«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2007-12-15 | #233, 2007-12-18 | #234, 2007-12-19


ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է, ԲԱՅՑ Ո՞ՒՄ Է ԴԱ ՀՈՒԶՈՒՄ ԲԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՑ ՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՑ

ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից խմբագրությանը հղված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ բնապահպանության նախարարի հրամանով նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Սեւանա լճում արգելված է արդյունագործական ձկնորսությունը:

Դեկտեմբերի 18-ի դրությամբ բնապահպանական տեսչության` մայրաքաղաքի շուկաներում իրականացրած ստուգայցերով առգրավվել է շուրջ 200 սիգ ձուկ:

Սեւանա լճի վրա եւ ափամերձ տարածքներում բնապահպանական տեսչության եւ «Սեւան ազգային պարկի» աշխատակիցների համատեղ իրականացրած վերահսկողության արդյունքում առգրավվել է 206 ձկնորսական պոլիէթիլենային ցանց, 112 խեցգետնաորսիչ սարք, 3 լողամիջոց, 40 կգ մանրածածան եւ 28 կգ սիգ ձուկ:

Եթե վիճակը քիչ թե շատ բարվոք է մայրաքաղաքի շուկաներում, ապա նույնը չի կարելի ասել լճի առափնյա տարածքների մասին, ուր կարելի է հանդիպել ապօրինի որսված ձուկ առաջարկողների: Սեփական դիտարկումներով նման հետեւության հանգած բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 18-ին կայացած խորհրդակցության ժամանակ բնապահպանական տեսչության եւ «Սեւան ազգային պարկի» ղեկավարներին հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը անմիջապես լճի վրա եւ նավերի օգնությամբ հայտնաբերել ապօրինի դրված ցանցերը, միջոցառումներ իրականացնել որսը կանխելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 25-ին ավարտվում է արգելանքի շրջանը: Նախարարը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ շրջանում իրականացվելիք օրինական որսի դիմաց բնավճարների հնարավորինս լրիվ մուտքագրումն ապահովելու ուղղությամբ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4