Ֆիրմային անվանումների գրանցումն այսուհետեւ կհեշտանա: Այդ մասին կառավարության ընդունած որոշումը երեկ լրագրողներին ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Նա հայտնեց, որ ներկայումս ֆիրմային անվանումները նախ գրանցվում են ռեեստրում, հետո մտավոր սեփականության մարմնում: Նոր կարգով այստեղ գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքը: Այսինքն, ընկերության ֆիրմային անվանումը գրանցվելու է մտավոր սեփականության գործակալությունում, որից հետո այդ կառույցը տեղեկատվությունը փոխանցելու է նաեւ արդարադատության նախարարությանը: Դրանով կնվազի ոչ միայն գրանցման գործընթացի ժամանակը, այլեւ դրա հետ կապված ծախսերը: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ այստեղ կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ:
Նոր փաստաթղթով որոշակի հստակեցում է մտցված ֆիրմային անվանումների եւ ապրանքային նշանների հարցում: Մասնավորապես, Ներսես Երիցյանը պարզաբանեց, որ այս որոշմամբ առաջնայնությունը տրվում է ապրանքանշաններին եւ հնարավորություն ընձեռում դրանց սեփականատերերին պաշտպանելու իրենց մտավոր սեփականությունը: Մի խոսքով, այս ամենն ուղղված է բիզնես միջավայրի բարելավմանը, եզրափակեց նախարարը:
Ա. Մ.