«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 32 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ` ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

850 հազար մարդ աղքատ է, 130 հազարը` ծայրահեղ աղքատ

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Աղքատությունը շարունակում է խնդիր մնալ Հայաստանի համար, քանի որ բնակչության 26,5 տոկոսը կամ ավելի քան 850 հազար մարդ աղքատ է, իսկ նրանցից 130 հազարը` ծայրահեղ աղքատ: Այս տվյալները երեկ ներկայացվեցին Ազգային վիճակագրական ծառայությունում տեղի ունեցած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը-2007» վիճակագրական-վերլուծական զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Ի դեպ, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ Հայաստան ՍՊՀՀ ծրագրի, Հայաստանի տարբեր գերատեսչությունների եւ նախարարությունների աջակցությամբ Ազգային վիճակագրական ծառայության պատրաստած զեկույցն արտացոլում է երկրի 2006-ի սոցիալական վիճակը:

Ըստ ուսումնասիրության, որն ամփոփ ներկայացրեց ծառայության տնային տնտեսությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան, հետազոտությունը կատարվել է 5 հազար 184 տնային տնտեսությունների շրջանում` 2006-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը: Հետազոտությունում ընդգրկվել են 29 քաղաքների եւ 112 գյուղերի տնային տնտեսություններ կամ ընտանիքներ:

Վերը նշված 850 հազար մարդկանց աղքատությունը որոշվել է նրանով, որ մեկ չափահաս անձի սպառումը ցածր է եղել ընդհանուր աղքատության գծից, այսինքն` 21 հազար 555 դրամից: Ծայրահեղ աղքատների սպառումը ցածր է եղել սահմանված 14 հազար 300 դրամից:

2004-2006-ի ընթացքում Հայաստանում աղքատությունը նվազել է, համաձայն հետազոտության, 260 հազար մարդ կարողացել է դուրս գալ աղքատությունից, իսկ 75 հազարը շրջանցել է ծայրահեղ աղքատությունը: Դիանա Մարտիրոսովայի ներկայացմամբ, նախորդ տարիների համեմատ կրճատվել է կրթություն ունեցող աղքատ մարդկանց քանակը: Այսինքն, լավ կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է: 2006-ին բարձրագույն կրթություն ստացած աղքատների քանակը կազմել է 14,3 տոկոս, իսկ 2004-ին բարձրագույն կրթությամբ աղքատներն ավելի շատ էին` 19,5 տոկոս: Ստացվում է` կրթվածությունը սկսել է ինչ-որ մի տեղ խրախուսվել. ինչ-որ մի տեղ, քանի որ ցավալի է տոկոսային այդ չնչին տարբերությունը, թեեւ սոցիոլոգներն ու տնտեսագետները այս թիվը բավական որոշիչ կարող են համարել:

Աղքատությունը մարզերում, ի տարբերություն մայրաքաղաք Երեւանի, շարունակում է բարձր տոկոսներ ունենալ: Հայաստանի ամենաաղքատ մարզը մնում է Շիրակի մարզը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 37, 3 տոկոսը: Այսինքն, շիրակցիների 37,3 տոկոսը չի կարողանում հայթայթել սպառման համար նվազագույն 21 հազար 555 դրամը:

Զեկույցը փաստել է, որ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 32,4 միլիարդ դրամ կամ ՀՆԱ 1,2 տոկոսը: Այս գումարը կօգնի սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների հետ զուգահեռ: Ծայրահեղ աղքատության վերացման համար կպահանջվի մոտ 2,7 միլիարդ դրամ կամ ՀՆԱ 0,1 տոկոսը:

Տնային տնտեսությունների սոցիալական վիճակը կամ աղքատության մակարդակն ավելի է բարձրանում երեխաների առկայության դեպքում: Երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքները համարվել են ավելի աղքատ, քան ավելի քիչ երեխաներ ունեցող ընտանիքները: Աղքատության մակարդակն ավելացնում է նաեւ մեծահասակների գոյությունը, ինչը սակայն 2005-ի համեմատ նվազել է: Ավելի աղքատ են համարվել կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունները, քան այն ընտանիքները, որոնք գլխավորում են տղամարդիկ: Եթե ընտանիքից որեւէ մեկը մեկնել է արտերկիր աշխատանքի, այդ տնային տնտեսության կենսամակարդակն ավելի բարձր է:

Զեկույցը պարզել է, որ մեր երկրում տնային տնտեսություններն իրենց եկամուտների 56,5 տոկոսը ծախսում են սննդի վրա, գոնե այդպիսի ցուցանիշ է գրանցվել 2006-ին: Կարելի է պատկերացնել, թե այդ տոկոսը որքան բարձր կլինի 2007-ի ուսումնասիրության ժամանակ` հաշվի առնելով սննդամթերքի ծայրահեղ թանկացումները: Ընդ որում, այդ ցուցանիշի աճը վատ է նաեւ մեկ այլ պատճառով` բնակչությունը կրկին սննդին հատկացրել է իր եկամուտների ավելի մեծ մասը, բայց հաստատ համարժեք չի սնվել գների թանկացման այս պայմաններում: Ընտանիքները ոչ պարենային ապրանքների համար ծախսել են իրենց եկամուտների 14 տոկոսը, ծառայությունների համար` 24,5 տոկոսը: Այսինքն, եկամուտների մեկ երրորդը ստիպված ենք վճարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի եւ մյուս ծառայությունների համար:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտնեց, որ «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցը 8-րդն է վիճծառայության ամենամյա համանուն զեկույցների շարքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4