«Ազատ ձայն» կիպրահայ անկախ ամսագրի վերջին (թիվ 40) համարում տպագրվել է «ՀԲԸՄ-ի ատենապետըՙ անդրդվելի» հոդվածը, որը տեղեկացնում է նոյեմբերի 8-11-ը Կիպրոս ժամանած Բարեգործականի կենտրոնական վարչության ատենապետ Պերճ Սեդրակյանի հետ ռուսաստանցի մեծահարուստ հայերի հանդիպման մասին:
«Այս այցելությունը տեղիք տվեց Մելգոնյան վարժարանի հավանական վաճառքի մասին շատ շշուկների: Շշուկները ծանրակշիռ դարձան, երբ Սեդրակյանը նոյեմբերի 11-ին պաշտոնական հանդիպում ունեցավ Բարեգործականի Կիպրոսի մասնաճյուղերի ատենապետների հետ: Ի բարեբախտություն մեզ, նշյալ հանդիպմանը ներկա են եղել նաեւ մի քանի գործարար մեծահարուստ հայեր Ռուսաստանից, որոնք հարցուփորձ են արել Մելգոնյան վարժարանի մասին: Պրն Սեդրակյանն անմիջապես պատասխանել է, որ «այս հարցն արդեն փակված է»:
Հոդվածում նաեւ նշվում է, որ Բարեգործականի հայաստանյան կրթական ծրագրերում ընդգրկված ռուսահայերին չի բավարարել այդ պատասխանը եւ նրանք փորձել են տարհամոզել Սեդրակյանին հետեւյալ առաջարկով. «Մենք պատրաստ ենք Մելգոնյանի նոր ծրագրի համար ձեզ անվճար հողատարածք տրամադրել Հայաստանում, նաեւ կառուցել դպրոց եւ հանձնել ՀԲԸՄ-ի տնօրինությանը միայն մեկ պայմանովՙ վերաբացել Մելգոնյան վարժարանը: Նաեւ տրամադիր ենք վերջինիս ընթացիկ ծախսերին մասնակից լինել: Այս բոլորը հոժարակամ ենք անելու, որովհետեւ խորապես հավատում ենք Մելգոնյանի առաքելությանը»:
Ըստ հոդվածի, Սեդրակյանը գնահատել է վերոնշյալ մարդկանց հայրենասիրական ոգին եւ խորհուրդ է տվել իրենց առաջարկը գրավոր ներկայացնել Բարեգործականի հայաստանյան գրասենյակին: Այդ ասելուց հետո նա շտապել է օդանավակայան:
Որոշ ժամանակ անց «Ազատ ձայն» ամսագրի խմբագրատունը նշյալ ռուսահայերից տեղեկացել է, որ Ամերիկայի կենտրոնի գրասենյակը էլեկտրոնային նամակ է ուղարկել նրանցՙ հորդորելով համագործակցել Բարեգործականի հայաստանյան գրասենյակի հետ, իսկ Մելգոնյանի մասինՙ ոչ մի խոսք:
«Այս ամենից վերստին հայտնի է դառնում, որ Բարեգործականի կենտրոնըՙ գլխավորությամբ պրն Պերճ Սեդրակյանի, մնում է անդրդվելի Մելգոնյանի փակման որոշման մեջ եւ խուլ ու համր է ձեւանում նույնիսկ նման շինիչ առաջարկների դիմաց»:
Ռ. Պ.