Ասում է վարչապետ Սերժ Սարգսյանը
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ներկա գտնվելով ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ամբիոնում տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի բացմանը, նշեց, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները գերակայություն են գիտության ոլորտի համար: Կենտրոնը, որ ստեղծվել է 2007-ի փետրվարին` ԵՊՀ ռեկտորի առաջարկով եւ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, խնդիրներ է դրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, թրեյնինգային, շարունակական կրթության ծրագրերի եւ առանձին դասընթացների իրականացման, նաեւ բնագավառի գիտահետազոտական աշխատանքների կատարման, համալսարանական կրթության կառավարման եւ որակի ապահովման տեղեկատվական համակարգերի մշակման եւ ներդրման, ինչպես նաեւ ԵՊՀ տեղեկատվական ցանցի շահագործման եւ զարգացման գործում:
«Կրթությունը եւ գիտությունը մեր կառավարության համար գերակայություն են, արդեն փաստ է, որ առանց գիտելիքի մենք չենք կարող զարգանալ: Մենք պետք է բարելավենք կրթության որակը, եւ ելույթներում բազմաթիվ անգամ ասել եմ` մենք ամեն ինչ պետք է անենք մեր կրթօջախների համապատասխանեցման չափանիշը հասցնելու գոնե միջին եվրոպական կրթօջախների չափանիշներին, իհարկե, սա դժվարին աշխատանք է, բայց չպետք է մոռանանք, որ ընդհանուր մակարդակի զարգացման հետ մենք պետք է խրախուսենք ամենատաղանդավորներին: Եվ պետությունը պետք է հնարավորություն գտնի իր միջոցների հաշվին` ոչ թե բարերարների, չնայած մենք երբեք դրանից չենք հրաժարվել, մարդկանց կրթի, հնարավորություն տա ամբողջովին բացահայտելու իր ունակությունները», ասում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Կենտրոնը զբաղվելու է գիտական աշխատանքների մշակմամբ, աշխատելու է նաեւ արտասահմանյան դրամաշնորհներով:
Վարչապետն անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին եւ մասնավորապես «Գելափի» հրապարակած վերջին արդյունքներին ասաց, որ ուսումնասիրություններում իր համար ամենակարեւորը թեկնածուների վարկանիշը չէ, այլ այն, որ հնարավորություն է տալիս իմանալու հասարակության, ժողովրդի տրամադրությունները, հնարավորություն է տալիս ճշտելու աշխատանքի ուղղությունները, ավելի ուշադիր լինելու այն փաստերի նկատմամբ, որոնք հասարակության, ժողովրդի ուշադրության կենտրոնն են. «Ահա այս առումով բոլոր սոցիոլոգիական հարցումները չափազանց օգտակար են: Բավական երկար ժամանակ օգտագործում ենք այդ փորձը, որը աշխարհի բոլոր երկրներն էլ օգտագործում են: Այդ առումով շնորհակալ ենք այն կազմակերպություններին, ովքեր վճարում, իրականացնում եւ մեզ են տրամադրում այդպիսի արժեքավոր նյութեր»:
Հարցին, թե ինչ մեկնաբանություն կարելի է տալ Վահան Հովհաննիսյանի այն կարծիքին, թե չի կարելի վստահել «Գելափի» տվյալներին, քանի որ պատվեր է եւ ով ինչքան վճարում, այնքան ստանում է, վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես որեւէ հիմք չունեմ կասկածելու Վահան Հովհաննիսյանի ասածներին եւ համոզված եմ` իրոք, ինքը չի հավատում այդ հարցումների արդյունքներին, հակառակ պարագայում արդեն չէր շարունակի պայքարը կամ գոնե մի քիչ կմեղմացներ իր կոշտ դիրքորոշումը: Մենք կարող ենք չհավատալ սոցիոլոգիական հարցումներին, մենք կարող ենք հեքիաթներ պատմել աշխարհահռչակ ընկերություններին Սերժ Սարգսյանի կողմից կաշառքներ տալուն եւ գնելուն, բայց դրանից ոչ սոցիոլոգիան կկատարի իր խնդիրները եւ ոչ էլ այդ ընկերությունների ներկայացուցիչները կկատարեն` հումորով վերաբերվելու այդ հեքիաթներին: Խնդիրն այն է, որ մարդիկ մեր երկրի մասին կարծիք են կազմում նաեւ քաղաքական գործիչների հայտարարություններով: Ինչ վերաբերում է պատվիրատուներին եւ վճարողներին, ապա բոլորիս հայտնի է, որ հարցումները «Գելափին» պատվիրում է ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտը, վճարում է ԱՄՆ-ի զարգացման գործակալությունը: Հետեւությունները թողնում եմ ձեզ»:
Լրագրողներից մեկի մյուս հարցին, որ ՀՀՇ առաջնորդը հայտարարել է, թե իշխանական ուժերը օգտագործում են Կենտրոնական բանկի պահուստները, վարչապետը զարմանքով պատասխանեց. «Վստահ եմ, որ այս ժամանակաընթացքում` մինչեւ փետրվարի տասնինը, այնպիսի բաներ ենք լսելու, որ մղձավանջային երազներում չենք կարող հանդիպել: Բոլոր նրանք, ովքեր շատ թե քիչ գիտեն, թե ինչ է նշանակում Կենտրոնական բանկի պահուստ, կվկայեն, որ այդպիսի բաներն իրականությանը չեն համապատասխանում եւ դա անհնար է անել: Բայց ինչ կարող ես անել: Պետության մասին ՀՀՇ-ի կարծիքը երեւի դա է: Իրենք լինեին` երեւի փորձեին անել: Ուղղակի սա մեկնաբանության կարիք չունի»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ