«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2007-12-18 | #234, 2007-12-19 | #235, 2007-12-20


ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԵՎ ԳԱԼԱ ՀԸ-Ի

Գյումրիում վերջին օրերին ստեղծված ազատ խոսքի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հասարակական պաշտպանության շտաբի երեկ կազմակերպած հանրահավաքը սկսվեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից մեկնարկած քայլերթով, որի մասնակիցները տանում էին Հայաստանի Հանրապետության պետական, «Ասպարեզ» ակումբի եւ ԳԱԼԱ-ի խորհրդանշանով դրոշներ, պաստառներ, վանկարկում էին «ազատություն», «ազատություն ազատ խոսքին», «ազատություն ԳԱԼԱ-ին» եւ համաքաղաքացիներին կոչ էին անում միանալ իրենց, մասնակցել հանրահավաքինՙ ի պաշտպանություն խոսքի ազատության եւ ԳԱԼԱ-ի:

Չնայած Շիրակի ձմռան ցրտին, հրապարակը լիքն էր մարդկանցով: Բացելով հանրահավաքը, ԳԱԼԱ-ի պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց խնդրի կարճ նախապատմությունը: Արդեն 2,5 տարի աշխատող ԳԱԼԱ մասնավոր հեռուստաընկերությունը հոկտեմբերի 14-ին հեռարձակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ինչին անմիջապես արձագանքել են նախագահի աշխատակազմից, ազգային անվտանգության տեղական կառույցից, հարկային տեսչությունից եւ հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովից: Երբ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը մերժել է «անցանկալիներին» եթեր տրամադրելուց հրաժարվելու նրանց հորդորները, անմիջապես հարկային օպերլիազորներ են ուղարկվել ՀԸ-ի եւ նրա հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի ստուգումների, միաժամանակ բոլոր գովազդատուներին արգելվել է ԳԱԼԱ-ի եթերում գովազդը: Լ. Բարսեղյանը նշեց հետաքրքրական մի մանրամասն, ըստ որի ընկերության հարկային ստուգումները սկսվել են հոկտեմբերի 29-ին, իսկ հանրապետության հարկային պետական ծառայության պետը դեռ դրանից վեց օր առաջ, նախքան ստուգումները սկսելը հայտարարել էր, թե այստեղ հարկային չարաշահումներ են հայտնաբերվել... Ստուգումներից հետո «նկարվել է» 25,2 մլն դրամի իբր թաքցված, չվճարված հարկային պարտք, դատական գործ է հարուցվել: Նոյեմբերի 12-ից ԳԱԼԱ-ի դեմ ծավալված արշավին միացել է Գյումրու քաղաքապետարանը, որը եւս դատական գործ է հարուցել ՀԸ-ի դեմՙ քաղաքի հին հեռուստաաշտարակը նրա հեռարձակող սարքավորումներից ազատելու պահանջով: Այնպես որ, ինչպես նշեց բանախոսը, ԳԱԼԱ-ի եթերազրկման իշխանությունների պայքարը հատուկ կազմակերպված է:

«Այն, ինչ այսօր արվում է ԳԱԼԱ-ի նկատմամբ, նախ եւ առաջ արվում է յուրաքանչյուրիս նկատմամբ», հանրահավաքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա ընթերցեց վանաձորցի թոշակառու կնոջ նամակը, որի ցանկությունն ու պահանջը Հայաստանում գոնե մեկ ազատ հեռուստաալիքի գոյությունն ապահովելն էր:

Խոսքի ազատությունը կարեւորելով որպես հիմնարար արժեք, «Երիտասարդությունը հանուն խաղաղության եւ զարգացման» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Բայբուրդյանը նշեց, թե ոչ ոք, ով էլ լինի, իրավունք չունի այսօր մտնելու մեր բնակարանները եւ թելադրելուՙ ում լսենք եթերով, ումՙ ոչ: Այսօր կարեւոր չէ, օրինակ, նախագահի քանի թեկնածու կա, այլ կարեւոր է, որ կարողանանք բոլորին լսել ու ինքներս կողմնորոշվել, դա մեր իրավունքն է: «Երբ մենք ժամանակին այս հրապարակում կանգնում էինքՙ գիտեինք ինչ երկիր ենք ուզում կառուցել,- ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանը: - Իսկ հիմա...»: Ազատ խոսքը ժողովրդավարության անկյունաքարն է, առանց ազատ խոսքի մենք կդատապարտենք մեր զավակների ապագան, նշեց ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, որն իր եւ կուսակիցների զորակցությունը հայտնեց ԳԱԼԱ-ին ու նրա պաշտպանության հասարակական ջանքերին:

Հանրահավաքում ելույթ ունեցողների թվում էին Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատրյանը, Պետրոս Մակեյանը, ջաջուռցի Սահակ Շիրոյանը, դպրոցական Օֆելյա Միրիջանյանը, Գյումրու ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Պետրոսյանը, ուրիշներ: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, կազմակերպության անունից ողջունելով հավաքի բոլոր մասնակիցներին, ասաց. «Մեր կարծիքովՙ դուք իսկապես խոսքի ազատության ջատագովներն եք: Առհասարակ այնպես է ստացվում, որ Երեւանում կայացած տարբեր կարեւոր իրադարձություններին, նաեւ հանրահավաքներին գյումրեցիներն այստեղից գնում են Երեւան, որպեսզի մասնակցեն: Այսօր մենքՙ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, Երեւանից եկել ենք այստեղՙ սատարելու ԳԱԼԱ ՀԸ-ին, սատարելու գյումրեցիներին իրենց պայքարում, որովհետեւ մենք կարծում ենք, որ խոսքի ազատության պաշտպանության առաջին գիծն այսօր Գյումրիում է: Ես ուզում եմ այստեղ հույս հայտնել, որ այն գործընթացը, շարժումը, որ սկսել են հասարակական կազմակերպությունները եւ որին միացել են գյումրեցիները, կշարունակվի եւ մենք կհասնենք մեր նպատակին»:

Հանրահավաքի մասնակիցների անունից, որին, ինչպես հայտարարվեց, մասնակցում էին ներկայացուցիչներ նաեւ մարզի երեք տասնյակի չափ համայնքներից, կուղղվի դիմում պետական բոլոր շահագրգիռ կողմերինՙ ԳԱԼԱ-ի դեմ սկսված արշավից հրաժարվելու, խոսքի ազատության բոլորիս իրավունքը հարգելու հորդորով ու պահանջով:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4