Հայաստան-Թուրքիա եւ հայ-թուրքական հարաբերությունները, գոնե մինչեւ տեսանելի ապագա, մեզ համար լինելու են հրատապ: Այդ հարաբերությունների ուսումնասիրումը, պատմական, քաղաքագիտական ու տնտեսագիտական բազմակողմանի վերլուծումները, բանավեճերն ու մտքի ընդհարումներն ավելի քան անհրաժեշտ են Թուրքիայի նկատմամբ պետական ճիշտ քաղաքականություն մշակելու համար: Պայմանով, որ դրանք լինեն տաբուներից, 100-ամյա շաբլոններից, կուսակցականացված պատմաշինություն-փաստաշինությունից ձերբազատված:
Այս իմաստով օրերս «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումները, անկախ իրենց բովանդակությունից, լավ նախադեպ էին տեսակետներն ի մի բերելու (ափսոս, որ հրավիրյալ թուրքերը փաստորեն մերժեցին մասնակցել), հետագայում այլեւայլ մակարդակներում ու շրջանակներում ավելի խորքային ու մասնագիտական քննարկումներ անցկացնելու իմաստով, օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ:
Այո, հայ քաղաքական միտքը ստիպված է այսօր, ինչպես երեկ, միջպետական հարաբերություններում առանձնահատուկ ուշադրության առարկա դարձնել Թուրքիայի հետ հարաբերությունները, ճակատային, համարձակ ակնարկով ընդգրկել դրանք: Պետք չէ մտածել, որ քանի չկան նորմալ միջպետական հարաբերություններ այդ երկրի հետ, ապա պետք չէ զբաղվել այդ հարցով: Նման հարաբերությունների չգոյությունն այսօր բնավ չի նշանակում, որ վաղը դրանք նույնպես չեն լինելու: Ընդհակառակն, այդ հարաբերությունների այսօրվա չգոյությունը ճիշտ ըմբռնելու համար պետք է քննել դրանց երեկվա պատճառները նաեւ: Օրինակ, այդ ինչպե՞ս է պատահում, որ շուրջ 85 տարուց ի վեր հայ-թուրքական սահմանը գործնականում մնում է փակՙ հակառակ աշխարհացունց փոփոխություններին, որոնք Եվրոպայում ու մերձեվրոպական տարածքներում բացեցին կամ վերաբացեցին մյուս բոլորՙ ամենաամրափակ սահմանակետերն անգամ:
Իսկ անցյալով զբաղվում է պատմագիտությունը, որն այս պարագայում, հայ-թուրքական հարաբերությունների լարվածության գագաթնակետինՙ 1918-23-ը տեղի ունեցած դեպքերին դեռեւս չի անդրադարձել գիտական-վերլուծական բավարար մակարդակով: Խոսքը վերաբերում է Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններին, որոնց սկիզբը դրվեց 1918-ին, երբ մեր երկիրը հրաշքով ձեռք բերեց իր անկախությունը, ունեցանք մեր առաջին պետականությունը, որը, մնալով բոլշեւիկյան մուրճի ու թուրքական սալի միջեւ (ինչպես բնութագրել է Ս. Վրացյանը, թեեւ ճիշտ կլիներ մուրճն ու սալը իրար միջեւ փոխատեղում կատարեին), ընդամենը 2,5 տարվա կյանք ունեցավ: Բայց 80 տարի դեռ մեր պատմագիտությանը չի հաջողվում այդ անկման «ինչուն» եւ «ինչպեսը» գիտականորեն ներկայացնել, պատասխանել նաեւ այն հարցին, թե ինչպես հայտնվեցինք սալի եւ մուրճի արանքում: Հաճախ խանգարում է կուսակցականությունը: Ութ տասնամյակ արդեն մեր պատմաբանները, բաժանված հակադիր 2 ճամբարներիՙ սովետական եւ դաշնակցական, փոխադարձ մեղադրանքներով շարունակել են պատմություն գրել, իսկ եթե այսօր զերծ են մնում փոխադարձ մեղադրանքներից (Սովետական Միությունն այլեւս չկա), դա ամենեւին էլ չի նշանակում, որ հայ պատմագիտությունը հանգել է գիտականորեն համոզիչ ինչ-որ եզրակացության:
Այս իմաստով կարեւոր ներդրում է պատմաբան Կտրիճ Սարդարյանի «Հայաստանը համաշխարհային հեղափոխության արեւելյան խաչմերուկում» վերնագրով աշխատությունը («Նաիրի» հրատարակչություն, 2007 թ.), որն իր առաջ խնդիր է դրել բացահայտելու Հայաստանի Ա Հանրապետության դեմ թուրք-բոլշեւիկյան դավադրության ներքին ծալքերը, խորամուխ լինելու տարածաշրջանային ասպարեզում քեմալական Թուրքիայի ազգային վերազարթոնքի եւ համաշխարհային շավիղներում լենինյան Ռուսաստանի հեղափոխականության միջեւ գոյացածՙ մեզ համար ճակատագրական դաշինքի էության մեջ, դրա հակահայ դրսեւորումների մեկնաբանության, եւ այդ դաշինքի արանքում հայտնված հայկական քաղաքական ու դիվանագիտական մտքի տհասության, մեր ռազմական պարտությունների պատճառների մեջ: Եվ այս ամենըՙ արխիվային շռայլ նյութերի օգտագործմամբ:
Հայտնի է, որ 1980-ականների վերջերին կրկին օրակարգային հարցի էր վերածվել հայկական նոր պետականության ստեղծման խնդիրը, տարբեր պատմաբանների համար բանավեճի առարկա էին դարձել դրսեւորվող նոր մոտեցումները, որոնց շարքինՙ «երրորդ ուժի բացասման» կոչերը, որոնք անմիջապես պիտակավորվել էին «ՀՀՇ-ական» կամ «հակառուսական», առանց անդրադառնալու, մյուս կողմից, որ ամենեւին կարիք չկար «գնացքից թռչելու», քանի որ շուտով գնացքը կանգ էր առնելու եւ ընդհանրապես դադարելու էր գոյություն ունենալուց, եւ մենք հայտնվելու էինք, 83 տարվա մեջ 2-րդ անգամ, ազգային պետականություն ստեղծելու քաղցր, միաժամանակ վտանգավոր հարկադրանքի առջեւ: Միաժամանակ զարգանում էր, այդ օրերին, «երկրորդ ուժի» հետ համագործակցելու դեռեւս չհիմնավորված եւ հետագայում չարդարացված մի ձգտում, որը հեռու էր քաղաքական իրատեսությունից: (Ավա՜ղ, այդ չարդարացված ձգտումն այսօր էլ վերակենդանանալու նշաններ է ցույց տալիս ՀՀ առաջին նախագահի վերջին ելույթներում): Մինչդեռ քաղաքական կամքին զուգահեռ հարկավոր էր պատմագիտական մտքի արագ միջամտությունՙ պիտակավորումներից զերծ ու ձերբազատ քննելու, գիտական գնահատական տալու այդ օրերի նոր տվյալներինՙ անցյալի փորձառությամբ ու դասերով, նոր մոտեցումները մաքրելով այդ օրերի մոդայիկ հակառուսականությունից, մի կողմից, եւ թուրքական ծովը չտեսած բոբիկանալու շուտիկությունիցՙ մյուս կողմից: Թերեւս բացառություն կազմեց «Գարուն» ամսագրի 1990-ի 4-րդ համարում «Համաշխարհային հեղափոխության արեւելյան խաչմերուկում» վերնագրով Կ. Սարդարյանի հոդվածը, որը կազմում է գրախոսվող գրքի վերջին գլուխըՙ «Վերջաբանի փոխարեն»-ը:
Վեց մասի է բաժանել հեղինակն իր 254 էջանոց գիրքը, որը ծածկում է առավելաբարՙ Առաջին Հանրապետության ամենաբախտորոշՙ 1920-ի անցքերը, սկսելով մայիսյան իրադարձություններից, որոնց արդյունքում, ըստ հեղինակի, հնարավոր էր Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը, ինչը չարվեց ոչ միայն դեռեւս մարտունակությունը պահպանած հայոց ազգային բանակի առկայության պատճառով, այլեւ Մոսկվա-Անկարա հակահայ դավադրությունը 7 ամիս հետո ի կատար ածելու, Հայաստանի Հանրապետությանը որպես «իմպերիալիզմի գործակալ» ցույց տալու նպատակով, ինչի արդյունքում կազմալուծվեց հայկական բանակը (հայ զինվորն ու սպայական կազմը հոգեբանորեն պատրաստ չէին կռվելու ռուս-բոլշեւիկյան ուժերի դեմ) եւ Քարաբեքիրը գրեթե անարգել արշավեց մինչեւ Ղարաքիլիսայի մատույցները եւ 60 հազար քառ. մետրի վրա տարածվող երկրից Ալեքսանդրապոլի պայմանագրով մնաց ընդամենը 12 հազար քառ. մետրանոց մի տարածք, մինչեւ Մոսկվա-Կարսի պայմանագրի կնքումը:
Գրքի առաջաբանում, որը հեղինակը վերնագրել է «Մուտք», գլխավոր շեշտադրումը «հայրենիք» եւ «պետականություն» հասկացությունների տարբերությանը եւ հայ իրականության մեջ դրանց շփոթությանն է վերաբերում: Դրանք շփոթվում են առայսօր, երբ հայ նոր պետականությունը շուտով թեւակոխելու է արդեն իր 16-րդ տարին:
Առայսօր «Էրգիրն այնտեղ է» արտահայտությունն օգտագործվում է ի հակադրություն 29.900 քառ. կիլոմետրի վրա տարածվող մեր պետականության, ոչ միայն հայրենասիրական քեֆերի ընթացքում, այլեւ պետական գործիչների մտերմական զրույցներում: Առայսօր շատ-շատերն են շփոթում պետություն եւ իշխանություն, պետականություն եւ կառավարություն հասկացությունները: Շատ-շատերը պատրաստ են, անգամ պետական բարձրագույն գործիչներ, օրինակՙ իրենց տան կցակառույցի անլույծ վեճերը կամ ընտրությունների արդյունքները վիճարկել Եվրոդատարանում կամ մյուս կառույցներում, պատճառաբանելով, թե, իբր, մենք այդ կառույցների... հիմնադիրներից ենք: Ինչպես ժամանակին դիմում էին Մոսկվաՙ Կրեմլ, Թիֆլիսՙ փոխարքային, Ստամբուլՙ Բարձրագույն Դռան, Փարիզՙ Վեհաժողովին, եւ Տիզբոնՙ արքայից-արքային:
Հեղինակը, իրավամբ, այդ շփոթի մեջ է տեսնում մեր ազգային դժբախտությունների, ընդհուպ պետականության եւ տարածքների կորստի պատճառը: Այս գլխում, արդեն հրապարակախոսական շնչով, Կ. Սարդարյանն իրար հետեւից շարում է փաստերն ու հարցադրումները: «Քանի դեռ հայրենիքի մի մասի վրա ստեղծված պետությունը բախվում էր կորցրած հայրենիքի տեսլականին,- գրում է նա,- չէր կարող խոսք լինել պետական քաղաքականության մասին»: Ու հենց դրա հետեւանքով, ժամանակի մեր պետական գործիչները գերոգեւորվեցին Թուրքիայի պարտության փաստով, Ստամբուլից հետ կանչեցին Հայաստանի պատվիրակությանը, խզեցին հարաբերությունները այդ երկրի հետ (հակառակ պարտված թուրքերի ու գերմանացիների զգուշացումներինՙ թե ճիշտ է, պատերազմում մենք պարտվեցինք, բայց դա ձեր հաղթանակը չէ), որից հետո ամբողջ 1919-20 թթ.-ի, (մինչեւ Սեւրի պայմանագրի կնքման օրըՙ 1920 օգոստոսի 10) իրենց արտաքին ամբողջ քաղաքականությունը կառուցեցին Փարիզի խաղաղության կոնֆերանսից ակնկալությունների վրա, ազդվելով ու ենթարկվելով նաեւ, այսպես կոչված, տաճկահայության պահանջներին, որոնք մարմնավորվում էին Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշայի անձով ու գործունեությամբ: (Ի դեպ, ժամանակն է ազգային այս մեծ բարերարի քաղաքական ապիկար գործունեությանն անդրադառնալու, որի մասին իր խիստ վերապահությունները ժամանակին չի խնայել անգամ ռամկավար գործիչ, հայտնի գրող եւ 1923-ի Լոզանի կոնֆերանսում Գաբրիել Նորատունկյանի հայկական ներկայացուցչության քարտուղար Լեւոն Բաշալյանը):
Այնպես պատահեց, որ Կ. Սարդարյանի գրքի ընթերցանությանը զուգահեռ կարդում էի Փարիզի խաղաղության կոնֆերանսում Հայաստանի պետական պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանի «Օրագրությունը» եվրոպական մայրաքաղաքներում իր հանդիպումների ու «բանակցությունների» մասին: Նրա վկայություններն ապշեցուցիչ ճշգրտութամբ փաստում են Կ. Սարդարյանի հաստատումներն Առաջին Հանրապետության ղեկավարների ցանկատեսական նկրտումների, անիրատեսական քաղաքականության մասին: Եվ դա այն պայմաններում, երբ ոչ միայն Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, այլեւ մեզ գրեթե ճակատագրակից Հունաստանի ներկայացուցիչ Վենիզելոսի նման գործիչները սթափության հորդոր էին հղում Հայաստանի ղեկավարությանըՙ «Ամրապնդեք նորաստեղծ պետությունը եւ բավարարվեք ձեռք բերած տարածքներով»: Իսկ այդ տարածքները 60 հազ. ք. կմ էին այդ ժամանակ, որի «ուղիղ կեսը կորցնելու համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց» հետագայում, ինչպես գրում է հեղինակը:
Գրքի հաջորդ գլուխները նվիրված են մայիսյան իրադարձություններից հետո ռուս-հայկական ձախողված բանակցություններին, Հայաստանը պարտության մատնելու բոլշեւիկյան ծրագրին, Հայաստանի վրա քեմալականների հարձակմանը եւ հուսկՙ Հայաստանի խորհրդայնացմանը: Արխիվային բազմաթիվ նյութերի օգտագործմամբ, որոնց մի մասը թերեւս առաջին անգամ է հրապարակվում, հեղինակը ընթերցողին մանրամասնորեն ցույց է տալիս այն սարսափելի սարդոստայնը, որը հյուսում էին բոլշեւիկներն ու թուրք-թաթարները փոքրիկ Հայաստանի շուրջըՙ այն հեղձամահ անելու եւ ամենավերջին պահին միայն խորհրդայնացման փրկօղակը գցելու դիտավորությամբ: Այս գլուխներում ներկայացված փաստաթղթերից ամենացնցողը եւ ամենաստորը վերաբերում է 1920-ի սեպտեմբերի 1-ին Բաքվում սկսված Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարին, որի սեպտեմբերի 4-ի նիստն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանինՙ որպես «իմպերիալիստական ճակատի գործակալի» պատժելու դավադիր ծրագրին: Զինովեւի գլխավորությամբ Ադրբեջանից, Թուրքիայից, Արեւելքի այլ երկրներից եւ անգամ Աֆղանստանից եկած 1891 պատգամավորներ, որոնց շարքերումՙ Ավ. Նուրիջանյանի եւ Մ. Դովլաթյանի նման ստահակներ (նրանք ընդամենը 22-23 տարեկան էին այդ ժամանակ) մշակում եւ հաստատում են Հայաստանին կապիտուլացիայի ենթարկելու քստմնելի ծրագիրը, ամենայն մանրամասնությամբ ուղենշում հետագա գահավեժ դեպքերի ընթացքը, ներառյալՙ մի կողմից Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջեւան ռազմավարական գիծը կարմիրբանակայիններին եւ ազերիներին զիջելու, իսկ մյուս կողմիցՙ Օլթիի մեր կեղծ հաղթանակին «ի պատասխան» Սարիղամիշից հետո Կարսի դռները առանց դիմադրության Քարաբեքիրի առաջ բացելու ծրագիրը: (Փառք Աստուծո, որ Գարեգին Նժդեհի նման սթափ մարդ գտնվեց, որ չենթարկվեց Երեւանի բյուրո-կառավարությանը եւ Զանգեզուրում վիժեցրեց թուրք-բոլշեւիկյան ծրագիրը): Մնացյալըՙ ողբերգական դեպքերի գահավեժ ընթացք, հատկապես Սեւրի պայմանագրի ստորագրումից հետո, մինչեւ Ալեքսանդրապոլում տխրահռչակ Հեղկոմի ստեղծումը, որից հետո բոլշեւիկները «թուրքական ճիրաններից փրկեցին» Հայաստանի ու հայ ժողովրդի մնացորդացը:
Ափսոսանքով եւ ապշությամբ եմ փակում Կտրիճ Սարդարյանի գիրքը, որը ինձՙ պատմության մշտական ուսանողիս մղում է կրկին մտորումներիՙ ի՞նչ է պետք անել ուժեղացնելու, ամրապնդելու մեր Երրորդ Հանրապետությունը, մեր ազգային պետականությունը:
Վերջում գոհունակությամբ ավելացնեմ, որ հակառակ պատմաբան-քննադատների լռությանը (առայժմ լույս է տեսել միայն մեկ գրախոսությունՙ «Հայաստանի Հանրապետութիւն» թերթում), Երեւանի գրախանութներում, որտեղ սովորաբար պատմագիտական գրքերն այս օրերին գրեթե չեն վաճառվում, Կ. Սարդարյանի «Հայաստանը համաշխարհային հեղափոխության արեւելյան խաչմերուկում» գիրքը ընթերցողների շրջանում հատուկ ուշադրության է արժանանում: Կարծում եմ, դա լավագույն գնահատականն է հեղինակին իր այս կարեւոր աշխատության համար:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ