«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2007-12-19 | #235, 2007-12-20 | #236, 2007-12-21


ԿԱՀԻՐԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱԲԱՑ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգն» արդեն տեղեկացրել է դեկտեմբերի 13-ին Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետի կազմում հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադրման մասին, որի արարողությանը պաշտոնապես հրավիրվել էր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արեւելագետ Նիկոլայ Հովհաննիսյանը եւ ելույթ ունեցել «Հայ-արաբական պատմամշակութային հարաբերությունները» թեմայով: Ստորեւ ներկայացվող զրույցում պրն Հովհաննիսյանը անդրադառնում է վերոհիշյալ կենտրոնի դերին ու նշանակությանը եւ որոշակի մանրամասներ է հաղորդում բանախոսության նյութի մասին:

- Հայաստանի Հանրապետության արեւելյան քաղաքականության մեջ վերջին շրջանում նկատվող ակտիվացումների մեջ կարեւորվում են հարաբերությունները արաբական երկրների եւ առաջին հերթին դրա ամենաազդեցիկ երկրիՙ Եգիպտոսի հետ: Այդ առումով 2007-ը կմտնի հայ-եգիպտական միջպետական հարաբերությունների մեջ, որպես փուլային մի շրջան, երբ նոր էջ բացվեց 2 երկրների համագործակցության համար: Այս շրջանակներում պիտի դիտարկել այնպիսի կարեւոր ձեռնարկի իրագործում, ինչպիսին Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետի կազմում հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադրումն է: Կահիրեի համալսարանը մեծ հեղինակություն վայելող ուսումնական հաստատություն եւ գիտական կենտրոն է ոչ միայն Ասիայի եւ Աֆրիկայի երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Բավական է նշել, որ այնտեղ սովորում է 250.000 ուսանող: Համալսարանի շենքի ամենակենտրոնական տեղում, առաջին հարկում տեղադրված է համապատասխան ցուցանակըՙ անգլերենով եւ արաբերենով: Արդեն հատկացված է վարչական երկու աշխատասենյակՙ տեխնիկական միջոցներով եւ գույքով:

Աշխարհի տարբեր համալսարանների հայագիտական կենտրոնների մեջ սա առաջինն էր, որի հիմնադրման որոշումը կայացրել է տվյալ երկրի կառավարությունը, այս պարագայումՙ Եգիպտոսի վարչապետը, դեռեւս ապրիլ ամսին: Դա նշանակում է, որ եգիպտական կողմը չափազանց կարեւորություն է տալիս այս կենտրոնի բացմանը եւ դիտարկումՙ որպես Հայաստանի հետ միջպետական կարեւոր քայլերից մեկը:

- Այս տարածաշրջանում հայագիտական այլ կենտրոնների նկատմամբ (նկատի ունեմ հատկապես Երուսաղեմի Եբրայական համալսարանինը) ի՞նչ տարբերություն կամ առավելություն է ունենալու Կահիրեի հայագիտական ուսումնասիրությունների նորաբաց կենտրոնը:

- Երուսաղեմի համալսարանում գոյություն ունեցող կենտրոնն ավելի նեղՙ որոշակի ուղղվածությամբ է գործում. հիմնականում միջնադարյան աղբյուրագիտությամբ է մասնագիտացված, մինչդեռ սա ավելի ընդգրկուն է. այն հարցերը, որ դնում է Կահիրեինը, Մայքլ Սթոունի ղեկավարած ամբիոնը դրանց չի անդրադառնում: ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում գոյություն ունեցող հայագիտական ամբիոնները նախ չեն ստեղծվել այդ երկրների կառավարությունների որոշմամբ, այլ համայնքներն են որոշակի գումարներ տրամադրել այդ համալսարաններին, եւ բնականաբար պիտի բացվեին:

- Եվ ինչպիսի՞ ուսումնական, գիտական գործունեություն է ծավալելու Կահիրեի համալսարանի հայագիտական կենտրոնը, որով ավելի կարեւորվում է դրա նշանակությունը:

- Նախքան այդ հարցին անդրադառնալը ուզում եմ ներկայացնել այս ձեռնարկի իրագործմանը նպաստող հանգամանքները: Կենտրոնի հիմնադրման մասին վաղուց էր խոսվում, դեռ 90-ականներից, բայց կային որոշ դժվարություններ եւ խոչընդոտներ: 2007-ի ապրիլին ՀՀ նախագահի Եգիպտոս կատարած պետական այցից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին հայ-եգիպտական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Դրանից բացի Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը եւ տեղի հայ համայնքը տանում էին կարեւոր աշխատանքներՙ հիմնավորելու, տարածելու այն տեսակետը, որ հայ-արաբական, հայ-եգիպտական հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն, եւ որ հայերը շատ կարեւոր դեր են խաղացել Եգիպտոսի պատմության մեջ: Այս առումով մեծ ծավալի աշխատանք է տարվել մեր դեսպանությունում, եւ հատկապես դեսպան Ռուբեն Կարապետյանի կողմից. ինքն արաբագետ է եւ այդ պրոբլեմները հստակ է պատկերացնում:

Այժմ կենտրոնի խնդիրների մասին. նախապես հանդիպումներ ունեցա ֆակուլտետի դեկան Ահմադ Զայեդիի եւ պրոռեկտոր Քամիլիի հետ, քննարկվեցին խնդրո կենտրոնի գործունեության շրջանակները: Արդեն հունվարի կեսերից պետք է իրականացվի հայոց լեզվի ուսուցումՙ որոշակի ժամաքանակով, որին կարող են մասնակցել տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ասեմ նաեւ, որ համալսարանական ծրագրերում արդեն կար պարսկերենի, թուրքերենի ուսուցում: Ֆակուլտետը կոչվում է գրականության, բայց արաբերենում «ադափ» բառն ավելի լայն իմաստ ունի, դա ե՛ւ լեզու է, ե՛ւ արվեստ, մշակույթ, ե՛ւ փիլիսոփայություն, այսինքնՙ այն, ինչ մենք համարում ենք հասարակագիտություն կամ հումանիտար գիտություններ: Ամենակարեւորըՙ այստեղ պիտի անցկացվեն գիտական քննարկումներՙ լեզվի, գրականության, քաղաքագիտության, պատմության եւ այլ հարցերի շուրջ, որոնք կարող են լինել գիտաժողովների, քննարկումների, սիմպոզիումների, կոնֆերանսների եւ այլ ձեւերով:

- Հայաստանի մասնագետների մասնակցությամբ, այնպես չէ՞:

- Իհարկե, եւՙ տեղական ուժերի մասնակցությամբ, դա կարող է տեղի ունենալ ե՛ւ Կահիրեում, ե՛ւ Երեւանում: Եվ երրորդ կարեւոր գործունեությունը ամսագրի հրատարակումն է, որն իրականացնելու պատրաստակամություն հայտնեցին իրենք: Դա կարող է լինել եռամսյա, եթե նյութերը բավարարեն, եթե ոչՙ մեկամյա պարբերությամբ: Ամսագիրը թողարկվելու է «Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն» գրիֆով:

- Ընդհանրացնող ինչպիսի՞ գնահատական կտաք այս կենտրոնի հիմնադրմանը եւ ակնկալվելիք հետագա գործունեությանը:

- Հայագիտական կենտրոնի խորհուրդը գլխավորում է Ահմեդ Զայեդին, որ Եգիպտոսի կառավարող կուսակցության քաղաքական մարմնի անդամ է: Սա եւս մեծ վկայություն է այս կենտրոնին տրված կարեւորության: Արդեն նշվեց, որ հայերեն լեզվի ուսումնասիրությունը կարեւոր, բայց հիմնական խնդիրը չէ: Սա գիտական, զուտ մասնագիտական կենտրոն է, որտեղ քննարկվող նաեւ կնճռոտ խնդիրները ներկայացվելու են իբրեւ արաբա-հայկական տեսակետ, որը ավելի հնեչեղություն կտա հարցերին: Դրան նպաստելու համար ուսումնասիրվում է հայերենը, բուն հայկական սկզբնաղբյուրներից տեղեկություններ ստանալու համար: Մեր աջակցությունը նորաստեղծ կենտրոնին նաեւ հայագիտական համապատասխան գրականությամբ ապահովելն է լինելու, հասկանալի էՙ օտար լեզվով հրատարակությունների մասին է խոսքը: Լրջորեն պետք է զբաղվել հայագիտության տարբեր ոլորտներում մեր գիտնականների օտար լեզուներով հրատարակված գրականության հայթայթմամբ եւ դրանցից կենտրոնի գրադարանին օրինակներ տրամադրելու հարցով: Այլապես նրանք ստիպված են լինելու օգտվել օտար, այդ թվում թուրքական աղբյուրներից եւ կրելու են, թուրքական պատմագիտության ազդեցությունը, հատկապես Ցեղասպանության հարցում:


Հայացք պատմությանը

Սերտացնող անցյալՙ իր դժվարություններով

- Պրն Հովհաննիսյան, կենտրոնի բացման արարողության ժամանակ Դուք բանախոսել եք «Հայ-արաբական պատմամշակութային հարաբերությունները» թեմայով, ինչպիսի՞ ընդհանուր բնութագրում եք տվել այս 2 ժողովուրդների պատմական անցյալին ու ներկային:

- Կենտրոնի բացման արարողությանը ներկա էր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական այն կազմը, ովքեր առնչություն ունեն արեւելագիտությանըՙ արեւելագետներ, պարսկագետներ, թուրքագետներ: Դասախոսությունը կարդացի անգլերենով, արաբերենի համընթաց թարգմանությամբ: Ելույթիս հիմնական էությունն այն էր, որ հայ-արաբական հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն, որ հայերն ու արաբները տարածաշրջանի հնագույն քաղաքակրթություն ունեցող ժողովուրդներից են, որոնք ստեղծել են սեփական քաղաքակրթություն, եւ որ ի տարբերություն տարածաշրջանի մի շարք ժողովուրդների, ինչպես ասորիների, բաբելոնացիների, խեթերի, որոնք պատմության թատերաբեմից իջել են, հայերն ու արաբները դեռեւս շարունակում են իրենց երթը (սա ազդեցիկ տպավորություն թողեց): Ներկայացրի դարերի խորքից եկող հայ-արաբական, հայ-եգիպտական միջպետական հարաբերությունների իրողությունը: Առաջինը Տիգրան Մեծի շրջանում էր, երբ հայկական կայսրությունն այնքան հզորացավ, որ մ. թ. ա. 85 թ. կարողացավ երկրի կայսրությանը կցել արաբական մեզ հայտնի ողջ աշխարհըՙ Միջագետքը, Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Հորդանանը, Հրեական պետությունը, եւ հայկական սահմանները հասան մինչեւ Եգիպտոս: 2-րդ փուլն այն էր, որ հայերը VII դարում հայտնվեցին Արաբական խալիֆայության կազմում եւ մոտ 2 դար մնացին այդ պետության մեջ: Ուշադրություն դարձրի այն հանգամանքին, որ արաբ խալիֆաների քաղաքականությունը հայերի նկատմամբ սկզբունքորեն եղել է հանդուրժողական եւ նրանք նպատակ չեն դրել հայերին ձուլելու կամ կրոնափոխ անելու: Ըստ էության, Հայաստանը խալիֆայության մեջ մտնելուց հետո, հատկապես սկզբնական փուլում ունեցել է գրեթե կիսանկախ պետության կարգավիճակՙ հաստատված 652 թ. հայ-արաբական պայմանագրով: 3-րդ փուլն այն է, որ 885-ին Հայաստանը դուրս եկավ խալիֆայության կազմից եւ վերջինս ճանաչեց հայոց պետականության վերականգնումը Աշոտ I Բագրատունու գլխավորությամբ: Այնուհետեւ 2 ժողովուրդները պատմական պայմանների բերումով ունեցան պետության միեւնույն գոյության ձեւ, երբ 1516-ին արաբները, իսկ 1639-ին Արեւմտյան Հայաստանը հայտնվեցին Օսմանյան կայսրության կազմում: Այսպիսով, մեր ճանապարհները կրկին խաչաձեւվեցին, երկուսիս հիմնական հակառակորդը դարձավ Օսմանյան դաժան ռեժիմը, որը մերձեցրեց մեզ եւ ստեղծեց պայմաններ տնտեսական եւ քաղաքական հետագա համագործակցության համար:

Կարեւոր խնդիր էր նաեւ հայերի ներդրումը արաբական երկրների պետական կառույցներում եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Ինչպես X-XI դարերում ֆաթիմական խալիֆայության շրջանում 2 հայեր, չնայած արաբացված անուններովՙ Բադր ալ Ջամալին եւ իր որդին, դարձան խալիֆայության իսկական կառավարողներ: Նրանք մեծ վեզիր էին, գլխավոր հրամանատար եւ ամբողջ իշխանությունը նրանց ձեռքում էր: Հայերը նման դերակատարություն ունեցել են XIX դարումՙ Լիբանանում, երբ 1861 թ. ստեղծվեց Լիբանանի փոխարքայությունը եւ առաջին փոխարքա եղավ Դաութ (Արթին Կարապետ Դաության) փաշան: 8 փոխարքաներից 4-ը հայեր են եղել, վերջինըՙ 1914-ին Հովհաննես Կույումջյանն էր: Իսկ Եգիպտոսում 1805-ից հայերը Մուհամեդ Ալիի կառավարման օրոք բարձր պաշտոններ են գրավել. Նուբար Նուբարյանըՙ Պողոս Նուբարի հայրը, օրինակ, դարձավ Եգիպտոսի առաջին վարչապետը: Նրան մինչեւ օրս էլ այնտեղ հիշում են:

Բանախոսության մեջ կարեւորված էր նաեւ Հայոց ցեղասպանության նկատմամբ արաբների դիրքորոշման մարդասիրական բնույթը: Եթե չլիներ նրանց օգնությունը, մեր կորուստներն անհամեմատ ավելի շատ կլինեին: Երբ Մուսա լեռան հերոսական դիմադրության մասնակիցները ֆրանսիական նավերի օգնությամբ տեղափոխվեցին եւ Եգիպտոսն ընդունեց նրանց, նախքան հայերիՙ այդ երկրում հանգրվանելը, հենց կառավարության որոշումով Պորտ Սայիդում ստեղծվեց հայերի ընդունման հատուկ ճամբարՙ ապրելատեղով, հագուստով, սննդով ապահովելու նշանակությամբ:

Ավելինՙ երիտթուրքերը կարծում էին, թե Դեր Զորում, Հալեպում արաբները որպես մուսուլման, կարող էին իրենց սեւ գործը շարունակել, բայց սխալվեցին եւ ճիշտ հակառակը եղավ, արաբները օգնության ձեռք մեկնեցին հայերին, եւ շատ հայեր փրկվեցին: Հետեղեռնյան հայ սփյուռքի գոյությունը պայմանավորված է նաեւ արաբների մարդասիրական այս վերաբերմունքով:

Եզրափակիչ մասը վերաբերում էր հայ-արաբական միջպետական հարաբերությունների արդի փուլին, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն եւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, ըստ էության, արաբական բոլոր երկրների հետ, բացի Սաուդյան Արաբիայից: Ընդհանուր եզրահանգումն այն էր, որ պատմությունն արաբներին ու հայերին ոչ թե բաժանում, այլ միացնում է: Քաղաքական, միջպետական, տարածքային կամ այլ բնույթի հակադրություն ծնող որեւէ հարց չկա: Եվ երկու երկրների բարեկամական հարաբերությունները նպաստում են Մերձավոր Արեւելքում Հայաստանի տնտեսական եւ քաղաքական դիրքի ամրապնդմանը:

Այս երկու երկրների միջպետական հարաբերությունների ակտիվացման դրսեւորումներից մեկը 2006-ին Ալեքսանդրիայում տեղի ունեցած գիտաժողովն էրՙ նվիրված հայ-արաբական կապերինՙ հայոց այբուբենի 1600-ամյակի առթիվ: Գիտաժողովը տեղի ունեցավ Ալեքսանդրիայի գրադարանի նորակառույց հոյակերտ շենքում, որի պատերինՙ արտաքին կողմից քանդակված են աշխարհի ժողովուրդների կարեւորագույն բոլոր այբուբենները, ի թիվս որոնց նաեւ հայկականը: Կոնֆերանսում հայ-եգիպտական անցյալին վերաբերող գիտամշակութային խնդիրների, երկու ժողովուրդների մատենագրության, ձեռագրարվեստի, սկզբնաղբյուրային փոխլրացման անհրաժեշտությունների եւ նմանաբնույթ այլ հարցերի մասին զեկուցումներով հանդես եկան ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Սեն Արեւշատյանը, տողերիս հեղինակը: Կոնֆերանսում հնչած բանախոսությունները հետագայում ամբողջացան եւ հենց այս նույնՙ հայագիտական կենտրոնի բացման օրերին ներկայացվեցին տպագրված անգլերեն տարբերակով:

Հարցազրույցը ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4