«Սեւ» PR-ը հասնում է իր գագաթնակետին
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախաքարոզչական այսօրվա վիճակն իր դրսեւորումներով նման չէ նախկինում անցկացված որեւէ ընտրության նախորդած ժամանակաշրջանին, քանի որ այժմ «սեւ» PR-ի տեսակարար կշիռն անչափ մեծ է: Երեկ «Փաստարկ» ակումբում նախընտրական ժամանակաշրջանում կիրառվող քաղաքական տեխնոլոգիաների մասին խոսելիս այս կարծիքը հայտնեց քաղաքագետ, ակումբավարի ներկայացմամբՙ PR-ի մասնագետ Գերասիմ Բարսեղյանը:
Նրա խոսքով, այս շրջանում քաղաքական գործիչները զբաղված են միայն իրար մրոտելով, ինչի նպատակը հիմնական հակառակորդին հրեշ դարձնելն է, որին ժողովուրդը դեմ կքվեարկի. «Հիմնական նպատակը հրեշի կերպար ստեղծելն է եւ ակնկալելը, որ ժողովուրդը ոչ թե իրեն կողմ կքվեարկի, այլ հիմնական հակառակորդին դեմ»: Քաղաքագետը համոզված է, որ կա նախընտրական քարոզչությունն ավելի գաղափարազուրկ, ծրագրային մոտեցումներից զուրկ դարձնելու միտում. հավաքել չկողմնորոշվածների մեծ զանգված, ինչը հետագայում ավելի հեշտ կլինի օգտագործելը: Գերասիմ Բարսեղյանը նկատեց սակայն, որ «սեւ» PR կիրառողները պետք է չմոռանան մի հանգամանք, որ «սեւ» PR-ը որքան կործանարար է դիմացինի համար, նույնքան կործանարար կարող է լինել հենց կիրառողի համար: Տուժում է հասարակությունը, որը, քաղաքագետի համոզմամբ, ավելի նախընտրում է ապագայի ծրագրերից խոսող թեկնածուին, քան անցյալի վրա հիմնված ելույթներ ունեցողներին:
Նախաքարոզչական ներկա իրավիճակի հաջորդ միտումը, երիտասարդ քաղաքագետի խոսքով, վարկանշային PR-ն է. սոցիոլոգիական հարցումները, հետազոտությունները միշտ էլ եղել են, բայց այդ PR-ն այսօր «ավելի լուրջ շեշտադրումներ ունի»:
«10 տարվա լռությունից, խորհրդավորությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ ու այդ իմաստով շատ լավ հայտնվեց, բայց պարզվեց, որ նա գալիս է կոնկրետ ծրագրով` ասելու, որ այս իշխանությունները վատն են, մինչդեռ ժողովուրդը հստակ արժեքային ծրագիր էր սպասում», ասաց քաղաքագետը պատասխանելով «Ազգի» հարցին` ո՞րն է պատճառը, որ նախաքարոզչական մթնոլորտի վիճակն այսպիսին է: Ակումբի հյուրի կարծիքով, առաջին նախագահի բազմիցս հնչեցրած հայտարարությունը, թե իր հիմնական թիրախը իշխանության թեկնածուն է, պարզապես չգործող թեզ էր: Նրա համոզմամբ, նախկին նախագահի PR-ը, ընդ որում, «ավելի սեւացնում է» ոչ թե հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ նրան սպասարկող մամուլը, որն ամեն օր, բացի իշխանության թեկնածուից, սեւացնում եւ մրոտում է նաեւ մյուս թեկնածուներին:
Գերասիմ Բարսեղյանի գնահատմամբ, այս պահին նախագահի թեկնածուներից որեւէ մեկի PR-ը հեռու է կատարելությունից, բայց գոնե մինչ այս պահը իշխանության թեկնածուն ավելի կոռեկտ է. «սեւ» PR-ի տարրեր չկան, պատասխաններ կան, բայց ինֆորմացիայի դոզավորման առումով դեռ կոռեկտություն կա»: «Ազգի» հաջորդ հարցին, թե որքանով է իշխանական թեկնածուի PR-ի կոռեկտությունը պահպանվում, երբ առաջին նախագահին պատասխանում է նաեւ հանրապետության նախագահը, Գերասիմ Բարսեղյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը բացահայտ հայտարարել է, որ խաղում է էդ թիմից եւ բնականաբար որպես էդ թիմի առանցքային անդամ ինքը որոշակի իրավունքներ է վերապահում` հատկապես որպես էդ անցյալի կարեւոր դրվագներից լավատեղյակ մարդ, կարող է իրեն իրավունք վերապահել որոշակի դատողություններ անել: Ես դա նորմալ եմ համարում, եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ սա ընտրությունների տրամաբանությանը դեմ է լինելու»:
Քաղաքական հակառակորդին անթույլատրելի մեթոդներով ու միջոցներով ոչնչացնելու, անձնական վիրավորանքի մակարդակի իջեցնելու ամբողջ քաղաքական պայքարը, եթե այս տեմպերով շարունակվի, քաղաքագետի կանխատեսմամբ, շատ վտանգավոր կարող է դառնալ հենց բուն ընտրությունների շրջանում: «Անկանխատեսելի քարոզչություն է սպասվում այս իմաստով, իսկ թեկնածուներն էլ իրենց հիմնական զենքերը պահում են: