«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2007-12-15 | #233, 2007-12-18 | #234, 2007-12-19


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

«Կոնգրես» հյուրանոցում երեկ տեղի ունեցած աշխատաշուկայի խնդիրներին նվիրված համաժողովում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը նշեց, որ երկրում առկա կյանքի որակի փոփոխությունները պարտադրում են անդրադառնալ շուկայական տնտեսության մի կարեւոր բաղադրիչի, ինչը աշխատաշուկայի զարգացման միտումներն են եւ առկա մարտահրավերները: Ըստ նրա, առանց այդ ծրագրերի կարգավորման հնարավոր չէ տնտեսական զարգացումը, բնակչության բարեկեցության փոփոխումը. «Ընդամենը մի քանի տարի առաջ մենք ուղղակի աչքաթող էինք անում այս հարցերը, քանի որ երկիրն այլ հիմնախնդիրներ ուներ: Պետք է կարողանանք կայուն քաղաքականություն իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, կարողանանք աշխատանք տանել մեր երկրի համաչափ զարգացման ուղղությամբ: Գործազրկության միջին մակարդակը հանրապետությունում մոտ 7 տոկոս է, բայց կան մարզեր, որտեղ գործազրկության մակարդակը ավելի բարձր է»:

Պարոն Վարդանյանը հավելեց նաեւ, որ վերջին տարիների տնտեսական վերափոխման արդյունքում աշխատուժի զգալի մասը հսկայական խնդիրներ ունեցավ` բերելով աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությանը:

«Կառավարության նոր ծրագրում զբաղվածության աշխատաշուկային նվիրված խնդիրները հստակեցված են, եւ մենք, իբրեւ պետական լիազոր մարմին, մտածում ենք ազգային զբաղվածության հարցերի մշակման մասին: Սա մաս է կազմելու աշխատանքի սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման», ասում է Աղվան Վարդանյանը:

Ըստ համաշխարհային բանկի հաշվետվության, Հայաստանում գործազրկության մակարդակն առանձնակի բարձր է երիտասարդների` 15-24 տարեկանների, խմբում, հատկապես այդ խմբի կանանց շրջանում: Բարձրագույն կրթություն ունեցող 15 տարեկանից բարձր անձանց շրջանում ավելի բարձր է զբաղվածության մակարդակը` 73 տոկոս, քան միջնակարգ եւ նախնական մասնագիտական կրթություն ունեցողների` 59 տոկոս եւ ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողների շրջանումՙ 63 տոկոս: Հայաստանում գործազրկության տեւողությունը դեռես չափազանց մեծ է` գործազուրկների երկու երրորդը աշխատանք է փնտրում մեկ տարուց ավելի:

Համաժողովին ներկա Արվո Կուդդոն, որը Հայաստանի աշխատաշուկայի մասին Համաշխարհային բանկի հաշվետվության մշակման աշխատախմբի ղեկավարն է, տեղեկացրեց, որ Հայաստանում բժշկական եւ մանկավարժական կրթություն ունեցողների գործազրկությունը շատ է: Նրանց զգալի մասն էլ աշխատում է առանց գրավոր պայմանների: Իսկ 2006-ին աշխատանք փնտրողների ավելի քան 70 տոկոսը գործազուրկի կարգավիճակում էր եղել ավելի քան 12 ամիս, եւ գործազրկության միջին տեւողությունը կազմել է 14.6 ամիս, որը վկայում է լճացած գործազրկության մասին:

Բարձր է նաեւ արտագաղթի եւ տրանսֆերտների մակարդակը: 1989-2001-ին Հայաստանից արտագաղթել է մոտ 600000 մարդ: Ըստ գնահատականների, 2002-05-ին Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 9.2 տոկոսն արտագաղթել է աշխատանք փնտրելու նպատակով: Հայաստանն ունենալով մեծ սփյուռք` բնակչությունն ստանում է մեծ ծավալի տրանսֆերտներ: Տրանսֆերտների ծավալը 2003-ին պաշտոնապես գնահատվել է 289 միլիոն դոլար, սակայն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փորձագետների գնահատմամբՙ տարեկան տրանսֆերտների ծավալը հասնում է մոտ 900 միլիոն ԱՄՆ դոլարի: Տրանսֆերտների մասնաբաժինը ՀՆԱ-ում գնահատվում է մինչեւ 30 տոկոս` պաշտոնական տվյալից երեք անգամ ավելի:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4