«Գաբոնե» պատկերասրահը 2007-ը եզրափակում է խմբակային աշխատանքների ցուցադրությամբ, որոնց մեջ նաեւ նախորդ ցուցահանդեսի հեղինակիՙ Թենգիզ Միկոյանցի մի քանի գործերով: Նրա անհատական ցուցահանդեսը Հայաստանում առաջին անգամ ներկայացրեց «Գաբոնե» պատկերասրահը եւ ըստ պայմանավորվածության, նրան է պատկանում այս նկարչի աշխատանքների ցուցադրման մենաշնորհային իրավունքը Հայաստանում, բացառությամբ, իհարկե, առանձին հավաքածուորդների ցանկության: Մինչ այդ Թենգիզը թիֆլիսահայ նկարիչների խմբակային ցուցահանդեսով ներկայացել էր Երեւանի Ջոտտոյի թանգարանում, եւ ցանկություն հայտնել Երեւանում անհատական ցուցահանդես բացելու:
Քանի որ անձնական պատճառներով նկարիչը ստիպված է եղել վերադառնալ Թբիլիսի, ցուցահանդեսը նախապես հայտարարվածից (դեկտեմբերի 8-22-ը) ավելի կարճ տեւողություն ունեցավ: Ցուցահանդեսի հովանավորներն էին Վրաստանում ՀՀ դեսպանատունը եւ Հայ եկեղեցու Վրաստանի թեմը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նկարիչներ, մտավորականներ, համակիրներ, մի շարք դեսպաններՙ Անգլիայի, Բրազիլիայի, Լիբանանի, ինչպես նաեւ ներկայացուցիչ ՄԱԿ-ից: Ելույթներ են ունեցել վրացահայոց թեմի մշակույթի բաժնի ղեկավարը, Ջոտտոյի թանգարանի տնօրենը, Եղիա Մանսուրյանը: Թենգիզ Միկոյանցին ներկայացրել են որպես վրացական արդի նկարչության լավագույններից մեկի: Անգլիայի դեսպանի տպավորությամբ Թենգիզի նկարները ոնց որ արեւՙ ձմեռային ցրտի մեջ: Իսկ նկարիչներից մեկի կարծիքով, Թենգիզը ազդված է ֆրանսիական կերպարվեստից, հատկապես լայն տարածում գտած «փողոցային կյանքի» շարժումից:
Թենգիզ Միկոյանցը ծնվել է Վրաստանում, ուսանել նախՙ Թբիլիսիի Թոիձեի գեղարվեստից ուսումնարանում, ապա գեղարվեստից պետական ակադեմիայում: 1998-ից մասնակցել է հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների, ունեցել է անհատական մի շարք ցուցադրություններ Թբիլիսիում, Մոսկվայում, Երեւանում: Իր աշխատանքներով հետաքրքրվել են արտերկրի նկարահավաքներՙ Գերմանիայից, Հունաստանից, Անգլիայից, Թուրքիայից, Ռուսաստանից: Երեւանյան ցուցահանդեսն էլ այս առումով նպաստավոր է եղել. վաճառվել են մի քանի աշխատանքներ:
Մի շարք աշխատանքների մեջ հետաքրքրականը հին Թիֆլիսի քաղաքային պատկերների յուրահատուկ շրջանակներն էին: Այդ ինքնատիպությունը շրջանակների լայն մակերեսները կոլաժավորելու մտահղացումն էր: XIX դարի եւ XX դարասկզբի Թիֆլիսում լույս տեսած թերթերից շրջանակներին փակցված խունացած հատվածները (օրինակ, Ներսիսյան դպրոցի բացման մասին տեղեկություն, լուսանկարներՙ դրամներ եւ այլն) ասես լրացնում են հին Թիֆլիսիՙ կտավին վերարտադրված գեղանկարչական իր պատկերացումները:
Պատկերասրահում եղած աշխատանքների տպավորությամբ Թենգիզը կերպարվեստի ավանդական մոտեցումների ու ոճի շարունակողներից է, ժամանակակից կերպարվեստին բնորոշ տարրերը իր մոտ բացակայում են: Գունապատկերային մակերեսների հարթության մեջ ակնհայտ է գունային հակադրությունըՙ կարմիրի, դեղինի, կապույտի, նարնջագույնի վառ արտահայտչականությամբՙ երբեմն էլ գունաֆոնի մութՙ սեւի ու գորշավունի ազդեցությամբ եւ թանձր քսվածքներով մռայլ տրամադրություններ է ստեղծվում: Գերակշռողը, իհարկե, թեմատիկ առումով հին Թիֆլիսի քաղաքային տեսարաններն ենՙ երկհարկանի տներն իրենց փայտե ճաղավոր պատշգամբներով, նեղլիկ փողոցները, դուքանները, ֆայտոնները, մեկ-երկու չորացած ծառերՙ հնի մթնոլորտ ստեղծող պատկերներ:
Գունապատկերային արտահայտչականությամբ աչքի են ընկնում Թենգիզի նատյուրմորտները, որոնք նախորդի տարբերությամբ գույնի նկատելի թափանցիկություն ու լույսի խաղ են կրում:
Ինչպես ցուցահանդեսի բացմանն է ասվել, Թենգիզ Միկոյանցի այս ցուցադրությունը խոստումնալից սկիզբ է հայ եւ վրացի նկարիչների աշխատանքների ավելի ինտենսիվ ներկայացմանՙ ինչպես Հայաստանում, այնպես էլՙ Վրաստանում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ