«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2007-12-15 | #233, 2007-12-18 | #234, 2007-12-19


ՆՌՆԱՔԱՐԵ ԼԵՌՆԵՐ

Պատմությունը հայտնի եւ անհայտ

Ռուսաստանի եւ Հայաստանի ճակատագրերն անխզելիորեն կապված են պատմության հարյուրամյակներով: Երկու երկրների մշակութային եւ առեւտրական կապերին առնչվող առաջին տեղեկությունները վերաբերում են 10-11-րդ դարերին: «Փոքր եւ Մեծ Հայքերի» մասին հիշատակում կա ռուսական տարեգրության ամենանշանավոր ժողովածուիՙ մոտ 1113-ին ստեղծված «Անցած տարիների պատմության» մեջ: Վանական տարեգիր Նեստորը իր ժամանակի առավել նշանակալի երկրների ցանկում Հայաստանը ներառել է Պարսկաստանի, Հնդկաստանի, Բրիտանիայի եւ մյուսների հետ մեկտեղ: Չնայած 17-րդ դարում Թուրքիան եւ Իրանը կիսեցին Հայաստանի տարածքը, ռուս-հայկական կապերը չխզվեցին եւ շարունակում էին ամրապնդվել: Ռուսաստանը հայերի ազատագրության հույսը դարձավ: 19-րդ դարում Ռուսական կայսրության ձեռնարկած ռազմարշավի շնորհիվ Արեւելահայաստանը եւ Արեւմտահայաստանի մի մասը մտան նրա կազմի մեջ: Այդ իրադարձությունը կանխեց հայերիՙ որպես ազգի բնաջնջումը, թույլ տվեց պահպանել ազգային ամբողջականությունը, լեզուն եւ մշակույթը: Ռուսական կայսրության անկումից եւ խորհրդային պետության կազմավորումից հետո Հայաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ: 20-րդ դարում Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդներն էլ ավելի մերձեցան իրար:

Խորհրդային ժամանակաշրջանի հայ գրողների ու բանաստեղծների ստեղծագործությանը ռուսաստանցի ընթերցողները լավ ծանոթ են ռուսերեն բազմաթիվ հրատարակություններից: Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի անկախության հռչակումից հետո մշակութային կապերը մեծ չափով կորսվեցին, թարգմանչական համագործակցությունը նույնպես թուլացավ. ի դեպ, դա վերաբերում է նաեւ մյուս նախկին խորհրդային հանրապետություններին:

Ներկայումս Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների ու հասարակական կազմակերպությունների ջանքերն ուղղված են երկու պետությունների մերձեցմանը: Քայլերից մեկը դարձավ 2005 թվականը Հայաստանում Ռուսաստանի տարի եւ 2006-ը Ռուսաստանում Հայաստանի տարի հայտարարելը:

Իր գործունեությունը վերականգնեց Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսաստանյան ընկերությունը: Դրա նախագահ Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովի գործուն ղեկավարությամբ սկսվեց Հայաստանի պատմությանն ու գրականությանը նվիրված մատենաշարերի հրատարակությունը:

«Հայաստան, Հայաստան... 200 հարց ու պատասխան երկրի ու ժողովրդի մասին բիբլիական ժամանակներից մինչեւ մեր օրերը» գիրքը Հայաստանի պատմության լավ ուղեցույց կդառնա ընթերցողների լայն շրջանակի համար: Հակիրճ եւ տպավորիչ ձեւով շարադրված են տեղեկություններ երկրի պատմության, աշխարհագրության, տնտեսության եւ մշակույթի վերաբերյալ:

Կիլիկիայի որոնումներում

Գրող եւ «Լիտերատուրնայա գազետայի» երկարամյա սեփական թղթակից Զորի Բալայանը խորհրդային լրագրության լեգենդն է, անխոնջ ճանապարհորդը, «Կիլիկիա» առագաստանավի ստեղծման ոգեշնչողը, նավ, որով նա համախոհների խմբի հետ անցավ «7 ծովերով»: Զորի Բալայանի առագաստանավը ինքնաշեն փայտե նավ է, որը նման է միջնադարյան Հայաստանում պատրաստված նավերին:

Կիլիկիան հին Հայաստանի անվանումներից մեկն է: Զորի Բալայանի եւ նրա թիմի առագաստանավը բուն Հայաստանի պես գրեթե իր քաշի կեսի չափով բեռնված էր գրքերով, Զորի Բալայանի գործերով, հանրագիտարաններով եւ հենց Կիլիկիային նվիրված մենագրություններով, որոնք նա նվեր էր տանում շատ երկրների ծովային նավահանգիստներում գտնվող հայրենակիցներին:

Բալայանի «Վերադարձ» գիրքը նվիրված է Եվրոպայի շուրջը կատարված նավագնացության եզրափակիչ փուլին: Ճանապարհորդների ծովային, օվկիանոսային եւ գետային ուղիներն ապացուցեցին, որ հենց այդպես են նավարկել հին ժամանակներում, երբ աշխարհագրական քարտեզներն աչքի չէին ընկնում ճշգրտությամբ եւ նոր-նոր էին սկսել վերստեղծել Երկրի մակերեւույթի իրական պատկերը: Տարբեր պետությունների նավահանգիստներում կատարված վեց տասնյակ կառանումներ, հանդիպումներ սփյուռքահայության, արտասահմանցի բարեկամների հետ եւ վերստին նավարկություններ Հին աշխարհի ծովերում:

«Սեւ ծով, Բոսֆոր... Միջերկրական ծովն իր տասը սեփական ծովերով, Ջիբրալթար, Ատլանտյան օվկիանոս, Լա Մանշ, Պա դը Կալե, Հյուսիսային ծով, Քիլի ջրանցք, Բալթիկ ծով, Նեւա, Լադոգա, Օնեգա եւ Բելոյե լճեր, Վոլգա-Բալթյան ջրուղի, Վոլգա, Վոլգա-Դոն ջրանցք, Դոն, Ազովի ծով, Կերչի նեղուց, Սեւ ծով: Եվ այստեղ շրջանը փակվեց: Մենք մեզ թույլ էինք տալիս կատակել եւ հեգնել, Եվրոպան անվանելով արդեն ոչ թե ինչ-որ թերակղզի, այլ ամենաիսկական կղզի», գրում է Զորի Բալայանն իր աներեւակայելի երթուղու վերաբերյալ:

Իսկ «Վերադարձ» գիրքը նաեւ պատմություն է հեղինակի ընկերների եւ ուղեկիցների հետաքրքրական ճակատագրերի մասին:

Հայաստանի արձակը եւս պոեզիա է

«Կանչը» առաջին գիրքն է այն շարքի, որը մեզ ծանոթացնում է հայ գրողների ժամանակակից արձակին: Հայաստանի անկախացումից ի վեր նման հրատարակություններ փաստորեն չէին եղել: Պատմվածքների հիմնական թեման Հայաստանի ողբերգական իրադարձություններն են, Սպիտակի երկրաշարժին հաջորդած երկու տասնամյակները, Սումգայիթի դեպքերը, Լեռնային Ղարաբաղի պատերազմը, երկրի շրջափակման հետեւանքները: Ժամանակակից հայկական արձակի հատկանշական գծերն են իրականության դրամատիկ պատկերումը, հերոսների հոգեբանության խոր վերլուծությունը, կյանքի բոլոր փորձությունների դաժանությանը հակառակ բարու վերջնական հաղթանակի հաստատումը: Ապշեցնում է Զորի Բալայանի «Հայդուկը եւ աղջնակը» պատմվածք-եղելությունը, որի հերոսը չի կարողանում սպանել ադրբեջանցի աղջնակին, չնայած սեփական դստեր ողբերգական մահից հետո տված վրեժի երդմանը:

Խաղաղ կյանքի վերածնման տենդագին հույսը Դոնարա Ղարագյոզյանի «Ծառերը» պատմվածքի լեյտմոտիվն է: Այն գրված է իսկական վարպետությամբ:

Գրքի մի շարք հեղինակներ ընտրում են պատումի այլաբանական, առակային ձեւեր: Այդպիսին է Հովիկ Վարդումյանի «Շրջան» պատմվածքը: Դրա հերոսն անծայրածիր ջրատարածքում լողում է քարը վզից կախված: Քարը նրան քաշում է դեպի հատակը, նա ամբողջ ուժով ջանում է դրանից ազատվել, բայց չի կարողանում: Նա հասկանում է, որ դա միակ ելքն է, «անսահմանության պես անհասանելի եւ ճախրող թռչնի պես հեռավոր հույսը»: Հենց հույսն է նրան նոր ուժեր տալիս:

«Կանչ» պատմվածքների գրքի բնական շարունակությունը դարձավ «Սիրտը քար չէ» ժողովածուն, որը միավորեց տասը հայտնի հայ գրողների վիպակները: Նրանք բոլորը չէ, որ նկարագրում են ժամանակակից իրադարձություններ: Բազմաբնույթ է ժանրերի ընտրությունըՙ իրատեսական պատումից մինչեւ ֆանտաստիկ այլաբանություններ: Բայց հեղինակներն արտասովոր հստակությամբ ու պայծառությամբ բացահայտում են այսօրվա Հայաստանի հիմնահարցերի տարբեր կողմերը: Հայ հեղինակների եւ նրանց վիպակների հերոսների աշխարհընկալման եզակի առանձնահատկությունն է ժողովրդի հին պատմության մշտական «ներկայությունը», որը խորություն է հաղորդում իրադարձություններին եւ խառնվածքներին:

Վահան Տեր-Ղազարյանի «Արքայական մետաղադրամ» վիպակն առակ-լեգենդ է թուրքական տիրապետության ժամանակների մասին: Գլխավոր հերոսը պատանի հասակում վերապրել է հայրենի գյուղի կործանումը եւ հարազատների մահը: Հայոց արքայի դիմապատկերով հնօրյա մետաղադրամը նրա մեջ վերածնում է սեփական ժողովրդի համար հպարտության զգացումը եւ զավթիչներին դիմադրելու ձգտումը: Այդ զգացումները նա փոխանցում է իր որդուն: Սակայն նման մարդիկ գյուղում շատ չենՙ ինքը եւ մեկ ուրիշ գաղթական իր չորս որդիներով: Գյուղը պաշտպանողներ չկան, եւ թուրքերը կրկին ավերում են այն: Սեփական ժողովրդի ճակատագրի համար յուրաքանչյուրի պատասխանատվության, անվեհերության, սեփական երկրի հանդեպ սիրո ու հպարտության դաստիարակման վերաբերյալ հեղինակի խոհերն արձագանքում են Հովիկ Վարդումյանի «Այդպես են մեռնում արծիվները» վիպակին: 1994 թվական, Լեռնային Ղարաբաղ, հրամանատարությունն աշխարհազորայինների դասակ է ուղարկում գյուղը գրոհելու: Դասակի կործանումն անխուսափելի է, բայց գրոհն անհրաժեշտ էՙ այսպիսին են պատերազմի օրենքները: Վիպակի հերոսները տարբեր զբաղմունքների եւ տարիքի մարդիկ են: Նրանց միավորել է ընդհանուր չարիքըՙ պատերազմը: Ապշեցուցիչ են այդ մարդկանց արիությունը, մահվան դեմ-հանդիման նրանց անվեհերությունը: Դասակը զոհվում է, բայց անելանելիության զգացում չկա: Քանի դեռ կան նման մարդիկ, ժողովուրդը կապրի:

Դավիթ Մուրադյանի «Հրաժեշտը» հայ մտավորականների ընտանիքի ողբերգական պատմությունն է 20-րդ դարում: Ցեղասպանության ժամանակ զոհվում է գլխավոր հերոսի պապը, եղբայրներից մեկը հայտնվում է օտար երկրում, մյուսը հետագայում ձերբակալվում էՙ «արտասահմանում ազգականներ ունենալու համար»: Գլխավոր հերոսի սիրած աղջիկը, ինչպես պարզվում է, այն մարդու դուստրն է, որը մեղավոր է հերոսի հոր ձերբակալման մեջ: Եվ դա բաժանման պատճառ է դառնում: Այդ դեպքերի շղթան ընտանիքը հասցնում է գրեթե լիակատար ոչնչացման: Ժառանգներից միայն մեկն է հասնում 21-րդ դար, որ վերածնության հույս է, քանզի «չկա երեկվա օր, անցյալը վերածվել է ներկայի, եւ ժամանակ կոչվածը ոչ թե անհետանում է, այլ շարունակում է ապրել մարդկանց մեջ, անցնելով հայրերից որդիներին եւ նրանց հաջորդողներին»:

Պերճ Զեյթունցյանի «Հայելուն մի նայիր» վիպակը մեզ տեղափոխում է 21-րդ դարի Հայաստան: Գրոտեսկի ձեւով, հումորով նկարագրված է ժամանակակից կյանքը: Մարդու համար դյուրին չէ շուկայական նոր իրողություններին ընտելանալը, շուրջը կատարվող երեւույթներն իմաստավորելը:

«Խստաշունչ քնքշության երկիր...»

Հայաստանի պոեզիային Ռուսաստանում լայնորեն ծանոթացան 20-րդ դարի սկզբին Վալերի Բրյուսովի «Հայաստանի պոեզիան» ծաղկաքաղի լույսընծայումից հետո: Հայկական պոեզիայի երկհատորյակի հրատարակումը բրյուսովյան գլուխգործոցի յուրօրինակ շարունակությունն է: Առաջին հատորըՙ «Նռնաքարե համրիչը», արդեն լույս է տեսել: Այդ ժողովածուն կհետաքրքրի ոչ միայն ավագ սերնդին, այլեւ հատկապես երիտասարդ ընթերցողներին, որոնք իրենց համար առաջին անգամ կբացահայտեն հայ բանաստեղծների հրաշալի գործերը: Ժողովածուի մեջ ներկայացված են 20-րդ դարի հայտնի հեղինակներ Եղիշե Չարենցը, Մարո Մարգարյանը (որոնց բանաստեղծությունները թարգմանել են Աննա Ախմատովան, Պավել Անտոկոլսկին, Արսենի Տարկովսկին), Սիլվա Կապուտիկյանը, Ալլա Տեր-Հակոբյանը, Գեւորգ Էմինը, Գլան Օնանյանը, Ավետիք Իսահակյանը, ինչպես նաեւ բանաստեղծներ Արտեմ Հարությունյանը, Գրիգոր Գասպարյանը, Վահագն Դավթյանը եւ ուրիշներ: Իսկ Նինա Գաբրիելյանը գրքում ներկայանում է թե՛ որպես յուրահատուկ հեղինակ եւ թե՛ որպես հայերենից ռուսերենի թարգմանչուհի: Հայ պոետների բանաստեղծություններում զուգորդվում են վառ կերպարայնությունն ու մտքի հղկվածությունը, դրանցում արտացոլվում է դարերի իմաստությունը:

Ռոստովների տունը հաղթահարում է պատնեշները

Ռուսաստանի գրական կյանքում նկատելի երեւույթ դարձավ «Դոմ Ռոստովիխ» գրական հանդեսի 3-րդ համարի լույսընծայումը, որը նվիրված է միաժամանակ Հայաստանում ռուսաց լեզվի տարվան եւ ռուսական խոսքի օրերին:

Հանդեսի թեմատիկ թողարկման հրատարակիչներն են Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսական ընկերությունը, Գրողական միությունների միջազգային ընկերակցությունը, Ռուսաստանի գրողների միությունը, Հայաստանի գրողների միությունը, Ռուսաստանի լրագրողների միությունը: Հանդեսում առաջ է քաշված կարեւոր եւ հույժ անհրաժեշտ խնդիր. «օժանդակել ժողովուրդների ու երկրների միջեւ տեղեկատվական հոսքերի եւ մշակութային (առաջին հերթին գրական) կապերի վերահաստատմանը»:

Հանդեսի «Եվրասիայի գրական կյանքը. Ռուսաստան-Հայաստան» խորագրի ներքո լայնորեն ներկայացված է Հայաստանի բանաստեղծների, գրողների, գրականագետների, փիլիսոփաների եւ հրապարակախոսների, ինչպես նաեւ հայ գրականության հայտնի թարգմանիչների ստեղծագործությունը: Չափածո եւ արձակ, քննադատություն եւ հրապարակախոսություն, արդի եվրասիականությանը վերաբերող սուր քննարկումներՙ ընթերցողն այս ամենը կգտնի «Դոմ Ռոստովիխի» վերջին համարում:

Երեկվա ողբերգական ճշմարտությունը

«Խռովահույզ Ղարաբաղ» գրքում ղարաբաղյան իրադարձությունների անմիջական մասնակից Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովի հուշերն են, որը 1990-1991-ին Լեռնային Ղարաբաղում ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետն էր: Դա ոչ թե ականատեսի կամ դիտորդի, այլ ողբերգական դեպքերի անմիջական մասնակցի վկայությունն է: Ընթերցողին հնարավորություն է տրվում կարդալու Լեռնային Ղարաբաղի դեպքերին առնչվող մեր դեռեւս ընդհանուր պատմության քիչ հայտնի էջերը: Այդ դեպքերը սակավ են լուսաբանվել Խորհրդային Միության պաշտոնական իշխանությունների կողմից, եւ Վիկտոր Կրիվոպուսկովի հուշերի գիրքը ճշմարտացի վկայությունն է այն գաղտնիքների, որոնք մշտապես դառնում են հայտնի:

«Այն ժամանակներից անցել է տասը տարուց ավելի: Առավել հաճախակի ու համառորեն սկսել է հայտնվել ղարաբաղյան գրառումները վերծանելու միտքը, որպեսզի հիշողությունից չջնջվեն իրադարձությունները, փաստերը, մարդկանց անունները, դժվարին տարիներին նրանց հանդես բերած զարմանալի արիությունը, համբերությունն ու վեհանձնությունը: Իմ խորին համոզմամբ, այդ ժամանակներն արժանի են մնալու պատմական հիշողության մեջ», գրքի ստեղծման շարժառիթների կապակցությամբ ասում է հեղինակը:

Վիկտոր Կրիվոպուսկովի կարծիքով, գիրքը կարող է օգնել «պարզելու եւ հասկանալու, թե ինչ պետք է արվի նմանօրինակ ժողովրդական ողբերգությունների կրկնություն թույլ չտալու, ահաբեկչության բոլոր դրսեւորումները կանխելու համար, որպեսզի ապագայում քաղաքականություն մուտք չգործեն այնպիսի մարդիկ, որոնք հանուն անձնական հավակնությունների կդավաճանեին սեփական ժողովուրդներին, նրանց կդրդեին փոխադարձ ոչնչացման»:

Անցյալի խոր վերլուծությունը նախկին խորհրդային սպային թույլ է տվել դառնալ պատմականորեն կապված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության շարունակման նվիրյալներից մեկը:

«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԳԱԶԵՏԱ», 12.12.07 թ., Թարգմանեց Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4