ԼՂՀ խորհրդարանը երեկվա լիագումար նիստում, որը վերջինն էր այս տարի, ընդունեց 2008-ի պետբյուջեն: Ինչպես եւ սպասվում էր, պատգամավորներից բյուջեի վերաբերյալ առարկություններ չեղան: Նույն բանը հաստատեց նաեւ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, նշելով, որ ԱԺ դեկտեմբերի 19-ի ընդմիջված նիստից հետո կառավարությունը խորհրդարանից ոչ մի առաջարկություն չի ստացել, ինչը ենթադրել է տալիս, որ նախագիծը դրական է գնահատվել:
Իրենց տեսակետները հայտնելով, ԱԺ խմբակցությունների ղեկավարները ընդգծեցին օրինագծի իրատեսական բնույթը եւ համոզմունք հայտնեցին, որ այն արտահայտում է բնակչության կենսական շահերը: Միեւնույն ժամանակ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը որոշ վերապահում արտահայտեց, որ նոր տարվա բյուջեում սոցիալական մասն ու պետական ապարատի աշխատողների աշխատավարձերը զգալի տեղ են զբաղեցնում:
Եզրափակիչ խոսքով հանդես գալով, վարչապետ Արա Հարությունյանը պատգամավորներին շնորհակալություն հայտնեց կառավարության հետ արդյունավետ աշխատանքի համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ տնտեսական ծրագրերի մի մասն իրականացվելու է ոչ թե պետբյուջեի, այլ ներդրումների հաշվին: Մասնավորապես, ըստ վարչապետի, մոսկվաբնակ հայ բարերարներից մեկի հետ պայմանավորվածության համաձայն, Ստեփանակերտի մշտական ջրամատակարարման նպատակով, եռամյա ժամկետի կտրվածքով, կներդրվի 15 միլիոն ամերիկյան դոլար:
«Պետբյուջե-2008»-ն ընդունվեց պատգամավորների համերաշխությամբ. դեմ քվեարկեց միայն մեկ հոգի:
Համաձայն ԼՂՀ սահմանադրության, Ազգային Ժողովը նշանակեց նաեւ Վերահսկիչ պալատի նախագահ: ԼՂՀ նախագահի ներկայացրած թեկնածուն` արդարադատության նախարար Արթուր Մոսիյանը, 24 կողմ, 3 դեմ ձայների հարաբերությամբ նշանակվեց Վերահսկիչ պալատի նախագահ:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ