«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2007-12-18 | #234, 2007-12-19 | #235, 2007-12-20


ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ԼՂՀ խորհրդարանը ձեռնամուխ է եղել 2008 թվականի պետբյուջեի օրինագծի քննարկմանը: Երեկվա լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց դեռեւս դեկտեմբերի 1-ին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Ընդ որում, թե՛ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի եւ թե՛ բյուջեի կատարումն ապահովող շուրջ 20 օրինագծերի քննարկման ժամանակ պատգամավորների վերաբերմունքն ընդհանրական դրական էր: Ավելի ստույգ` կառավարության լիազոր ներկայացուցչի համառոտ տեղեկատվությունից հետո պատգամավորներից ոչ մի առաջարկ կամ անհամաձայնություն չեղավ: Բացառություն էր միայն «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության անդամ Գեղամ Բաղդասարյանի հայտարարությունը, որը քննադատեց պետական ապարատի աշխատողների աշխատավարձի բարձրացման ծրագիրը: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ աշխատավարձի ավելացում հիմնականում լինելու է այն ոլորտներում, որտեղ դա նպատակահարմար է: Մասնավորապես, նա շեշտեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որի ստեղծումը սահմանադրական պահանջ է:

ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը գալիք տարվա բյուջեն ներդրումային անվանեց: Նախարարի մատուցմամբ, 2008 թվականին ԼՂՀ պետբյուջեի եկամտային մասը կկազմի շուրջ 49 միլիարդ դրամ, ծախսային մասը` ավելի քան 52 միլիարդ դրամ: Հայաստանի Հանրապետությունից ստացվող վարկի չափը կգերազանցի 29 միլիարդ դրամը: Նոր տարվանից ԼՂՀ-ում նվազագույն աշխատավարձը 20.000-ի փոխարեն սահմանվում է 25.000 դրամ: Շոշափելիորեն աճելու են նաեւ կենսաթոշակները` միջին ամսականը կազմելով 23.800 դրամ:

2008-ի պետբյուջեի հաջորդ քննարկումը կլինի առնվազն 4 օր հետո: Հավանաբար օրենքի ամբողջական ընդունումը սահունորեն կընթանա, մանավանդ պատգամավորների նախնական աջակցությունն ակնհայտ է:

ԼՂՀ սահմանադրության համապատասխան պահանջի համաձայն, առաջին անգամ Արցախում` խորհրդարանը քննության առավ հանրապետության գլխավոր դատախազին նշանակելու հարցը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկած թեկնածուն` կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների ճնշող մեծամասնությամբ, հաստատվեց ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4