Սոցիոլոգ Ադիբեկյանը դարձյալ ասպարեզում է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Գելափն» ասում էՙ ով կընտրվի, բայց չի կարողանում ասելՙ ինչու: Իսկ ես կարող եմ ասել, ես զոնդաժ եմ անում, ավելի խորն եմ նայում եւ կարող եմ ասելՙ ով ինչի կընտրվի: Ես «Գելափին» չեմ հավատում: «Գելափը» շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ ինձ հասնի», երեկ «Հայացք» ակումբում «Գելափի» ուսումնասիրության վրա ստվեր գցելու եւ սեփական սոցիոլոգիական հարցումների արժեքն ընդգծելու համար հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:
Ընտրությունների ժամանակ իր սոցհարցումներով հայտնի սոցիոլոգը Հայաստանի նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլը սկսել է 2007-ի հունվարից, որպեսզի հասկանա փոփոխությունները խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո: Վերջին սոցհարցումը Ադիբեկյանն արել է հոկտեմբերին եւ, ինչպես երեկ հայտնեց, մեկն էլ կանի մինչեւ Ամանոր: Ահարոն Ադիբեկյանի հոկտեմբեր ամսվա սոցիոլոգիական հարցման արդյունքները պարզել են, որ խորհրդարանական ընտրությունները մեծապես նպաստել են վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի բարձրացմանը: Վերջինիս վարկանիշը սակայն իջել է թիվ 15 ընտրատեղամասի ընտրություններին մասնակցելուց հետո: Խորհրդարանական ընտրություններից հետո կայուն է մնացել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի վարկանիշը, նվազել են Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Գեղամյանի վարկանիշները, կրկնապատկվել է հանրապետության առաջին նախագահին համակրողների քանակը, սակայն «չնչին շռայլությամբ». հունվարի 1,3 տոկոսից դարձել է 2,7 տոկոս:
Ահարոն Ադիբեկյանը շեշտեց, որ հոկտեմբեր ամսվա իր սոցհարցման արդյունքները դեռեւս աշխատանքային նյութ են եւ մինչեւ փետրվար կփոխվեն: Հոկտեմբերի հարցման համար «Սոցիոմետր»-ը դիմել է 2200 մարդու, որոնցից հարցերին պատասխանել է 1650-ը: Հարցմանը պատասխանածների 60-65 տոկոսը հայտնել է, որ կմասնակցի ընտրություններին, 33 տոկոսը չի հետաքրքրվում քաղաքական իրադարձություններով եւ չի էլ հետեւում դրանց:
Ադիբեկյանի ներկայացմամբ, վարչապետ Սերժ Սարգսյանի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 60 տոկոսը, 30 տոկոսը կարծիք է հայտնել, որ կարելի էր ավելի լավ աշխատել, մնացյալը նշել է, որ նախկին վարչապետներն ավելի լավ են աշխատել: Ուշագրավ է, որ հարցվածների 27 տոկոսն է ասել, թե իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, բայց 48 տոկոսը համոզմունք է հայտնել, որ նախագահ կընտրվի հենց ՀՀԿ նախագահը:
Հարցվածների 5,4 տոկոսն ասել է, որ իր ձայնը կտար Րաֆֆի Հովհաննիսյանին, 4,8 տոկոսը` Արթուր Բաղդասարյանին, 1,3 տոկոսը` Լեւոն Տեր-Պետրոսյանին, 2 տոկոսը` Արտաշես Գեղամյանին, հունվարին 0 տոկոս վարկանիշ ունեցող ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին` 1,4 տոկոսը, իսկ Վազգեն Մանուկյանին` 1,1 տոկոսը: Նախագահական ընտրապայքարից դուրս մնացած Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները, բանախոսի կանխատեսմամբ, կգնան կամ Վահան Հովհաննիսյանին, կամ Արթուր Բաղդասարյանին:
Ահարոն Ադիբեկյանի հերթականությամբ առաջին տեղում է Սերժ Սարգսյանը, հետո Արթուր Բաղդասարյանը, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Վահան Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանը: Սոցիոլոգի խոսքով, առաջին նախագահին չսիրողները երկու անգամ շատ են, քան Գեղամյանին չսիրողները, եւ հնարավոր է, որ դրա հաշվին Գեղամյանը մեկ հորիզոնական բարձրանա: Ի դեպ, Ադիբեկյանը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն տալու պատրաստակամություն են հայտնել հիմնականում նրա իշխանության տարիներին պաշտոն ունեցած եւ հետագայում կորցրած մարդիկ, մի որոշ խավ ներկայիս պաշտոնյաներից, հավանաբար հոգնած ներկաներից, ինչպես նաեւ որոշ բարձրագույն եւ միջնակարգ կրթություն ստացածներ: Առաջին նախագահի հիմքերը, ըստ սոցիոլոգի, թույլ են մարզերում:
«Ազգի» հարցին, թե ում ձայներն են կազմել ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի 1,4 տոկոսը, Ադիբեկյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն ջոկերի դերում է հանդես գալիս եւ փորձում է ձայն տանել երկու դաշտերից էլ` թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանության: Ֆիզիկայի այս օրենքը կամ դրական արդյունք է տալիս, կամ ոչնչացնում: ՀՅԴ-ն այս ռեզոնանսի վրա է հույսը դրել, բայց չեղավ, նա պիտի հստակ կողմնորոշվի, իմանա որտեղից է ձայներ տանելու»: