձայների մի մասը բերել իշխանություններին, այդ պատճառով ԱԺՄ նախագահը կոչ է անում Տեր-Պետրոսյանի թիմին չգնալ թույնի ճանապարհով: Մանուկյանը հիշեցրեց, որ հրապարակված ձեռագիրը (այն կեղծիք անվանեց) ժամանակին տպել է Վանո Սիրադեղյանը «02»-ում, «Հայկական ժամանակի» թղթակիցն էլ հիշեց, որ 2001-ին էլ է այն տպագրվել մամուլում (կարծեմ` «Առավոտում»)` ինչո՞ւ այն ժամանակ այդպիսի սուր հակադարձություն չի առաջացրել Վ. Մանուկյանի մոտ: Ըստ Մանուկյանի` այն ժամանակ ոչ ոք լուրջ չի ընդունել, մի լավ ծիծաղել են, բայց հիմա դա արվում է որպես «սեւ փիար»` նախագահի թեկնածուի դեմ, եւ դա արդեն իր պատասխանը կունենա:
Մինչ այդ Մանուկյանն ասել էր, որ նախագահական ընտրություններից առաջ երկու գործոն ազդեցություն ունի գործընթացների վրա` տարբեր տեսակի դժգոհություններն ու վախերը: «Բայց ժողովրդի դժգոհությունն օգտագործելով չի կարելի հեղափոխություն անել», համոզված է Մանուկյանը: «Մարդիկ պետք է տեսնեն, որ այդ փոփոխությունը, որին իրենք գնում են, իրենց տալիս է մի նոր բան»: Ըստ նրա` մարդիկ նայելու են, թե ընդդիմությունից ո՞վ է հաղթողի տպավորություն թողնում եւ ձայները մեծ արագությամբ սկսելու են նրան տալ` նույնիսկ եթե թեկնածուները չեն միավորվում, նրանցից մեկը վերցնում է ընդդիմադիր ձայների գերակշիռ մեծամասնությունը, իշխանությունները երբեմն իրենք են բրթում որեւէ ուժի առաջ` ասելով, թե սա է հաղթողը, մյուսներին ջարդելով եւ այդ մեկին իրենց մրցակից ընտրելով. այդ ջարդն ու թույնն այսօր են տեղի ունենում, ըստ նրա: Բացի այդ. «Եթե դժգոհում ես ընտրություն կեղծելուց, պետք է կարողանաս ապացուցել, որ դու կարող ես արդար ընտրություններ անցկացնել, եթե խոսում ես կոռուպցիայից, դու պիտի կոռուպցիայի մեջ չլինես, թե չէ ժողուրդը քեզ չի վստահի»: Բնակչության 10 տոկոսը վրիժառությամբ է լցված, բայց ընտրությունները չեն կարող վրիժառության վրա կառուցված լինել, այլ` թիմի, ծրագրերի, վերջին դեպքում միայն երկիրը փոխելու շարժում կսկսվի: Մանուկյանը դեռ այդ թիմը չի տեսնում: Այնուամենայնիվ` այդպիսի թիմի ձեւավորումը նա չբացառեց: Երբ «Ազգը» հիշեցրեց, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ը այդ իմաստով կորսված ժամանակ է, Մանուկյանը հակադարձեց, թե 1996-ին ինքը միասնական թեկնածու դարձավ ընտրություններից 15-20 օր առաջ:
Մի խոսքով` 2008-ի ընտրությունները վիճակը ռեալ փոխելու հնարավորություն են, քանի որ ոչ թե նույն նախագահի երկու ժամկետների արանքում են, այլ դրանց վերջում, այդ հնարավորության չօգտագործումը ոչ թե միայն իշխանության, այլ ընդդիմության մեղքը կլինի, բացի այդ, կա կրթված, հարվարդները տեսած մի սերունդ, որը իրականում ծանոթ է ժողովրդավարական արժեքներին մոտիկից եւ օգտվելու է այդ հնարավորությունից: Մինչդեռ ընդդիմության թեկնածուների մեծ մասի հանդեպ ընդդիմադիր որոշ թերթերի հակաքարոզչությունը կարող է ծանր հետեւանքների բերել` հասարակությունը կարող է հիասթափվել, նստել տանը եւ չգնալ ընտրությունների:
Իսկ ինչո՞ւ է Վ. Մանուկյանը քննադատության թիրախ դարձրել Տեր-Պետրոսյանին: Վ Մանուկյանը նկատեց, որ դա այն պահից է, երբ վերջինս շանտաժի էր ենթարկում` թե ով մեզ չմիանա, նա մեզ թշնամի է: 60-ական թվականներից իր կուրսը տանող Մանուկյանը թույլ չի տա, որ ժողովրդին մոլորեցնեն. «Իմ նպատակը չէ` ընդդիմությունից մեկնումեկին խփել, բայց եթե կպնում են իմ սկզբունքներին, որոնք ես առաջ եմ տանում, ես միշտ կպատասխանեմ դրան», նկատեց նա` հիշեցնելով, որ վերջին տարիներին ինքն անընդհատ քննադատել է իշխանություններին, ցույցերի ժամանակ ջրվել, հարվածներ ընդունել եւ ճնշումների ենթարկվել իշխանությունների կողմից. սա` որպես պատասխան, թե իշխանություններին չի քննադատում, այլ` միայն Տեր-Պետրոսյանին: Իսկ որ, իբր, Տեր-Պետրոսյանը նրան չի քննադատում` պատասխանն այսպիսին էր. «Անձամբ ինքը` գուցեեւ ոչ, սակայն թիմի մեջ բաժանում եղել է` նայեք, թե ինչ է ասում Ալիկ Արզումանյանն իր ելույթում, այս (ՀԺ-ի) հրապարակումը»:
«Ազգի» մեկ հարցը վերաբերում էր Հայաստանի նախագահական ընտրությունների գործընթացի վրա արտաքին գործոնի ազդեցությանը: Ըստ նրա` այդպիսի ազդեցություն բուն ընտրությունների գործընթացի վրա չի լինում, այն առավել տեսանելի է դառնում ընտրություններից հետո` հիշեցրեց այլ երկրների հետընտրական ցույցերը. «2007 թվականի ընտրություններից հետո գնահատական հնչեց` իբր «լոխ լավ ա», այդ գնահատականներն են ազդում... Ինչ վերաբերում է ֆինանսներով ազդելուն` ապա չեմ տեսել, որ ընդդիմության կողմից մեծ ֆինանսներ ծախսվեն, հակառակը` իշխանության ֆինանսներն են անսպառ», նկատեց նա:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ