«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2007-12-18 | #234, 2007-12-19 | #235, 2007-12-20


«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՆԱԽԱՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄՙ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ»

Մեկ անգամ եւս հավաստիացրեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տարին մայրաքաղաքի համար ճանապարհային հանգույցների եւ անցուղիների աննախադեպ ծավալներով շինարարության տարի էր: Մեքենաների թվի կտրուկ ավելացման պայմաններում նման կառույցների շինարարությունը հրատապ քայլ էր, հակառակ դեպքում մայրաքաղաքի փողոցներից եւ հանգույցներից շատերը չէին կարող ապահովել անհրաժեշտ թողունակությունը եւ տրանսպորտի տեղաշարժվելու հնարավորությունը: Երեկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանիՙ շինհրապարակներ կատարած այցի ժամանակ արդեն իսկ ակնառու էր, որ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Այցելության առաջին վայրը Իսակովի պողոտան էր:

Իսակովի պողոտայում 2007-ին կառուցվել են 4 հետիոտնային անցումներ: Դրանցից մեկը կառուցվել է թ. 80 դպրոցի մոտ եւ իրար է միացնում մայրաքաղաքի երկու թաղամասերըՙ Նորագյուղը եւ Կիլիկիան: Մյուս անցումը Արգավանդի եւ Փարաքարի միացման մասում է, հաջորդըՙ երկաթուղուն հարակից հատվածում եւ վերջապես չորրորդըՙ ոստիկանության ակադեմիայի մոտ: Ի տարբերություն մյուս երեք ստորգետնյա անցումների, վերջինը վերգետնյա անցում էՙ կամրջային կապով ու պոլիկարբոնատային ծածկով եւ իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Շուրջ 10 կմ երկարություն ունեցող Իսակովի պողոտան ներկայումս հատում են ընդհանուր առմամբ 8 անցումներ, որոնցից եւս 3-ը կառուցվել են անցյալ տարի, իսկ մեկը կառուցվել է նախկինում:

Խանջյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս խաչմերուկի ստորգետնյա մասում կառուցվող անցուղու շինարարությունը թերեւս ամենածավալունն է մնացած բոլորի համեմատ: Տիգրան Մեծի պողոտայի տակով կառուցվող ստորգետնյա անցուղու շնորհիվ անխափան երթեւեկություն կապահովվի Խանջյան փողոցով շարժվող տրանսպորտային միջոցների համար: Այս կառույցի երթեւեկելի մասի շինարարությունը կավարտվի դեկտեմբերի վերջին, սակայն ամբողջական ավարտը նախատեսվում է միայն 2008-ի օգոստոսին:

Խանջյան փողոցի հաջորդՙ Խանջյան-Վարդանանց խաչմերուկի հատվածում կառուցվում են հետիոտն գետնուղի եւ ստորգետնյա տրանսպորտային անցում: Այստեղ աշխատանքները սկսվել են դեռ 5 ամիս առաջ, ներկայումս թունելի վերին հատվածն արդեն ասֆալտապատված է եւ երթեւեկելի: Վարդանանց փողոցում Երեւանի քաղաքապետի այցելության պահին ասֆալտապատվում էին տրանսպորտային նոր հանգույցի թեքանցները: Շինարարները հավաստիացրին, որ մի քանի օր հետո կառույցն ավարտուն տեսք կունենա: Ինչպես այս, այնպես էլ մյուս շինարարական հրապարակներում, Երվանդ Զախարյանի հանձնարարականով աշխատանքները իրականացվում են եռահերթ եւ սահմանված ժամանակացույցին համընթաց:

Իր բարդությամբ առանձնահատուկ է Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան խաչմերուկում նոր ճանապարհային հանգույցի շինարարությունը, որը քաղաքապետի երեկվա շրջայցի հաջորդ կանգառն էր: Այստեղ կառուցվում են տրանսպորտային ստորգետնյա ուղետար եւ դրան զուգահեռՙ հետիոտնային անցում: Առաջին փուլում շահագործման է հանձնվելու հետիոտնային անցումը, որն ունի 4 մուտքՙ մեկական Նալբանդյան եւ Իսահակյան փողոցներից եւ 2 մուտք Ալեք Մանուկյան փողոցից: Եկող տարի կկառուցվեն թունելի թեքանցները եւ մեքենաները կերթեւեկեն տարբեր մակարդակներով: Այս պահին շարունակվում են Գետառ գետի կառուցապատման աշխատանքները:

Ազատության պողոտան այս տարվա ընթացքում հիմնանորոգվել էՙ «Հաղթանակ» զբոսայգուց մինչեւ Բաբայան փողոց, երկու ուղղություններով 3-ական մետրով լայնացել է ճանապարհը, վերանորոգվել են Կոմիտաս-Դավիթ Անհաղթի ուղետարի թռիչքային եւ ստորին հատվածները, հիմնովին փոխվել է ասֆալտբետոնե ծածկը եւ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կառուցվել նոր ստորգետնյա անցումՙ ցերեկային եւ գիշերային լուսավորությամբ:

Մեկ այլ խոշոր շինարարական ծրագիր է կյանքի կոչվում Բարեկամության հրապարակում, որի նպատակն է Օրբելի փողոցի խաչմերուկից մինչեւ Կասյան փողոց անարգել երթեւեկություն ապահովելը: Դա հնարավոր կլինի դարձյալ ավարտման փուլում գտնվող Կասյան-Բաղրամյան հանգույցի կամրջային էստակադայի միջոցով: Միաժամանակ, անարգել կապ կապահովվի Կիեւյան եւ Քոչարի փողոցների միջեւ:

Օրբելի-Բաղրամյան հանգույցում էլ կառուցվում է տրանսպորտային թունել, որի շնորհիվ օպերայի շենքի կողմից եկող տրանսպորտային հոսքը Օրբելի փողոց կմտնի ստորգետնյա անցումով, իսկ մյուս բոլոր ուղղություններով երթեւեկությունը կիրականացվի նախկինի նման, բայց արդեն շնորհիվ թունելիՙ առանց լուսացույցի: Բարեկամության հրապարակի եւ Օրբելի խաչմերուկի հանգույցների հանդիսավոր բացումը նախատեսված է դեկտեմբերի 26-ին:

Վերոնշյալ բոլոր վայրերում լինելուց հետո քաղաքապետ Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ վերստին հավաստիացրեց, որ բոլոր կառուցվող օբյեկտներում շինարարական աշխատանքները կիրականացվեն սահմանված ժամկետում եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ: Այս տարվա շինարարական աննախադեպ ծավալների մասին խոսելով, քաղաքապետը մատնանշեց, որ սկզբնական շրջանում կար որոշ թերահավատություն դրանց կատարման ժամկետների առումով, բայց քաղաքապետարանի եւ կառուցապատողների հետեւողականության եւ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ այդ բոլոր նախագծերը հաջողությամբ ավարտին հասցնել: 22 մլրդ դրամ արժողությամբ շինարարական աշխատանքները, Երվանդ Զախարյանի հավաստմամբ, կատարվեցին ժամանակին եւ որակով:

Ինչ վերաբերում է հետիոտների համար նախատեսված անցումներին, ապա քաղաքապետը խոստացավ, որ դրանցում կրպակներ չեն տեղադրվի եւ ամեն ինչ կարվի, որ այդ անցումներից օգտվելիս մեր համաքաղաքացիները հաճույք եւ բավականություն զգան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4