«Կին առաջնորդ» ֆորումը, ի դեմս նախագահող անդամ Գայանե Մարկոսյանի, ակտիվություն է ցուցաբերել ապահովելու կանանց ներկայությունը խորհրդարանում: Այսօր կանայք ավելի շատ տեղ են զբաղեցնում երկրի առողջապահական, կրթական, մշակութային ոլորտներում, քան քաղաքական դաշտում: Եվ երեկ «Ուրբաթ» ակումբում «Կին առաջնորդ» ֆորումը քննարկման էր հրավիրել ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանին, իսկ «Ազգային միաբանությունից»ՙ Գագիկ Թադեւոսյանին: Հեղինե Բիշարյանը նշեց, որ խորհրդարանում օրենք է ներկայացրել կանանց եւ տղամարդկանց գենդերային խնդրի շուրջը: Սակայն խորհրդարանում օրենքին լուծում չտրվեց: Իր կարծիքն արտահայտեց նաեւ Գագիկ Թադեւոսյանը: Ըստ նրա, կանայք նույնպես պետք է տեղ գրավեն այն ոլորտներում, որտեղ մասնագիտական եւ կարողության առումով չեն զիջում տղամարդկանց: Վերջինս անդրադառնալով ՀՀ սահմանադրությանը` նկատեց, որ սահմանադրական հանրաքվեն կեղծված է եւ կրկին պետք է խմբագրվի. «Մենք կարեւոր դեր ենք տալիս դատական իշխանության անկախացմանը: Պետք է լինի արդար դատարան, արդար ռեֆորմ եւ միաժամանակ կողմ ենք պառլամենտական հանրապետությանը, որը ճիշտ ուղղությամբ է գնում: Իսկ այսօր օլիգարխիկ պառլամենտ ենք ձեւավորել, որը ճիշտ ուղու վրա չէ»: Տիկին Բիշարյանն էլ հավելեց, որ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը հենց կապված էր կոռումպացված իրավիճակի հետ. «Նույնիսկ Սահմանադրական դատարանը անկախ չէ` գործիք է հանրապետության նախագահի ձեռքին: Օլիգարխներն այսօր ոչ մի մեղադրանք չեն ստանում եւ երկրում բացահայտ է կլանային քաղաքականությունը: Երբ կանանց մասին օրենքի նախագիծը քննարկում էինք, տիկին Ալվարդ Պետրոսյանն ասաց, որ դեմ է այդպիսի օրենքին: Եվ քանի որ մարդու իրավունքի պաշտպանության հանձնաժողովում էր քննարկվում այդ նախագիծը, որի հանձնաժողովի նախագահը նույնպես կին էր` Արեւիկ Պետրոսյանը, կտրականապես դեմ էր եւ արգելեց, որ այն մտնի շրջանառության եւ քննարկման մեջ: Եթե մենք իսկապես մտահոգված ենք կանանց խնդիրներով` կանայք պետք է միավորված աշխատեն, որպեսզի արդյունք լինի: Պարզ մի օրինակ. մեր կուսակցությունը առաջադրեց երեք կին թեկնածու Վանաձորում, Շենգավիթ համայնքում: Ի՞նչ տեղի ունեցավ. կանանց միջոցով, դպրոցի տնօրենների, նույն կին հանձնաժողովի անդամների միջոցով ուղղակի խախտեցին իմ բոլոր ձայները: Ես արեցի փորձ, դուրս եկա այս բիրտ իշխանությունների դեմ` մեծամասնական թեկնածություն դնելու: Կանայք չմիավորվեցին: Եթե կան կանանց խնդիրներ, չպետք է քաղաքական տարբեր ուժերի մասին խոսել` որ կուսակցությունից են: Ուղղակի կանայք պետք է իրար հետ խոսեն եւ աջակցեն միմյանց: Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, թե երկրում այսպիսի խնդիր չկա, բայց խնդիրը առկա է»:
Գագիկ Թադեւոսյան. «Ազգային ժողովի երկրորդ գումարմանը ներկա լինելով, աշխատելով կանանց խնդիրների հետ` կարող եմ ասել, որ էքսպերտների հսկայական բանակի 95 տոկոսը կանայք են, նաեւ մեր կուսակցությունում շատ մեծ տեղ են գրավում կանայք: Կանանց մայր իշխանություն չենք ուզում, բայց որ կինը պետք է արժանի տեղ գրավի պետական, քաղաքական, իրավական խնդիրներում` ընդունելի է»:
Քննարկմանը դժգոհություն եղավ, որ պետական բյուջեն չի ֆինանսավորում կանանց վիրահատման համար: Տիկին Բիշարյանն էլ անդրադարձավ նոր հանրապետության նախագահին սպասարկող ինքնաթիռի գնմանը` որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով:
Գագիկ Թադեւոսյանն էլ իր եզրակացությունները հայտնեց վերջին հանրահավաքներից. «Չենք ընդունում սանձարձակ քննադատությունները, թե Խորհրդային Հայաստանը ունեցել է լագերային էկոնոմիկա: Խորհրդային Հայաստանը ունեցել է զարգացած տնտեսություն: Այսօր բոլոր գինու, կոնյակի կոմբինատները իրար հետ միասին չեն կարողանում մի Հոկտեմբերյանի շրջանի չափ խաղող մթերել: 94-ին Իսրայելի փոխդեսպանը Վրաստանում ելույթ ունենալիս ասաց, որ տարածաշրջանի ամենաարագ զարգացող տեմպերի հնարավորությունը հայերն ունեն, որովհետեւ սփյուռք ունեն: Եթե սփյուռքի գործիչները կարողանան ճիշտ ներդրումներ անել Հայաստանում` պահածոների արտադրությունում, ագրոարդյունաբերական համալիրում` կլինեն ամենամրցունակը ամբողջ Մերձավոր Արեւելքում: Խորհրդային Միության պահածոների արտադրության պահանջարկի 24 տոկոսը Խորհրդային Հայաստանն է տվել»;
Կին առաջնորդների ֆորումը շարունակելու է քննարկումների շարքը, որի ընթացքում հրավիրելու է նախագահի թեկնածուների ներկայացուցիչներին եւ թեկնածուներին:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ