«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2007-12-19 | #235, 2007-12-20 | #236, 2007-12-21


ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԱԶԱՖԻԿԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍՙ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Գազպրոմում» տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ եւ երկրի նախագահի ամենահավանական թեկնածու Դմիտրի Մեդվեդեւը պահանջել է կարգի հրավիրել այն չինովնիկներին, որոնք բնակչության վրա են գցում բնակավայրերի գազաֆիկացման ծախսերը: Նա մասնավորապես ասել է, որ ռուսաստանյան տարածաշրջանների գազաֆիկացումը լուրջ սոցիալական նշանակություն ունի եւ անթույլատրելի է այդ ծախսերը բնակչության վրա թողնելը: Փոխվարչապետը նաեւ նշել է, որ փողոցների գազատարների կառուցումն ու միացման վճարը պետք է կատարվի բյուջետային միջոցների հաշվին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «Հայռուսգազարդի» մշակած «ՀՀ տարածքում 2003-2007 թթ. գազամատակարարման վերականգնման եւ գազաֆիկացման» ծրագրով, «Հայռուսգազարդի» միջոցներով շահագործման է հանձնվել 12148 կմ գազաբաշխիչ ցանցը, որի երկարությունը 2002-ին 9168 կմ էր: Այդ տարիների ընթացքում Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 21 տոկոսից հասցվել է 90 տոկոսի: Այս ցուցանիշով մենք առաջինն ենք ոչ միայն ԱՊՀ երկրների մեջ, այլեւ աշխարհում: 2007-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ, բնական գազ ունեցողների փաստացի ցուցանիշը կազմել է 505 հազար մարդ, որն արդեն 5 տոկոսով գերազանցել է խորհրդային տարիների 485 հազար մարդ ցուցանիշը:

Գազաֆիկացման լուրջ սոցիալական նշանակության մասին է խոսում այն փաստը, որ էլեկտրաէներգիայի փոխարեն բնակիչների գազի օգտագործումը հնարավորություն է տվել Հայաստանում խնայելու տարեկան 250-300 մլն դոլար, իսկ տրանսպորտային միջոցների համարՙ 180-200 մլն դոլար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4