Հանրակրթության որակի, վարքուբարքի մասին խոսելիս մեր կամքից անկախ դժգոհության նետերն ուղղում ենք դպրոցների տնօրենների վրա, լավ իմանալով նրանց պատասխանատվության ու հեղինակության չափուկշռի արժեքը ոչ միայն բանիմաց սերունդ կրթելու, այլեւ ընդօրինակելի վարքագիծ դրսեւորելու, բարձր գաղափարներ եւ արժեքներ կրելու առումներով: «Նմանն զնմանին գտանի», ասում է ժողովրդական ասացվածքը եւ դրա ճշմարտացիությունը վերանայման կարիք երբեւէ չի ունեցել: Հազիվ թե խորագիտակ ու բարեկիրթ դպրոցի տնօրենն իր շուրջը երկար հանդուրժի դասաժամերը ժամավաճառության վերածող, կոշտ ու կոպիտ վարվելակերպով ուսուցչին, մինչդեռ դպրոցը բիզնեսի միջոց դիտող տնօրենը ձգտում է իր կողքին ունենալ հենց այդ որակներով աչքի ընկնող ուսուցիչների:
Խորհրդային դպրոցին փոխարինելու եկած եվրոպական կրթության նոր մոդելը, որ մեզանում ներդրվում է «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրով, վերապատրաստման դասընթացներ է ներառում ոչ միայն ուսուցիչների, այլեւ դպրոցների տնօրենների, դաստիարակության գծով փոխտնօրենների եւ այլոց համար: Կրթության ազգային ինստիտուտում 2004-ից անցկացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 1400 տնօրեն: Հասկանալի է, որ հրավիրված մասնագետները տնօրենների հետ քննարկել են նոր կրթակարգը, գնահատման համակարգը, բովանդակային ու կազմակերպական բազմաթիվ հարցերՙ որոնց բախվում են ուսումնական ընթացքը կազմակերպելիս:
Պարզելու համար, թե այդ դասընթացներում ուսումնական հարցերից զատ ի՞նչ տեղ են գրավում հանրակրթության ոլորտում աչք ծակող բացասական երեւույթները, որ կատարվում են հենց տնօրենների թողտվությամբ, զրուցեցինք կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանի հետ: Նշելով, որ հիշյալ ծրագիրն իր վերջնակետին կհասնի եկող տարիՙ դպրոց տանելով կրթական ու դաստիարակչական նոր մեթոդներ, Մելիքյանն ընդգծեց, որ տնօրենների հետ իրենց աշխատանքը ծրագրի ավարտով չի եզրափակվում ու հետայսու շարունակական է լինելու: «Նրանց հետ քննարկելու դեռ շատ հարցեր կան, ամենահրատապը ավագ դպրոցի հայեցակարգի մշակումն էՙ հասունացած ժամանակի ու ծնողի պահանջով: Որպես ինքնուրույն եւ առանձին կառույց ավագ դպրոցն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ բովանդակային ու կազմակերպական խնդիրներ, որոնցից է կախված հոսքային ուսուցմամբ կրթության շարունակականության ապահովումը: Ավագ դպրոցի կայացումը ոչ միայն դպրոցից բուհ անցումը սահուն դարձնելու ծնողի պատվերն է, այլեւ պետության պահանջն էՙ բանիմաց ու երկրի համար պատասխանատու քաղաքացի ունենալու: Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ են ինչպես խորագիտակ ուսուցիչներ, այնպես էլ իրենց գործն ազնվորեն ու բարեխղճորեն կատարող տնօրեններ», ասում է Մելիքյանը: Տնօրենների հետ զրույցներում իրենք չեն շրջանցում հասարակության դժգոհությունն առաջացնող այնպիսի երեւույթների վերաբերյալ բացախոսությունը, ինչպես դպրոցական կոռուպցիան, բռնությունը: Մելիքյանը կարծում է, որ թեպետ կաշառակերության գոյության մեղքի առյուծի բաժինը տնօրեններինն է, սակայն դրա մի մասը պատկանում է ծնողներին: «Կարծում եմ, կոռուպցիոն երեւույթների առաջացման պատճառների մի մասը պետք է փնտրել ծնողների մտածողության մեջ: Հարցն այն է, որ նրանցից շատերը գաղափար չունեն իրենց իրավունքների մասին ու փորձում են պաշտպանված զգալ ուսուցիչներին ու տնօրեններին այդկերպ սիրաշահելով: Դա հետեւանք է տեղեկատվության պակասի, ինչը փորձում ենք լրացնել դպրոցներին անվճար տեղեկագրեր ու պարբերականներ բաժանելով»: Դպրոցի տնօրենների խղճին է հանձնված այդ տեղեկագրերը դպրոցի գրադարանի մի անկյունում մոռացության տալու կամ հանդիպումների ու քննարկումների միջոցով ծնողին իրազեկելու ցանկությունը: Մելիքյանի հետ մեր զրույցը առավելապես բեւեռվեց հասարակական գիտակցություն ու վարքագիծ ձեւավորելու գործում դպրոցի ունեցած ազդեցության վրա, որի գլխավոր գործոնը եղել ու մնում է դպրոցական, ավելի ճիշտՙ նախադպրոցական դաստիարակությունը: «Անշուշտ, դաստիարակությունը կրթության բաղադրիչներից է, որին վերջին տարիներին քիչ ուշադրություն է հատկացվել: Դպրոցն այս առումով մեծ անելիք ունի, սակայն արդարացի չէ միայն նրանից պահանջելը: Բարձր գաղափարներով սնված բարեկիրթ հասարակություն ունենալու համար խոր փոփոխություններ են անհրաժեշտ, դրա համար պետք է ստեղծվեն համապատասխան սոցիալական պայմաններ: Եթե ծնողը երեխային բարձր արժեքներ է քարոզում, իսկ հեռուստատեսությունն ու բակի ընկերներըՙ գռեհկություն ու լպիրշություն, դրական որեւէ փոփոխություն դժվար է ակնկալել: Դրա համար ժամանակ է պետք, գուցե 1-2 սերունդ պիտի անցնի, մինչեւ բոլոր ոլորտներում ասպարեզ գան բարձր արժեքներ կրող, կենցաղային մտածողությունից ձերբազատված անհատներ: Դրան հասնելու ծանր բեռը պիտի կրեն կրթության ոլորտի պատասխանատուները, հատկապես դպրոցների տնօրեններըՙ ամենայն պատասխանատվությամբ ջանքեր թափելով կրթության որակ, հարգալից մթնոլորտ, անկաշառ հարաբերություններ հաստատելու համար»:
Մելիքյանը հույս ունի, որ այս տարի հանրակրթության դպրոց վերադարձած հասարակագիտություն առարկան որոշակի դրական ազդեցություն կունենա իր արարքի եւ երկրի համար պատասխանատու քաղաքացի դաստիարակելու առումով: Թեպետ այդ պահանջը դրված է բոլոր առարկաների, ավելի ճիշտՙ դասավանդող բոլոր ուսուցիչների առջեւՙ «Հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ խիստ զգալի է արժեքային համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը: Սա այն գլխավոր պահանջն է, որ դնում ենք վերապատրաստվող տնօրենների եւ ուսուցիչների առջեւ»:
Սուր հարցադրումներին, ինքնաքննադատությանը պատրաստ լինելու քաջությունն այն գլխավոր հատկանիշն է, որով օժտված պիտի լինեն ոչ միայն դպրոցի տնօրենները, այլեւ բոլոր նրանք, ովքեր իրենց արարքների համար պատասխանատու են հասարակության առջեւ: «Միանգամայն համաձայն եմ, որովհետեւ երբ գովաբանում ես քեզ, հասարակությանը հեռացնում ես քեզանից, իսկ երբ խոսում ես նրա սրտիցՙ մոտեցնում ես»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ