«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2007-12-19 | #235, 2007-12-20 | #236, 2007-12-21


ՎՐԱՑ ԼԵՅԲՈՐԻՍՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼ

Ըստ Նաթելաշվիլու, հայկական սփյուռքը լուրջ գործոն է, ջավախեցին էլ` աշխատասեր ու խիզախ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի

«Ազգը» շարունակում է ներկայացնել հունվարի 5-ին Վրաստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված անձանց` վրացահայության խնդիրների ու հայ-վրացական միջպետական հարաբերությունների հեռանկարի առնչությամբ մոտեցումները: Արդեն իսկ ներկայացրել ենք ինչպես միասնական ընդդիմության թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի եւ, նրա ընտրվելու դեպքում արդեն, խորհրդարանական Վրաստանում հավանական վարչապետ Սալոմե Զուրաբիշվիլու տեսակետները: «Ազգի» ընթերցողները ծանոթ են նաեւ վարկանիշային հարցումներում առաջին 4 տեղերից մեկում գտնվող Դավիթ Գամկրելիձեի եւ նրան առաջադրած «Նոր աջեր» ընդդիմադիր կուսակցության դիրքորոշումներին:

Արդեն իսկ յոթ թեկնածու ներառող նախագահական ընտրությունների քվեաթերթիկում, ինչպես նաեւ վարկանիշային հարցումներում ձայների զգալի տոկոս է բաժին հասնում նաեւ Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող Շալվա Նաթելաշվիլուն: Հիշեցնենք, որ վրաց լեյբորիստները միասնական ընդդիմության մաս էին կազմում, բայց ընտրություններին առաջադրեցին առանձին թեկնածու, մինչդեռ, ըստ «Ազգի» տեղեկությունների, ընդդիմության հաղթանակի դեպքում, ամենայն հավանականությամբ, Նաթելաշվիլին կգլխավորի ուժային նախարարություններից մեկը:

Առավել հետաքրքրական է, որ Նաթելաշվիլին իր ժամանակին ընդգծված ընդդիմադիր էր նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին (Շեւարդնաձեի հետ «Ազգի» հարցազրույցը կներկայացնենք ընթերցողներին մոտ օրերս), անգամ 2002-ին ընտրվելով Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ, իր տեղը զիջեց Միխեիլ Սաակաշվիլուն` խորհրդարանում մի քանի հանձնաժողովների նախագահության դիմաց: Բայց հետագայում լեյբորիստները դարձան նաեւ Սաակաշվիլուն ընդդիմություն: Ամեն դեպքում, Նաթելաշվիլին չաջակցեց վարդյա հեղափոխությանը` փոխարենը կողմնակից մնալով Աջարիայում «թագավորող» Ասլան Աբաշիձեին:

Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը, 1995 թվականից կուսակցության նախագահ Նաթելաշվիլու ներկայացմամբ, իր բնույթով ինտերնացիոնալ է: Միջազգային ինտերնացիոնալի անդամ է եւ իր հիմնադրման օրվանից ներառում է Վրաստանում բնակվող բոլոր ազգությունների ներկայացուցիչների` վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, ուկրաինացիներ, հրեաներ, հույներ, ռուսներ եւ այլն:

«Ընդհանրական մոտեցմամբ, մեր դիրքորոշումն այն է, որ բոլոր մարդիկ Վրաստանում պետք է լինեն պաշտպանված, սոցիալապես ապահով, ունենան տնտեսական անվտանգություն: Եվ այս ամենը պետության պարտականությունն է», վստահեցնում է մասնագիտությամբ իրավաբան, 1995-ին հեղինակված վրաց սահմանադրության համահեղինակ Շալվա Նաթելաշվիլին:

Ինչ վերաբերում է Վրաստանում ապրող հայերին, ապա, ըստ լեյբորիստների նախագահի, «մեր հարաբերությունները շատ ջերմ են ոչ միայն քաղաքականության, այլեւ բարեկամական առումով: Ես շատ համադասարանցիներ, համակուրսեցիներ ունեմ, որ հայ են: Մենք մեկ ժողովուրդ ենք, եւ անհնար է բաժանել, ասենք, վրացիների ու հայերի պահանջները: Դրանք նույն պահանջներն են, նույն պատմությունը, նույն առօրյան, նույն ապագան: Մենք առանց միմյանց չենք կարող յոլա գնալ, ինչպես սիամական երկվորյակներ»:

Նախընտրական պլատֆորմում հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանը Նաթելաշվիլուն բավականին ծանոթ է, քանի որ, իր իսկ խոսքերով, դեռեւս խորհրդային տարիներին այդ տարածաշրջանում պատասխանատու էր դատախազության գծով: «Ես հաճախ եմ այնտեղ լինում, շատ ընկերներ ունեմ Ախալքալաքում: Հիշում եմ, որ հաճախ կիրակի օրերին գնում էինք Լենինական, այնտեղ լավ գարեջուր կար` Սեւանի ձկով»:

Ջավախքին առնչվող մեկ այլ հանգամանք էլ, ըստ Նաթելաշվիլու, տարածաշրջանում ժամանակին զարգացած կաթնամսային արտադրությունն էր եւ կարտոֆիլը: «Այդ ամենը անպաշտպան դարձավ խորհրդային համակարգի փլուզումից հետո սահմանների բացմամբ, մինչդեռ պետք էր պաշտպանել ներսի արտադրողին դրսի արտադրանքից: Թուրքիայի հետ սահմանի բացումը այդ տարածաշրջանը դարձրեց անմրցունակ, տարածաշրջանը կորցրեց իր տնտեսական գործառույթը»:

Ելնելով այս իրավիճակից, վրաց բոլոր տարածաշրջանների առնչությամբ լեյբորիստների նախընտրական ծրագրի առաջին կետը վերաբերում է արտասահմանյան արտադրանքից ներսի արտադրողներին պաշտպանելու քաղաքականության մշակմանը, ընդ որում, ամենից առաջ դա առնչվում է գյուղատնտեսական ապրանքներին:

«Գյուղատնտեսական արտադրողների պաշտպանվածության բացակայությունը շրջաններում բերում է այլ խնդիրների առաջացման, որոնք ածանցյալ են: Երբ մարդ սոված է, չունի աշխատանք, գլխում, բնականաբար, տարբեր մտքեր են ի հայտ գալիս: Ուստի առաջին հերթին պետք է լուծել այդ հարցը», գտնում է Նաթելաշվիլին:

Հրատապությամբ երկրորդ խնդիրն էՙ այնպես անել, որ Վրաստանի շրջաններում իրենց տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրեն հենց բնակիչները: Նախորդ տարի աշնանն անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններն, ըստ Նաթելաշվիլու, կեղծեց իշխանությունը, «ընտրված», իսկ ավելի շուտ` նշանակվածներն էլ պատասխանատվություն են զգում ոչ թե ժողովդրի առաջ, այլՙ երկրի նախագահի: «Սամցխե-Ջավախեթիում մարդիկ իրար լավ են ճանաչում, գիտեն` ով ով է: Ուստի կարող են իրենք հիանալիորեն ընտրել տեղական ինքնակառավարման մարմիններ ու այդ կերպ էլ պատասխանատու լինել»:

Ինչ վերաբերում է Վրաստան-Հայաստան հարաբերություններին, ապա դրանք, Նաթելաշվիլու կարծիքով, անբավարար գնահատականի են արժանի: «Վրաստանի ղեկավարության արտաքին քաղաքականության պատճառով, որ ամենից առաջ մինչեւ վերջին սահմանը ռուս-վրացական հարաբերությունների բարդացում է ենթադրում, տուժում է ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Հայաստանը` ապրանքաշրջանառության, բեռնափոխադրումների, սահմաններն անցնելու, աշխատանքային շուկայի կտրվածքով»:

«Ռուսաստանի հետ այսօրինակ հարաբերությունները պետք է շուտափույթ կարգավորել, այլապես մենք կխեղդվենք այս աշխարհաքաղաքական միջանցքում, որում հայտնվել ենք», գտնում է Նաթելաշվիլին: Ընդ որում, լեյբորիստների մոտեցմամբ, Վրաստանը պետք է պահպանի երկրի կողմնորոշման արեւմտյան վեկտորը, բայց ոչ ի վնաս ռուս-վրացական հարաբերությունների: Իսկ այս ամենի ֆոնին Հայաստանի հետ հարաբերություններում, Նաթելաշվիլու խոսքերով, պետք է հաշվի առնել, «...որ մենք փաստացի մեկ ժողովուրդ ենք, շատ հարցերում` նույն մշակույթի»:

Լեյբորիստների նախաձեռնությունն է նաեւ ստեղծել կովկասյան խորհրդարանական վեհաժողով, որը, Նաթելաշվիլու վկայությամբ, արդեն հավանության է արժանացել Վրաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների կողմից: «Կարծում եմ, դա է մեր հարաբերությունների վաղվա օրը: Թող Բաքվում, Թբիլիսիում, Երեւանում նստող խորհրդարանները հավաքվեն ու սովորեն միասին աշխատել, խնդիրներ լուծել` փոխանակ միմյանց վրա քար շպրտելու»:

Նաթելաշվիլու համոզմամբ, Հարավային Կովկասի երկրները դատապարտված են միասին ապրելու, ուստի պիտի միասին լուծեն տնտեսական, տարածքային եւ այլ շատ հարցեր: Ինչքան շուտ նման ընդհանրական կառույցներ ստեղծվեն, այդ թվում` քաղաքական, դա մեծ քայլ կլինի ապագայի ուղղությամբ: Ընդ որում, ըստ լեյբորիստ թեկնածուի, «կովկասյան խորհրդարանական վեհաժողովին կարող է մասնակից լինել նաեւ Ռուսաստանի Պետդուման, քանի որ Ռուսաստանը եւս կովկասյան երկիր է»: Դրան զուգահեռ պետք է ստեղծել Կովկասի անվտանգության խորհուրդ, փոխհարաբերությունների ինտեգրալ սխեմաներ մշակույթի, կրթության ոլորտներում:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարդությանը, ապա, ըստ Նաթելաշվիլու, ի վերջո պետք է լուծել նաեւ այդ տարածքային հարցերը, քանի որ հավերժորեն չես վիճի այն հարցի շուրջը, թե ով եւ երբ է ապրել տվյալ տեղում: «Եկեք ընդունենք, որ բոլորս էլ ապրել ենք այս հողերի վրա եւ կարող ենք ազատ տեղաշարժվել: Ստեղծենք այնպիսի իրավիճակ, յուրօրինակ կովկասյան տուն, որտեղ ցանկացողը կարող է ապրել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում կամ Վրաստանում: Այդ ժամանակ բոլոր հարցերը կլուծվեն»:

Իսկ այն, ինչ այսօր իրողություն է Աբխազիայի կամ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ` նկատի ունենալով չկարգավորվող հարաբերությունները, Նաթելաշվիլին գտնում է, որ պետք չէ հարմարվել դառը իրողություններին: «Պետք է հաղթահարել այդ իրողությունները եւ լինել ավելի լավատես: Մենք հաճախ ժամանակ ենք կորցնում այն վեճերի վրա, օրինակ, թե ով եւ երբ է կառուցել որեւէ եկեղեցի` հայերը, թե վրացիները, թե ադրբեջանցիները: Պետք է ընդունել, որ դա մեր բոլորի ժառանգությունն ու հարստությունն է»:

Ջավախքի բնակչության առումով էլ Նաթելաշվիլու որակումները բավականին բարձր են` աշխատասեր, ջերմ, խիզախ ժողովուրդ: «Ջավախեթի այցելության ընթացքում ծրագրում ենք ներկայացնել տեղական արտադրողների պաշտպանության մեր մոտեցումները: Նաեւ կանդրադառնանք կրթական, մշակութային հարցերին, տարածաշրջանում զբաղվածության խնդիրներին»:

Բավականին հետաքրքրական է, որ ի շարս մյուս թեկնածուների, Նաթելաշվիլին եւս ծրագրում է օգտագործել հայկական սփյուռքի հնարավորությունները, ընդ որում` նաեւ հօգուտ Վրաստանի: Հայկական սփյուռքը լուրջ գործոն է` ներկայացված գիտնականներով, բարձրակարգ մասնագետներով եւ այլն: «Հայերը վրացիների հետ մեկտեղ պետք է հպարտ լինեն Վրաստանով: Շատ հարցեր կարելի է հեշտ լուծել, եթե պետական կամք լինի, մինչդեռ մեր նախագահի կամքն է միայն կեղծել ընտրությունները, միլիարդներ կուտակել եւ հարստացնել իր կլանն այն դեպքում, երբ մարդիկ նույն այդ կառավարության համար միայն վիճակագրական երեւույթ են»:

Վրաստանում, ըստ Նաթելաշվիլու, էթնիկ խտրականություն չկա: «Վրաստանում գոյություն ունի ողջ բնակչության խտրականություն, բնակչություն, որի 70 տոկոսը աղքատության եզրին է: Վրաստանում սովից են մահանում ինչպես վրացիները, այնպես էլ հայերն ու ադրբեջանցիները, մյուսները: Նորմալ պայմաններում է ապրում միայն Վրաստանի էլիտան, որի մեջ կան ինչպես վրացիներ, այնպես էլ հայեր: Կան հայեր, օրինակ, վրաց խորհրդարանում, բայց նրանք երբեք չեն խոսում իրենց տարածաշրջանի բնակչության խնդիրների մասին: Ես երբեք նրանցից նման հայտարարություն չեմ լսել: Նստում ու լռում են, ճիշտ այնպես, ինչպես եւ մյուս պատգամավորները ուրիշ շրջաններից», ներկայացնում է 1992-99 թվականներին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եղած Շալվա Նաթելաշվիլին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4